Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բաքվի ներկայացրած ցուցակում կարող է ես էլ լինեմ»․ Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 21,2023 13:16

Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Եվլախում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպմանը։ Նա ասաց, որ երեկ հրապարակված փաստաթղթում արդեն ամեն ինչ ասված է, եւ այդ փաստաթղթի շուրջ են բանակցությունները վարվելու։

«Որոշվելու է Արցախի մեր հայ բնակչության ճակատագիրը, բնակչության տեղահանման, Հայաստան տեղափոխելու հարցը։ Շատ մարդիկ կան այսօր, որ քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման համար, բայց ոչ ոք այսօր իրավունք չունի քննադատել, որովհետեւ Հայաստանի իշխանությունները Արցախը թողել են միայնակ։ Եվ դեմ առ դեմ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների դեմ, ընդ որում, նրանց սադրանքների, պատերազմական գործողությունների ներքո, այսօր իրենք բանակցելու են։ Եվ այդ բանակցությունների շրջանակներում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այնտեղ այդ արհավիրքի մեջ մնացած հայ ժողովրդի ճակատագիրը որոշվի։ Իմ տեսանկյունից, կարծում եմ, որ ժողովրդի մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել մայր Հայաստան։ Մի մասը կարող է այնտեղ մնալ, բայց կարծում եմ՝ այն երեք կետերը, որոնք նշված են այդ փաստաթղթի մեջ, դրա շրջանակներում են բանակցությունները գնալու»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ Բաքուն նաեւ ցուցակ է ներկայացրել, Արցախի ամբողջ պատմության ընթացքում արժանիքներ ունեցած մարդկանց հանձնելու վերաբերյալ:

«Հավանաբար կարող է՝ ես էլ այդ ցուցակում լինեմ։ Բայց խնդիրն այն է, որ Արցախի այսօրվա իշխանություններն այդ բանակցություններն այսօր վարելու են։ Եվ ամենակարևոր խնդիրը մեր բնակչության անվտանգության ապահովումն է։ Թե ինչ եզրակացությունների կգան, ինչ որոշումներ կարող են այնտեղ ընդունվել, մենք միայն կարող ենք կանխատեսել։ Կանխատեսումները հետեւյալն են՝ բնակչության զգալի մասը կարող է գալ Հայաստան, ինչ-որ մաս կարող է այնտեղ մնալ։ Ոչ մեկս իրավունք չունենք արցախցու որոշման վրա ազդեցություն գործել, որովհետեւ արցախցուն ՀՀ իշխանությունները թողել են մեն մենակ»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը հավելեց, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով Արցախը հայտնվել է այս վիճակում։ «Եվ ես գտնում եմ, որ այն խաղաղության թեզը, որը վարում է թուրք-ադրբեջանական տանդեմը, դա խորամանկություն է, խաբկանք է հայ ժողովրդի համար,։ Նրանց նպատակը ոչ միայն Արցախն է, այլ նաեւ Հայաստանն է, Հայաստանով ճանապարհներ ունենալն է, միջանցք ունենալն է։ Եվ այդ խաբկանքին կուլ է գնացել Նիկել Փաշինյանը իր վարած քաղաքականության հետեւանքով, մյուս կողմից էլ մենք կարող ենք ասել, որ հանձնել է»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930