Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պետրոսյան․ «Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց անբավարար միջոցն է»

Սեպտեմբեր 21,2023 18:04

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի մոտ հրավիրած հավաքում լրատվամիջոցներին ասաց, որ Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակում Հայաստանի իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել, այլ ընդհանրապես ունակ չէ երաշխավորելու ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ «Ավելին, այս իշխանությունն ընդհանրապես այդպիսի ցանկություն չունի։ Դա ակնհայտ է։ Հետեւաբար, մենք ասում ենք՝ առանց իշխանափոխության, որեւէ բան արվել չի կարող։ Բայց միեւնույն ժամանակ նաեւ ասել ենք, որ իշխանափոխությունն ինքնանպատակ չէ։, իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց անբավարար միջոցն է, որից հետո տեղի են ունենալու խորքային փոփոխությունները, որոնք բերելու են այս ճգնաժամի հաղթահարմանը։ Մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ հասարակությունը պահանջում է կոնկրետ գործողություն, առաջնորդություն, բայց, ցավոք, այդ գործողությունները չկան։

Մենք այլեւս հասարակության հետ չենք խոսելու, թե ինչքան ծանր է վիճակը։ Բոլորը դա գիտեն։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչ է լինելու հետո, ով է ստանձնելու պարտավորություն եւ ինչ գործողություններ են լինելու։ Եվ ես հիմա ասում եմ, որ այդ գործողությունների սկիզբն այսօր դրվելու է։ Պետք է շեշտը դրվի այն բանի վրա, որ սա այլեւս ներքաղաքական ճգնաժամ չէ, սա համազգային ճգնաժամ է, որի ժամանակ չեն կարող դրա մեջ ներգրավված լինել միայն մի քանի քաղաքական գործիչներ։ Որեւէ մեկի չեզոքությունը ուղղակի կործանարար է, հատկապես այն մարդկանց, որոնք ունեն հանրային ձայն եւ ձեւավորում են հանրային կարծիք»,-ասաց Սուրեն Պետրոսյանը։

Aravot.am-ի հարցին, թե երեկվա հանրահավաքում հայտարարվեց, որ 30 քաղաքական ուժեր միավորվել եւ երկու հարցում եկել են ընդհանուր  նպատակներ, ինքը որպես նորաստեղծ քաղաքական ուժի ղեկավար՝ ներկա եղե՞լ է այդ հանդիպմանը, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․ «Ես այդ հանդիպմանը ներկա եմ եղել, բայց որեւէ բան ոչ ստորագրել եմ, ոչ միավորվել, որովհետեւ միավորման գաղափար որպես այդպիսին չի եղել։ Համենայն դեպք, իմ այնտեղ գտնվելու ժամանակ։ Կարող է եւս մի հանդիպում եղել է, որին չեմ մասնակցել ձեր եւ ձեր նշած նշած երկու հարցում կոնսենսուս ձեռքբերվել է»,- ավելացրեց նա։

Այնուհետեւ, դիմելով հավաքի մասնակիցներին՝ հայտարարեց, որ այստեղ վայր են դրվում բոլոր կուսակցական դրոշները։ «Մենք ոչ թե միայն խոսելու ենք, այլ անցնելու ենք կոնկրետ գործողությունների եւ կրելու ենք ողջ պատասխանատվությունը բոլոր հնարավոր իրավիճակներում եւ որեւէ կերպ նահանջ չի լինելու։ Սա միայն քաղաքական ուժերի պայքար չէ։ Եթե սա համազգային ճգնաժամ է, իսկ դա իրականում այդպես է, ուրեմն պետք է հասարակության եւ ազգի անխտիր բոլոր շերտերը՝ մշակույթ, սպորտ, գիտություն, կրթություն եւ մյուս ոլորտները, պետք է ներգրավված լինեն այս պայքարում։ Եթե չեն մասնակցում, նշանակում է՝ չկա ճգնաժամ, իսկ եթե կա ճգնաժամ ու չեն մասնակցում, ուրեմն մենք չունենք այդ շերտերը»։

Սուրեն Պետրոսյանը վերջում հայտարարեց, որ ինքը եւ իր համախոհները ԱԺ-ից քայլերթով գնում են Գարեգին Նժդեհի արձանի մոտ եւ այնտեղ անժամկետ հացադուլ են հայտարարում։

Քայլերթի մասնակիցները Գարեգին Նժդեհի արձանի մոտ հացադուլը սկսեցին ժամը 14։45-ին։ «Այս հացադուլը, ինչպես հայտարարեցինք, անժամկետ է, մինչեւ հոգեւորական դասը, մտավորականները, մարզիկները, հասարակության բոլոր շերտերը, այսինքն, ազգի սերուցքը, գան այստեղ։ Նրանց մասնակցությունը հացադուլին պարտադիր չէ։ Սա համազգային ճգնաժամ է եւ ամբողջ հայ ժողովուրդը դրա մասնակիցն է։ Չեզոքություն պահելը ամենամեծ հանցագործությունն է։ Հացադուլի պահանջն է, որ սկսած Վեհափառից, մինչեւ մտավորականներ ու մյուս շերտեր, նաեև սփյուռքի մեր հայրենակիցները, հատկապես մեր անվանի հայրենակիցները, բոլորը գան ու մասնակից դառնան իրավիճակից դուրս գալու գործընթացին։

Այս շարժման արդյունքում, ես արդեն մի անգամ ասել եմ եւ դա անչափ կարեւոր հանգամանք է, իշխանափոխության դեպքում որեւէ պարագայում նախկին վարչակարգերի վերարտադրություն չի լինելու։ Սա մեր հայրենակիցները շատ լավ պետք է իմանան»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930