Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունից խստորեն պահանջում եմ, որ Բաքվի վարչախմբի կողմից Ղարաբաղում կատարվող վայրագությունների հանդեպ անտարբեր չլինել․ Իրանի խորհրդարանի հայ պատգամավորի ելույթը

Սեպտեմբեր 21,2023 15:30

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի ելույթը ԻԻՀ-ի Իսլամական Խորհրդարանի 20 սեպտեմբերի նիստում

(թարգմանություն պարսկերենից)

Ողջունում եմ երկրի գերապատիվ առաջնորդին, երեք ուժերի հարգարժան ղեկավարներին, Իրանի մեծ ժողովրդին, խորհրդարանի հարգելի նախագահությանը, թանկագին գործընկերներիս, իմ արժանապատիվ ու համեստ ընտրողներին․

Իմ ելույթի առանցքն են կազմելու Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի ու Ղարաբաղի վերջին երեք տարվա անցուդարձերը, Բաքվի վարչախմբի երեկվանից սանձազերծած վայրագ հարձակումները Ղարաբաղի հայության դեմ, որը զուգորդվել է ռուս թվացյալ խաղաղապահների կրավորական ներկայությամբ։

Կասկածից վեր է, որ երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներն ու հիմնական ուղղությունները, համաձայն մեր Սահմանադրության, որոշում են գերապատիվ առաջնորդը և երկրի բարձրաստիճան ղեկավարները․ մյուս օղակներն ու հատկապես Արտաքին գործերի նախարարությունը սոսկ գործադրող են։ Ես՝ որպես իրանցի և Իսլամական Խորհրդարանի պատգամավոր, բնական է, որ ենթարկվելու և աշխատելու եմ մշակված այդ քաղաքականության իրագործման ուղղությամբ, և ուզում եմ մատնանշել մի քանի խնդիրներ․

Ես հետևել եմ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի և ընդհանրապես տարածաշրջանի վերջին տարիների անցուդարձերին, տեղյակ եմ զանազան զգայնությունների մասին և խնդիրը քննարկել եմ տասնյակ մարդկանց հետ։ Ինձ համար պարզ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անցած 30-ամյակին և հիշված պատերազմից առաջ, Հարավային Կովկասի համար համակարգված քաղաքականություն չի ունեցել և ելնելով մի շարք հանգամանքներից մեծ հավանականությամբ տարածաշրջանի կայունությունն ու ստատուս քվոյի պահպանությունը, վստահվել էր Ռուսաստանին։ Մեր հայացքը միայն սևեռված է եղել Պարսից Ծոցին և Միջին Արևելքին, որը ևս մտածելու տեղիք է տալիս։

Մենք երբեք Իրանի ժողովրդին չհայտնեցինք, որ Ղարաբաղի հարցը Ինքնորոշման իրավունքի իրացման հարց է եղել և հակամարտության բռնկումից առաջ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակիչներն օգտվելով Խորհրդային Միության Սահմանադրության ընձեռած հնարավորությունից, ԽՍՀՄ-ի փլուզման օրերին օրենքով քվեարկել են Ադրբեջանի Հանրապետությունից անջատվելու օգտին։ Ադրբեջանը խափանեց այդ խաղաղ ելքը և պատերազմ հրահրեց։

Ապա տարածաշրջանում փխրուն հավասարակշռություն հաստատվեց և Իրանի բացակայության պայմաններում հայտնվեցին այլ ուժեր։ Հիմա ունենք, այն ինչ ունենք։ Իրանն անցնող երեք տարում ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման անհրաժեշտությունը, Ղարաբաղը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս և բազմիցս շեշտել է, որ հանուն Իրանի անվտանգության շահերի՝ տարածաշրջանում ոչ մի սահմանային և աշխարհաքաղաքական փոփոխություն չի հանդուրժելու։

Մեր պետությունը լավ գիտի, որ երբ խոսում ենք մեր անվտանգության «կարմիր գծերի» մասին, դա չի կարող սոսկ մի սահմանային գծի, և այս դեպքում՝ Իրան-Հայաստան սահմանին վերաբերել․ տարածաշրջանի աշխարհագրությունը և հատկապես Հայաստանի յուրահատուկ քարտեզն ու տեղագրությունը (բնագրում՝ տոպոգրաֆիա) փաստում են, որ սահմանային գիծն առանց Սյունիքի և Հայաստանի խորքի առ ոչինչ է։

Իրանն իրեն հեռու է պահում Ղարաբաղում տեղի ունեցող ոճիրներից և հենվում է իր տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա, այն դեպքում, երբ վտանգված է Հայաստանի Սյունիքի մարզը և խոսվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին։ Հիշեցնեմ, որ Թուրքիայի նախագահը երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Ղարաբաղի այս գործողություններին (որոնք, ի դեպ, կատարվում են Ռուսաստանի համաձայնությամբ), հաջորդելու են Զանգեզուրի միջանցքի բացման քայլերը (Թուրանա-ՆԱՏՕ-ական միջանցք):

Փլուզվել է միջազգային համակարգը և նոր համակարգի ձևավորման գործընթացում ակտիվորեն աշխատում է պանթուրանական Թուրքիան․ հայերի 1915 թվականի ցեղասպանությունից հետո, այժմ ընթանում է Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը և Թուրքիան դիրքավորվում է տարածաշրջանում։ Բաքվի վարչակարգը երեք տարի առաջվա պատերազմը սկսեց Թուրքիայի օգնությամբ, Ռուսաստանի թույլտվությամբ, վարձկանների մասնակցությամբ և Սիոնիստական վարչակարգի (Իսրայելի-ՏԴ) ռազմական և տեղեկատվական օժանդակությամբ։ Բաքուն միայն այդ միջոցով հասավ հաղթանակի և կատարեց պատերազմական հանցագործություններ, օգտագործեց ֆոսֆորային ռումբեր, ոչնչացրեց մշակութային կոթողներ և հրապարակեց գերիների մարմինների քառատման տեսագրություններ։

Երկրի գերապատիվ առաջնորդը 44-օրյա պատերազմից հետո հայտնեց, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքները, բայց միջազգային սահմանները պետք է հարգվեն և ապահովվեն տեղի հայերի անվտանգությունը։ Հիմա հարց ԱԳՆ-ին․ Դուք այս ուղղությամբ ի՞նչ եք արել, ի՞նչ եք կարող անել և ի՞նչ եք պատրաստվում անել։ Պետությունից խստորեն պահանջում եմ, որ Բաքվի վարչախմբի կողմից Ղարաբաղում կատարվող վայրագությունների հանդեպ անտարբեր չլինել։ Իմացեք, որ համաշխարհային այս թոհուբոհում, տարբեր ատյաններում Ալիևին արդեն անվանում են ապագա Միլոշևիչ և Սադամ Հուսեյն։ Մեր քթի տակ աճում է մի նոր միջազգային հանցագործ և զարմանալի է, որ մեր Տեղեկատվության (Անվտանգության- ՏԴ) հարգելի նախարարը ասում է, որ Ադրբեջանի հետ մեր խնդիրները լուրջ բնույթի չեն։ Նախարարից սպասելի չէ, որ նպատակահարմարությունն այսպես անփույթ բառապաշարով է արտահայտում։ Հիշեք, որ մենք հանուն մեր տարածքների անվտանգության, ԴԱԻՇ-ի (ISIS-ՏԴ) ուժերին ջախջախել ենք Իրաքի և Սիրիայի խորքերում, բայց հիմա մեր երկրի հյուսիսում հանդուրժում ենք վարձկանների ներկայությունը, սուտն ու Սիոնիստական վարչախմբի խափանարար աշխատանքները։ Լավ գիտեք, որ Ռուսաստանը հենց 44-օրյա պատերազմի նախօրյակին երկրի (Իրանի-ՏԴ) բարձրագույն ղեկավարներին հայտնել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»ի անհրաժեշտության մասին․ միջանցք, որի մասին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունում որևէ հիշատակում չկա։

Եզրակացնենք․ առաջին՝ պատերազմը բռնկվեց և Ձեզ ստել էին։ Երկրորդ՝ Ռուսաստանը և Թուրքիան թուրանական միջանցքից ունեն հանրային շահ, կատարեք անհրաժեշտ քայլեր և հուսով եմ Հայաստանի իշխանությունները ևս խելամիտ գտնվելով, Իրանի հնարավորություններն աչքաթող չեն անի։ Երրորդ՝ պատմական այս անցուդարձերում, գիտակցելով Իրանի դիրքն ու ազգային շահերը, աշխարհի հայերը Իրանից ակնկալում են կատարել իր հավասարակշռող և անվտանգային կարևոր դերը։ Իրանը միշտ էլ ցեղասպանության դեմ է եղել և հիմա էլ չպետք է լռի․ Մեծ Իրանը չպետք է միայն հենվի իր փառահեղ անցյալի, քաղաքակրթության և մշակույթի վրա, այլ հիմա ևս պետք է կատարի իր վեհ առաքելությունը, արդարադատությունը և մարդկային բարձրագույն արժեքների ի կատար ածելու տեսլականը․ այդ սկզբունքները ներառված են նաև ԻԻՀ-ի Սահմանադրությունում։

Մարդկային իրավունքն ու վեհ արժեքներն այժմ վայրագորեն ոտնահարվում են Ղարաբաղում․ հիշեք, որ ասում էինք՝ եթե Սիրիայում ու Իրաքում չկռվենք ԴԱԻՇ-ի դեմ, ապա պարտավորված կլինենք կռվել Թեհրանում։ Հիմա էլ Բաքվի ոճրագործներն ու վարձկանները Թավրիզի, Ղազվինին, Թեհրանի և երկրի արևմտյան նահանգների նկատմամբ հավակնություն են ցուցաբերում։

Չեմ ցանկանում համաշխարհային և տարածաշրջանային այս խառնակ օրերին և ներքին լարված պայմաններում, սիրելի Իրանին պատերազմի մեջ ներքաշված տեսնել, բայց օրակարգում մեր ազգային անվտանգության հարցն է։ Մեր անվտանգությունը միայն աշխարհագրության դասագրքերում դասավանդվող երկրի ու հարևանների քարտեզներով չի ճշգրտվում:

Թարգմանեց Տիգրան Դավուդյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930