Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի վարչապետ կոչեցյալն անգամ կարեկցանքի մեկ բառ չասաց Արցախի ժողովրդի ու զոհերի մասին»․ Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 21,2023 14:28

«Գիտե՞ք չէ, թե ինչ օր են արցախցիները ադրբեջանցիների հետ բանակցում, այսօր սեպտեմբերի 21-ն է, եւ պետք է տոնեինք մեր անկախության օրը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետություն անկախություն ձեռք է բերել Արցախով։ Արցախյան շարժումն է հիմք հանդիսացել, որ այնուհետեւ սեպտեմբերի 21-ին մենք մեր անկախությունը կերտենք։ Եվ այսօր ՀՀ անկախության օրը Փաշինյանն Արցախն ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին։ Կարելի է ասել՝ մեր անկախության վրա մի մեծ քար նետեց։ Եվ այսօր, փոխանակ մեկս մյուսին շնորհավորենք, մեր ժողովրդին ցանկանանք հաջողություններ, այսօր ինչ տրամադրությամբ ենք գալիս Եռաբլուր»։

Նա նշեց, որ իր կարծիքով՝ Արցախում մեկօրյա ռազմական գործողությունները որոշակի հանկարծակիություն են ունեցել։ Բայց ռազմաքաղաքական գործիչները պարտավոր էին գնահատել իրավիճակը եւ համապատասխան պաշտպանության մակարդակի բերել Պաշտպանության բանակը։

Մյուս կողմից, նրա խոսքով, Արցախի ՊԲ-ն հերոսությունների դրվագներ է ցուցաբերել ադրբեջանական 60 հազարանոց զորքի դիմաց։ «Իրենք պաշտպանում են իրենց հայրենիքը մինչեւ իրենց վերջին հնարավորությունները»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ Արցախի ժողովուրդն այսօր գտնվում է շատ վատ վիճակում, արհավիրքի, ստորության, ամոթի վիճակում։ «Եվ երեկ իր խոսքում հանրապետության վարչապետ կոչեցյալն անգամ կարեկցանքի մեկ բառ չասաց Արցախի ժողովրդի, զոհերի մասին։ Ինքը դիտորդի դերում է, ասում է՝ մենք հավատարիմ ենք նրան, որ գնում ենք խաղաղության, մենք տեր ենք 29․8 հազար քկմ-ին։ Ինքը չի տեսնի դա, կտեսնեք, որ Ալիեւի ճնշումները շարունակական են լինելու։ Այդ հանցագործն իր հանցագործ գործունեությունը շարունակելու է՝ ճնշումներ գործադրելով նաեւ ՀՀ իշխանությունների վրա։ Այս պարագայում անընդհատ հանդուրժել, որ փողոցից ինչ-որ մեկը, նախկին թղթակից եկել է իշխանության եւ ինչ ուզում է, ոնց ուզում պտտացնում է այս երկիրը, այս ժողովրդին, անհանդուրժելի է դա, մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ պետք է հեռու տանի այդ մարդուն իշխանության ղեկից»,- նշեց նա։

Օհանյանը հավելեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից որոշում է ընդունվել ստեղծել կոմիտե։ «Եվ ես կոչ եմ անում այսօր երեկոյան գնալ հանրահավաք, որտեղ նաեւ այդ կոմիտեի մասին կասեն։ Երեկ հանրահավաքի ժամանակ էլ նշվեց, որ ընդդիմությունն իր գործունեությունը շարունակելու է եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս»,- հավելեց նա։

Ըստ Օհանյանի՝ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը պետք է իրականացնեն ժողովրդի հետ միասին, ժողովուրդը պետք է հավաքվի խորհրդարանի մոտ ու իր ճնշումը գործադրի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930