Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա գերխնդիրը մարդկանց տարհանումն է: Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել. Գեղամ Բաղդասարյան

Սեպտեմբեր 21,2023 16:16

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը։ Արցախցիների կենսագործունեության համար ոչ մի պայման չկա արդեն, բացարձակապես ոչ մի։ Մարտունի քաղաքի մերձակայքից ազերիները բարձրախոսներով մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին։ Մարտակերտին, որքան գիտեմ, երեք օր ժամանակ էին տվել։ Ստեփանակերտի ծայրամասից (Կրկժանի կողմից) կրակում են քաղաքի վրա։ Բայց ոչ բավարար քանակով մեքենա կա, ոչ էլ վառելիք՝ մարդկանց դուրս բերելու համար։

Շտապ միջոցներ է պետք ձեռնարկել։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային կառույցներին և պահանջեն նրանց ներգրավումը մարդկանց տարհանման գործում։ ՄԱԿ ԱԽ այսօրվա նիստը ամենահարմար առիթն է այդ մասին բարձրաձայնելու։ Հուսով եմ, որ գոնե դա կանեն, գոնե դրանում կհաջողեն, գոնե դրա համար պլոճիկ կունենան։

Առանց միջազգային ներկայության տարհանումն անհնար է, քանի որ մի շարք խոչընդոտներ կան։ Դրանցից ամենակարևորը ռուսների վերաբերմունքն է։ Ռուսներն ուզում են, որ որոշակի թվով մարդիկ մնան, որպեսզի հիմնավորվի իրենց հանցավոր ներկայությունը։ Սա փաստացի պատանդառություն է, և այս մասին պիտի բարձրաձայնել։ Հենց այս նպատակով ռուսներն Արցախում տարածում են, որ իբր Հայաստանը չի ուզում ընդունել արցախցիներին։ ՀՀ իշխանությունները պետք է հստակ, միանշանակ և ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեն, որ պատրաստ են ընդունել մարդկանց։

Կարծում եմ, բոլորն էլ ցանկություն կհայտնեն դուրս գալու, բացառությամբ այն մարդկանց, որոնց հարազատների ճակատագիրը դեռևս անհայտ է՝ նրանք կարող է իրենց կյանքը վտանգի տակ դնելով սպասեն՝ մինչև մի լուր առնեն։ Բայց նրանց էլ պիտի համոզել։

Ամեն ժամն ու ամեն րոպեն թանկ է, անասելի թանկ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930