Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխությունը համահայկական հրամայական է, այսօրվա իշխանություններն իրենց ամբողջությամբ սպառել են. Վարդան Օսկանյան

Սեպտեմբեր 21,2023 16:32

Ուզում եմ ցավակցություններս հայտնել վերջին արհավիրքի հետևանքով մեր Արցախի զոհերի հարազատներին և ողջ հայ ժողովրդին այս մեծ մարդկային և տարածքային կորուստների համար: Չգիտեմ, արդյոք երբևիցե հնարավոր է կամ ե՞րբ է հնարավոր լինելու, որ մենք դուրս գանք այս մղձավանջից, որի մեջ մենք որոշ ժամանակ է, որ ապրում ենք: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Կարծում եմ, այսօր համազգային, համապետական, համահայկական հրամայական է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Այսօրվա իշխանություններն իրենց արդեն ամբողջությամբ են սպառել։ Դատելով այս կորուստներից, զոհերից ու նաև հաշվի առնելով վերջերս Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, կարելի է իսկապես արձանագրել, որ այսօրվա իշխանություններն իրենց ամբողջությամբ սպառել են, ավելին՝ հաշվի առնելով, շարունակվող այն դիրքորոշումը, որը երևի թե Արցախի նկատմամբ և Հայաստանի ճակատագրի նկատմամբ անտարբերության գագաթնակետն է ։

Այո, այսօրվա հրամայականն է Հայաստանում իրականացնել իշխանափոխություն: Դժվարանում եմ ասել, թե իշխանափոխությունը ինչպես է լինելու, դա ընդդիմադիր քաղաքական ուժերի, հայ ժողովրդի, հանրության անելիքն է, ի վերջո դա պետք է լինի հավաքական որոշում, բայց այդ քայլը անելուց ես կարծում եմ, որ չպետք է որևէ կասկած ունենաք, որ իշխանափոխությամբ մենք ճիշտ քայլ ենք անում։ Իշխանությունները և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը հիմնական պատճառներից մեկն են այսօր Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի։

Առիթ եմ ունեցել ասելու, որ Փաշինյանը շատ հեռու էր դիվանագիտությունից, ռազմաքաղաքական հարցերի իմացությունից։ Նրա դիվանագիտական հետևողական սխալ քայլերը բերեցին մեր գլխին պատերազմ, նա չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը և ճիշտ կողմնորոշվել անելիքների առումով: Պատերազմի ժամանակ նույնքան հեռու էր ռազմական հարցերից, ռազմաքաղաքական խնդիրներից, նա չկարողացավ ճիշտ ուղղորդել պատերազմը ու մենք ստացանք ջախջախիչ պարտություն»,- ասաց նա։

Օսկանյանի խոսքով՝ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը մտավ իր սխալներն արդարացնելու փուլ. «Դա ավելի ամրագրեց և խորացրեց այն կորուստները, որ մենք ունեինք պատերազմից առաջ ու հետո։ Նա գնաց իր սխալները արդարացնելու և աթոռը պահելու ճանապարհով, փոխանակ գնար սխալները ուղղելու և իր առաջ դնելու ազգային խնդիրները և պետական շահը և այդ ուղին բերեց, ահավասիկ, այսօրվա վիճակին։ Փոփոխության հրամայականը գալիս է նրանից, որ Փաշինյանը իրոք շատ հեռու մարդ է դիվանագիտությունից ու ռազմաքաղաքական խնդիրներից, իսկ այսօր Հայաստանի ղեկավարի գործոն լինելու նախապայմաններից մեկն այդ երկու հարցերում գոնե նվազագույն հմտություն ունենալն է, բայց արդյունքները ցույց են տալիս, որ Փաշինյանը չունի այդ հմտությունը: Այս տարիների ընթացքում չի էլ սովորել, մի գուցե փորձ էլ չի արել սովորելու: Նա ոչ միայն չկողմնորոշվեց կոնկրետ արցախյան հարցում, ավելին՝ նա այսօր խճճվել է գեոպոլիտիկ, տարբեր քաղաքական ուժերի շահերի այդ խաչմերուկում, նա իսկապես հարցերն այնքան է խճճել, այնքան է բարդացրել Հայաստանի համար, որ հենց իր համար շատ դժվար կլինի այդ իրավիճակից դուրս գալ: Ահավասիկ այդ փոփոխության հրամայականը, կարծում եմ՝ գալիս է այստեղից: Ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ բնական հարց է ծագելու, թե ոնց է լինելու այդ փոփոխությունը, ո՞վ է անելու և այդ նոր եկողները ի՞նչ կարող են անել: Առաջին 2 հարցերի պատասխանը ես չունեմ, ես կարող եմ խոսել «ի՞նչ անելու» մասին որպես քաղաքական ուղի»,-ընդգծեց Օսկանյանը:

Նա անդրադարձավ ընդդիմության կողմից հայտարարված ազգային պետական կոմիտե ստեղծելու հայտարարությանը։

«Եթե քաղաքական ուժերը համախմբվում են այդ գաղափարի շուրջ, միգուցե դա է ճիշտ ուղին, բայց այստեղ ես կազմակերպչական խորհուրդ ունեմ, եթե իրոք գնում եք այդ ճանապարհով, փորձեք այդ խորհուրդը անել հնարավորինս բազմաբովանդակ։

Ներառեք բոլոր այն քաղաքական ուժերին, որ անկեղծորեն հայտարարել են, որ կողմ են իշխանափոխությանը։ Մի նայեք գաղափարական տարակարծություններին, այսօրվա առաջնային հրամայականը իշխանափոխությունն է։ Հրավիրեք բոլորին՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ ինչ վերաբերմունք ունի»,- ասաց նա։

Օսկանյանը խորհուրդ տվեց նաև այդ կոմիտեի մեջ ներառել ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերին։

«Ես չգիտեմ ինչ են մտածում Անդրանիկ Թևանյանը, Վարդան Ղուկասյանը, Հայկ Մարությանը, անպայման նրանց պետք է հրավիրել ու համոզել, որ ներգրավվեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նրանց մանդատն ամենաթարմն է։

Ըստ նախկին արտգործնախարարի՝ ձևավորվող պետական կոմիտեն անմիջապես պետք է լծվի երկրի ներսում և երկրից դուրս՝ Սփյուռքում համախմբման աշխատանքի, բանակի բարեփոխման, արտաքին քաղաքական խնդիրների կարգավորմանը։

«Ես երբեք չեմ առաջարկում ստեղծել մի բանակ, որի առջև խնդիր կդրվի ինչ որ տարածքներ գրավել, ոչ : Այդ բանակի խնդիրը պետք է լինի շատ պարզ, և ես կարծում եմ դա հեշտ է անել, դրա պոտենցիալը կա, պարզապես լրացուցիչ ռեսուրս և աշխատանք է պետք: Այդ բանակի խնդիրը պետք է լինի ամբողջությամբ պաշտպանել Հայաստանի սահմանները : Ես կարծում եմ , շատ կարճ ժամանակում, ուժերի գերլարման դեպքում հնարավոր է անել:

Հաջորդը, որ պետք է անի խորհուրդը՝ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը: Հայաստանը պետք է հայտարարի, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնքան ժամանակ քանի դեռ չեն լուծվել Արցախի ժողովրդի գոյատևման խնդիրները: Հայաստանը պետք է հայտարարի, որ սպասելու ենք մինչև ճանաչումը ՝ տեսնելու, թե ինչպիսի լուծում է ստանալու այդ խնդիրը: Հայաստանը պետք է պնդի, որ այդ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի և նրա ղեկավարության կողմից: Այսօր Հայաստանի Հանրապետությունը լիարժեք իրավունք ունի զերծ մնալու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ունի դրա իրավական և քաղաքական իրավունքը»,-ընդգծեց Օսկանյանն ու մանրամասնեց իրավական իրավունքի դետալները:

Այնուհետև նա խորհրդին հուշեց կարգավորել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ հարաբերությունները, որոնք խճճել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930