Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ապագա ունեք: Գեհենի կրակների մեջ

Սեպտեմբեր 21,2023 18:00

Վերջին 3 օրերին զոհվել են արցախցի 200-ից ավելի զինծառայողներ, առնվազն 10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա: Ադրբեջանական զորքը ընդհուպ մոտեցել է Ստեփանակերտին, եւ թե ինչ է դրան հետեւելու, չեմ էլ ուզում գրել:

Այսօր Հայաստանի վարչապետը հանդես է եկել ուղերձով: Ինչ է ակնկալվում, որ այս իրավիճակում պիտի ասի հայկական պետության ղեկավարը: Հավանաբար, պետք է ասեր՝ «փառք ու պատիվ մեր հերոսներին, որոնք մի քանի հարյուր հոգով դիմադրում էին թշնամու 60 հազարանոց զորքին, շնորհակալություն ռուս այն խաղաղապահներին, որոնք, ի հեճուկս իրենց երկրի քաղաքականության, կատարում էին իրենց պարտքը, վշտակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին»:

Իսկ ինչի՞ մասին է խոսում Փաշինյանն այս օրհասական պահին: Ալմա-Աթայի հռչակագրի, որը նրանից իբր պահանջում է Արցախը համարել Ադրբեջանի մաս, եւ իբր հենց դա՛ է Հայաստանի անկախության գրավականը: (Հետաքրքիր է, ինչո՞ւ մինչեւ 2022 թվականը դա նրա մտքով չէր անցնում): «Ձեռի հետ» էլ խաբում է, թե շատերը կոչ են անում այդ «հռչակագրի վրա հիմնված քաղաքականությունից» հրաժարվել: Մինչդեռ Փաշինյանի քաղաքականությունը ոչ մի հռչակագրի վրա էլ հիմնված չէ՝ այն հիմնված է զուտ սեփական աթոռը պահելու եւ սեփական «էգո»-ի ցնորքները բավարարելու վրա: Իսկ այդ ցնորքները կարող են կես ժամը մեկ փոխվել:

Վերջում էլ վարչապետը հավաստիացրել է, որ մենք քայլում ենք խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի ճանապարհով: Երբ ամեն րոպե Արցախում կարող է սպանդ սկսվել, դա հնչում է որպես յուրահատուկ, կասեի՝ սատանայական ցինիզմ:

Դրա հետ կմրցի միայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե նա Արցախում էթնիկ զտման վտանգ չի տեսնում:

Պակաս ցինիկ չեն, իհարկե, նաեւ արեւմտյան լիդերները, որոնք ժամը մեկ կոչ էին անում Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հրաշալիորեն իմանալով, որ դա պարզապես օդի ցնցում է:

Բայց ես չեմ կարծում, որ ստախոսությունը, ցինիզմը, անգթությունը միշտ անպատիժ են մնալու: Պատիժը կգա, եւ, վստահ եմ, շատ շուտով: «Հնար չի լինի ո՛չ խոսքով արդարանալ, ո՛չ վերարկուի տակ պահվել, ո՛չ դիմակավոր՝ կեղծել, ո՛չ երեսպաշտ խոսքերով մոտենալ, ո՛չ շինծու ձեւերով խաբել, ո՛չ կցկտուր բառերով ստել» (Մատյան ողբերգության, ԴԱ):

Ապագա իսկապես կա: Ոմանց համար այդ ապագան գեհենի կրակների մեջ կլինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Коммерсантъ պարբերականից, որը ֆոտոշարքով անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Ի՛նչքան չարության և դաժանություն կա այս մարդու մեջ, ի՛նչպիսի անտարբերությամբ է խոսում մեր Արցախցի քույրերի և եղբայրների մասին։
    Դուք ճի՛շտ եք։ Ինքը այս ամենը չի մարսելու. ” Karma’s bitch”.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930