«Պատերազմով անցած մարդ եք, Ձեր ներդրումն ունեք, բայց այսօր Ձեր կռիվը, Ձեր ամեն ինչը այսօր դարձավ զրո»,- այսօր Եռաբլուր պանթեոնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ճեպազրույցի ժամանակ նման դիտարկմամբ միջամտեց 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողի հարազատ Արսեն Ղազարյանը։
«Ես էլ այս պատերազմում տվել եմ եղբայր, եղբոր տղա։ Հիմա այս վիճակը, որ ստեղծվել է, ես ինձ մարդ չեմ զգում, որովհետեւ զգացի, որ մեզ ոչ մի բանի տեղ չեն դնում, տղերքին սարքում են «ռասխոդնի մատերիալ» ու ինչ ուզում՝ անում են։ Ես Ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ՝ ձեր մեղավորությունն էլ շատ կա: Տես, ասում եք՝ Հայաստան, իշխանափոխություն… ցավներդ տանեմ, էս երկիրը ֆուտբոլի գնդակ չի ՝ էս դաշտից էն դաշտ, էն դաշտից՝ էս դաշտ։ Իշխանություն էիք, էնպես պահեիք էս երկիրն, որ այս թյուրիմացությունը չհայտնվեր, էս ժողովրդի ուղեղը չուտեր, ժողովուրդն էլ միամիտ – միամիտ հետեւից չգնար․․․ Որ ասում էին՝ Նիկոլը գա իշխանության, խնդում էինք, ասում էի՝ լավ, ախպեր, Նիկո՞լը, էս ինչեր եք խոսում: Բայց դուք տվեցիք նախապայման, որ եկավ՝ հասավ էս օրը: Հիմա պնդո՞ւմ եք այսքան մարդու մեջ, որ մեկը հենց Դուք ու Ձեր իշխանությունը ահավոր մեղավոր եք, որ երկիրը հասցրեցիք այն ծայրաստիճան վիճակի, որ մարդիկ տրաքեցին ու ասացին՝ ո՞վ ուզում է իշխանություն լինի, ուզում է՝ գիժ լինի, հոգեկան լինի, թերի զարգացած էմբրիոն լինի, միայն թե սրանք (նախկին իշխանությունները-Ն. Գ.) չլինեն»,- Սեյրան Օհանյանին դիմեց Արսեն Ղազարյանը:
Զոհվածի եղբայրը կարծում է, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան է. «Դավաճանը կարամ ես լինել, դու լինես… թուրքը դավաճան չի կարա լինի, հայը կարա երկրին դավաճանի՝ դավաճան լինի, թուրքն իր ազգի հերոսն է, պաշտամունքն է. էսքան որ ինքն է արել էս ազգին, թուրքն էսքան չի արել: Այսօր էլ փախստականների դեմն է փակում, չի թողում, որ գան. տվեց էլի մսաղացի բերա՞ն: Բա ասում էր՝ 35 հազար մարդ եմ փրկել, նոյեմբերի 9 եմ ստորագրել… Մեղավոր եք, ախպեր, քաջություն ունեցեք, հելեք աշխարհի առաջ կանգնեք՝ բոլորով, ասեք. պարզ ճակատով, ճիշտը խոսալուց լավ բան չկա էս աշխարհում, ասեք՝ ժողովուրդ ջան, սխալ ենք արել: Գռփել ենք, չռփել ենք, ամեն ինչ արել ենք, ախպեր, գլուխներս պատով ենք տվել՝ բերինք հասցրեցինք էս օրվան… թող մարդկանց մեջ ձեզ հասկանան վերջապես: Դու հիմա քեզ վատ զգու՞մ ես, որպես մարդ»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ ցանկացած իշխանություն, որն աշխատում է, ունի եւ դրական, եւ բացասական կողմեր: Ապա, իբրեւ ՀՀ նախկին իշխանության արժանիք, նշեց արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը:
Կարդացեք նաև
«Պահեիք»,- արձագանքեց զոհվածի եղբայրը:
Սեյրան Օհանյանն էլ հավելեց, որ հաղթանակը նախկին իշխանությունների օրոք պահպանվել է, ունեցել ենք արժեքներ՝ պետականությունը, համախմբվածությունը, ինքնիշխանությունը, բանակը եւ ազատագրված Արցախը, Արցախն ու Հայաստանն էլ իրար հետ տարածաշրջանում գործոն են եղել: Ընդունեց, որ թե իշխանությունը, թե ինքը թերություններ ունեցել են, բայց հիշեցրեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 3-ից ինքն էլ չի եղել իշխանության մեջ, դուրս է եկել իշխանությունից, իրեն էլ են բազմաթիվ առաջարկություններ եղել, որոնք մերժել է:
Նա միաժամանակ ընդունեց, որ նախկին իշխանությունների տարբեր բացթողումների շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է գալ իշխանության. «Բայց այն ժամանակ կար Հայաստան եւ Արցախ, անվտանգություն, կար բանակցային գործընթաց, որի շրջանակներում խելացի մարդիկ Արցախի ինքնորոշումն առաջ էին տանում, ամեն օր ամրապնդվում էին մեր պաշտպանությունը եւ բանակը: Հավատացեք, որ մեր բանակն ունեցել է այդ հնարավորությունը եւ պարտավոր էր 44-օրյա պատերազմում իր առջեւ դրված խնդիրը կատարեր: Եթե ոչ հաղթեր, ապա՝ պաշտպաներ: Ես հենց այնպես խոսքեր չեմ ասում: ՊԲ-ն 283 կիլոմետր է պահել, դրանից աջ թեւում է մխրճում եղել, մնացած բոլոր տեղերը պահել են: Այն տեղում, որտեղ մխրճում է եղել՝ Հադրութը, էնտեղ մի քանի զորամիավորումների խնդիր է եւ այդ զորամիավորումների խնդիրը Հայաստանի որոշման, ՀՀ վարչապետի որոշման խնդիր է եղել…»:
Արձագանքելով մեկ այլ ծնողի դիտարկմանը, որ բանակցություններով հարցը չէր լուծվելու, միեւնույն է, պատերազմը լինելու էր, Սեյրան Օհանյանը մանրամասնեց, որ բանակցային գործընթացում եղել է փոխզիջումների խնդիրը ու այդ փոխզիջումներին ինչ-որ մի փուլում հասնելու էին՝ որոշակիորեն մանրամասնելով Մադրիդյան եւ Կազանյան բանակցությունների տարրերը, հիշեցնելով, որ Կազանյան սկզբունքները, որոնցով Արցախը Հայաստանինն էր լինելու, մերժել է հենց Ալիեւը:
Իսկ գլոբալ առումով, Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, նախկին իշխանությունների օրոք Հայաստանն ու Արցախը եղել են միասնական եւ անվտանգ, մինչդեռ, գործող իշխանությունը գալով՝ զրոյացրել է բանակցությունները եւ ասելով՝ «Արցախը Հայաստան է, եւ, վերջ, Նիկոլն ուզում էր ասել՝ ես եմ ձեր բոլորի տերը, ձեր ՊԱՊԱՆ ես եմ. բայց ասելով՝ պապան ես եմ, պապա չես դառնում, պապայի գործ պիտի անես»: Սեյրան Օհանյանի գնահատմամբ, գործող իշխանությունն իր «անգրագիտությամբ, ինչու չէ՝ նաեւ եղել է դավաճանական կեցվածք եւ դա ակնհայտ է», հասցրեց այս իրավիճակին:
Արսեն Ղազարյանը դժգոհ մնաց. «Հարցիս չպատասխանեցիք, արդյունքում: Պտտեցիք-պտտեցիք, էլի որ սաղ մեղավորը սրանք են»:
Սեյրան Օհանյանը շարունակեց՝ ասելով, որ միայն իր համար կարող է պատասխան տալ եւ ինքը գիտի, թե իր կառավարման շրջանում ինչի է հասել նախարարությունում՝ սկսելով հասարակ պատրաստությունից՝ վերջացնելով այն զորահանդեսներով, որոնք բոլորիս պարծանքն էին:
«Վերջացրած լայնածավալ կոռուպցիայով»,- նետեց ծնողներից մեկը:
«Լայնածավալ կոռուպցիա չի եղել»,-հակադարձեց Սեյրան Օհանյանը:
Ծնողը պնդեց. «Եղել է, իմ մայրն անձամբ ձեզ փող է տվել»:
«Դուք ստում եք»,- եղավ Սեյրան Օհանյանի պատասխանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արսեն Ղազարյանի հարցերին անկեղծ պատասխանելու համար Սեյրան Օհանյանն անհրաժեշտ քաջություն չունեցավ։ Նա խուսափեց հստակ քննադատել իր նախկին ղեկավարներին և կոլեգաներին մեր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակը տարիների ընթացքում մսխելու, երկրի պաշտպանունակությունը բավարար վիճակի վրա չպահելու, ընտրակեղծարարության, հովանավորչության մթնոլորտի պահպանման և ամենակարևորը – ոչ կոմպետենտ մարդուն “աճեցնելով” և իշխանությունը նրան փոխանցելով, իրենց մեղքերը ծածկելու պրմիտիվ սցենարն իրականացնելու հարցում։ Եվ այսօր դրանից հմտորեն օգտվում է երկրի քաղաքական դաշտի գլխավոր աճպարարը, իր բազում մեղքերն էլ բարդելով նախկինների վրա և դրա շնորհիվ պառակտում է հասարակությանը, ավելի թուլացնելով նրա դիմադրողականությունը, որպեսզի ինքը մնա ջրի երեսին։
Պատերազմական այս թեհուբոհում չջախջախվելու համար բոլորից պահանջվում է մինչև վերջ անկեղծ լինել ժողովրդի հետ և զղջալ բոլոր գործած սխալների համար, հարգել ու աջակցել մեկը-մյուսին (թող բոլոր քաղաքական գործիչները մեկընդմիշտ հիշեն, որ “սատանի մայլում քյանդրբազություն անելու” եզրույթը հենց այնպես չի մտել մեր ժողովրդի խոսույթի մեջ և քյանդրբազության բացահայտումը երկար չի տևում)։