Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հիասթափությունը չարտահայտենք հայրենակիցների նկատմամբ ագրեսիայով. Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան պատրաստ է աջակցություն տրամադրել տուժածներին

Սեպտեմբեր 21,2023 15:51

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հայտարարությունը

Հարգելի՛ և սիրելի Արցախի և Հայաստանի հանրապետության քաղաքացիներ,
ստեղծված իրավիճակը բոլորիս համար սթրեսային է և հուսահատեցնող, մինչդեռ հենց հիմա անհրաժեշտ է լինել առավելագույնս հավաքված և սառնասիրտ, քանի որ մեր հայրենակիցները ունեն աջակցության կարիք: Սակայն անզորության, անարդարության, անսահման բարկության պատճառով շատերը դրսևորում են գերհուզական կամ բռնկուն վարք:

Մենք կոչ ենք անում.
1. Խնայել հուզական ռեսուրսներն ու չպարպել դրանք անօգուտ վիճաբանությունների ու մեդիա ակտիվության վրա: Երբեմն բարկացած տեքստ գրելն օգնում է պարպել հույզերը, բայց ավելի հաճախ կոնֆլիկտներ ու անհանդուրժողականություն է ծնում, որոնք առանց այդ էլ ներկա պահին սրված են:
2. Ճգնաժամի շրջանում լինել ավելի զուսպ, չներխուժել այլ մարդկանց անձնական տարածք, հաշվի առնելով, որ յուրաքանչյուրն իր ձևով է ապրում ճգնաժամն, ու պետք է հարգված լինի:
3. Մեր ապրած ջղայնությունը, հիասթափությունը և վիշտը չարտահայտենք մեր հայրենակիցների նկատմամբ ագրեսիայով։ Ստեղծված պայմաններում կենսական կարևոր է լինել միասնական, նույնիսկ եթե շատ սկզբունքային հարցերով միմյանց հետ համակարծիք չեք։
4. Զերծ մնալ նեգատիվ կանխատեսումներից ու տեքստերից, եթե նույնիսկ դրանք ռեալիստիկ են: Հիշեք, որ մարդիկ ներկա պահին հույսի կարիք ունեն, իսկ նման տեքստերը հուսահատեցնում և թևաթափ են անում, էլ ավելի են խորացնում ճգնաժամը:
5. Խուսափել ընկերներին, գործընկերներին կամ բարեկամներին կոպիտ խոսքեր, վիրավորանքներ և կամուրջներ այրող խոսքեր ասելուց: Ժամանակները, իրավիճակները և մեր դրանց մասին պատկերացնումները անընդհատ փոխվում են, իսկ բարեկամությունն ու ընկերությունը պետք է շարունակվեն:

6. Չենթարկվել որևէ կողմի քաղաքական մանիպուլյացիաներին, զերծ մնալ անբավարար տեղեկատվության անպտղաբեր վերլուծություններից, ընդունել տվյալ պահին տիրող անորոշությունը, կենտրոնանալով մեր մտերիմ մարդկանց կարիքների վրա:

7. Ստեղծված իրավիճակի համար չմեղադրել հասարակ քաղաքացիներին, որոնք պարզապես այլ քաղաքական հայացքներ ունեն: Ցավոք, ինտենսիվ լրահոսի ճնշման տակ գտնվելով, մարդիկ հիմնականում չեն հասցնում ձևավորել կշռադատված և հիմնավորված դիրքորոշում, և ղեկավարվում են հիմնականում հույզերով ու պատահական արտաքին գործոններով։ Դա չի դարձնում իրենց դավաճան կամ հայատյաց։

9. Չխորացնել Հայաստանի և Արցախի քաղաքացիների միջև արհեստականորեն ստեղծված անջրպետը: Սա ամենակարևորն է այս պահին:

8. Հոգատար լինել ինքներդ Ձեր հանդեպ, տարբերակել սեփական հույզերը, քանի որ անարդարության զգացումը ծնում է խորը վիրավորանք և բարկություն: Ավելի հաճախ դրա զոհն են դառնում անմեղ մարդիկ:

10. Հաշվի առնել, որ Ձեր խոսքերը, վարքը, գրառումները կարդում են ինչպես հոգեպես առողջ հասուն քաղաքացիներ, այնպես և անկայուն հոգեվիճակում գտնվող մարդիկ, երեխաներ, տարեցներ և հաշմանդամներ, և մեր անզգույշ խոսքերը կարող են բացասաբար ազդել իրենց վրա:

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան հայտնում է իր պատրաստակամությունը տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն Արցախյան դեպքերի արդյունքում տուժած բոլոր քաղաքացիներին։

Մեր մասնագետները տիրապետում են առաջին հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերելու հմտություններին, պատրաստ են ցանկացած պահին և ցանկացած իրավիճակում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտություններն ի շահ մեր երկրի խաղաղության։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել 091 195679 հեռախոսահամարով, կամ [email protected] էլեկտրոնային փոստով։

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930