«Շա՞տ բան է փոխվելու, մենք հիմա կմեռնենք, թե՞ մի տարի հետո: Երեւի այնքան էլ չէ: Շա՞տ բան է փոխվելու, հինգ տարի հետո Հայաստան չի լինի, թե՞ հինգ ամիս հետո: Չեմ կարծում՝ շատ բան է փոխվում: Հա, մի սերունդ կապրի, բայց դա մարդու կյանքի համար բավականին կարճ հատված է: Եթե մենք սենց հիմար մնանք, հավաքարարից մինչեւ երկրի ղեկավարներ՝ վարչապետ, նախագահ, ամիսների կամ տարիների խնդիր է, կործանումն անխուսափելի է լինելու, եթե մենք մեր դեբիլ, թամբալ, պահվածքը չփոխենք ու չսկսենք աշխատել ընդհանուրի համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր Վովա Վարտանովը՝ անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք թշնամին Արցախի հարցը լուծելով կշարունակի լուծել ՀՀ հարցը՝ ի դեմս «Զանգեզուրի միջանցքի»:
Մեր զրուցակցի խոսքով, Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակում, ՀՀ իշխանությունները պետք է անեին այն գործողությունները, որոնք նախապատրաստել էին վերջին երեք տարում. «Ինչ ունենք՝ վերջին տարիների ընթացքում ռազմական բարեփոխումները եղել են շատ դանդաղ, հասարակությունն ավելի պառակտված, իրարամերժ հայտարարություններով ու ատելությամբ լցված»:
Վարտանովի համար հասկանալի չէ, թե ինչու է ՌԴ ղեկավարությունը շեշտադրում այն միտքը, թե իրենք ինչ կարող էին անել Արցախի հարցում, եթե ՀՀ ղեկավարությունը ճանաչել էր Արցախը Ադրբեջանի մաս. «Ռուսաստանի ղեկավարները սրանից մի քանի տարի առաջ հոգնեցին կրկնելով, որ Արցախն Ադրբեջանի մի մաս է: Ենթադրենք՝ մեր գլուխը կախ, մեծամեծերին ենթարկվող կառավարությունն ընդամենը կրկնեց տղա ղեկավարի բառերը: Լավ ասենք, մոգոնեց այդ թեզը ճնշումների տակ, վախկոտության արդյունքում, բա ՌԴ նախագահի հրամանագիրը՝ վավերացված Պետդումայում այն մասին, որ Արցախ ոչ թե խաղաղապահ են ուղարկում, այլ Զինված ուժեր՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, բա դա ո՞նց եղավ: Փաստորեն, ինչ-որ բան քեզ դուր չի գալիս ինչ-որ մեկի մեջ ու դու ոտնահարում ես Դումայի ընդունած հրամանն ու որոշո՞ւմը: Կարճ ասած՝ մահանա էր, մեծ երկրին չսազող կապիկություն:
Ուզում են՝ մեր բնակչությունը դեպի Արեւմուտք շատ չշեղվի՞. դա այնքան հեշտ էր: 102-րդ ռազմաբազայի զինված ուժերը բարձրացնեին ու ուղարկեին օգնելու այն ուժերին, որոնք ՌԴ նախագահի ու Պետդումայի որոշմամբ՝ եկել էին Արցախ խաղաղ բնակչությանը պաշտպանելու: Եթե 102-րդ ռազմաբազան գար ու շարժվեր, իր կողքին հավատացնում եմ՝ ՀՀ ԶՈՒ-ն հավասար կկռվեին: Ոչ մեկը չի ուզում ավելորդ գործ անի, բոլորն ուզում են շագանակները կրակից ուրիշի ձեռքերով հանեն, այդ թվում՝ նաեւ հայերը, հայ զինվորը, հայ մայրը, ռուս պրոպագանդիստը, բայց էքզիստենցիալ վտանգը մեր գլխին է կախված: Նկատի ունեմ՝ կոտորած, մեզ ջնջելու են,եթե չես ուզում ջնջվես, մի բան պիտի անես: Չնայես՝ ռուսն ինչ ասաց, Մակրոնն ինչ ասաց, այ ցավդ տանեմ, գործդ արա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ