Զոհված զինծառայողների ծնողներն այսօր թույլ չտվեցին, որպեսզի Երկրապահ կամավորականների միության անդամներն Անկախության օրվա առթիվ ծաղկեպսակ դնեն Եռաբլուրում։ Վիճաբանություն տեղի ունեցավ։
«Ինչո՞ւ եք կանգնել դավաճանի կողքին»,- հարցրեց ծնողներից մեկը։ «Ես սահմանին եմ կանգնել, հենց հիմա հազարից ավելի մարդ սահմանին կանգնած է, հազարից ավելի երկրապահ սահմանին է կանգնած»,- ասաց ԵԿՄ ներկայացուցիչը։
Զոհված զինծառայողների ծնողները նրանց կոչ արեցին հեռանալ Եռաբլուրից։ «Ո՞ր երկրապահն ես, Սասուն Միքայելյանի երկրապա՞հն ես, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ստից կրակեց ոտքին, եկավ վեր ընկավ որպես վիրավոր։ Ո՞ր երկրապահն ես, երկիր թողեցի՞ք։ Ասում եք՝ երկրապահները սահմանին կանգնած են, էդ ո՞ր սահմանին են կանգնած՝ Ասկերանո՞ւմ, Մարտունիո՞ւմ, Մարտակերտո՞ւմ, որ՞ սահմանին։ Պատերազմը Մարտունիում է, Մարտակերտում է»,- հարցրեցին ծնողները։
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ ԵԿՄ ներկայացուցիչներն ասացին, որ Սոթքում ու Վարդենիսում են կանգնած։ «Հյուսիսից մինչեւ հարավ էս պահին կանգնած է երկրապահը։ Որ եկել այստեղ խոսում եք, մի հատ զենք վերցրեք, գնացեք առաջին գիծ»,- ասացին նրանք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ