Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արցախի դեմ ցամաքային գործողություններն իրականացրել են Բաքվի հատուկ նշանակության խմբերը, Արցախի ՊԲ-ն կատաղի դիմադրություն է ցուցաբերել»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 21,2023 11:41

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ հայտնեց Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից։

«Սկզբնական փուլում գործել են հրետանային, հրթիռային համակարգեր, սկզբնական փուլում բավական ակտիվ են եղել անօդաչու թռչող սարքերը։ Մի փուլում արդեն գործել է նաեւ ավիացիան։ Ցամաքային գործողություններն իրականացվել են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից, որոնք ուժեղացված են եղել տարբեր գերատեսչությունների՝ ԱԱԾ, ՆԳ նախարարության, սահմանապահ ծառայության, ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներով։ Այսինքն՝ ցամաքային գործողություններն ամբողջությամբ իրականացրել են հատուկ նշանակության խմբերը, կարելի է ասել՝ դրան չեն մասնակցել սովորական համազորային ուժեր։ Եվ այս իրավիճակում նաեւ պետք է հաշվի առնել, որ կատաղի պայքարը, որն Արցախի պաշտպանության բանակը, արցախցիները տարել են բառիս բուն իմաստով առանց զիջելու, առանց նահանջելու, այդ կատաղի պայքարը տեղի է ունեցել համատարած սովի, մատակարարումների, վառելիքի ու փոխադրումների բացակայության պայմաններում։ Մենք ունենք խմբեր, որոնք առաջնագծի տարբեր հատվածներ օգնության են հասել տասնյակներով՝ 20, 30, 40 կմ քայլելով, վազելով, որովհետեւ այս 9-ամսյա բլոկադայի պայմաններում Արցախն ամբողջությամբ հյուծված է եղել»,- ասաց Աբրահամյանը։

Նա անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, որ Թաղավարդ գյուղում բնակիչներ են գերեվարվել, իսկ Մարտունի քաղաքում մարդիկ շրջափակման մեջ են։ «Շրջաններից դեպի Ստեփանակերտ եկող բոլոր հիմնական ճանապարհները փակ են, ադրբեջանցիների կողմից վերահսկվում են, ստեղծվել են բլոկ պոստեր, եւ շարժերը բոլոր առումներով դադարեցված են։ Դա չի նշանակում, որ այս պահին այդ ճանապարհները կտրելով՝ նրանք ներսում օպերացիաներ են իրականացնում։ Կոնկրետ Թաղավարդի հետ կապված են երեկվանից տարբեր հակասական տեղեկություններ շրջանառվում, ես հստակ չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Ես էլ տարբեր տեղեկություններ ունեմ, որոնք հաստատում են, որ այդ մարդիկ գտնվում են Մարտունու շրջանի այլ բնակավայրում։ Կան նաեւ տեղեկություններ, որ այնտեղ տեղի են ունեցել սպանություններ, եւ հարձակում է եղել նույնիսկ խաղաղ բնակիչների նկատմամբ»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը հավելեց, որ Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերի մատույցներում են նաեւ ադրբեջանցիներ նկատելի։ Արցախի իշխանությունները ոստիկանական ուժերի միջոցով երեկվանից ուժեղացված ծառայություն են իրականացնում։

Պատգամավորը հավելեց, որ արցախցիներն ամեն ինչ արել են՝ այս ամենը կանխելու համար։ Եթե չլիներ այդ մարդկանց կամքը՝ կռվելու չնահանջելու, զոհերի թիվն ավելի մեծ կլիներ։ «Ցավով պետք է արձանագրել, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունն ինքը հրաժարվել է իր արյունակիցներից, հրաժարվել է հայրենիքի մյուս հատվածում ապրող հայրենակիցների կյանքի, անվտանգության համար պաշտպանություն տանելուց։ Մենք այս իրավիճակը կարող էին մեղմել, գուցե կանխել, եթե Հայաստանում լիներ իշխանություն, որն իր իներտությամբ, լռությամբ ու քաղաքական կուրսով ուղղակի չնպաստեր ադրբեջանական այդ օպերացիայի իրականացմանը։

Ռազմական գործողությունների ամենաթեժ պահին, երբ Արցախում ապրող մարդիկ ունեին մեր սատարման կարիքը, ՀՀ իշխանությունը հենց Փաշինյանի շուրթերով հայտարարում է, որ իրենք որեւէ պայմաններում չեն ներքաշվելու։ Այսինքն՝ իրենք ասում են՝ մենք որեւէ ձեւով ձեզ չենք խանգարելու Արցախում ռազմական գործողությունների միջոցով ձեր խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ ավելի վառ կանաչ լույս վառել Արցախում այդ գործողությունների համար, պարզապես չի կարող լինել։ Եվ այն ջանքերը, որոնք ՀՀ իշխանությունները պետք է ուղղեին միջազգային դերակատարների՝ միջազգային զսպումների մեխանիզմների կիրառման մասով, փաստացի որեւէ քայլ ոչ միայն չեն ձեռնարկել, այլ իրենց գործողություններով ու քաղաքական վարքագծով նպաստել են Արցախում այսպիսի իրավիճակի համար»,- ընդգծեց նա։

Աբրահամյանը նշեց, որ հարվածները Արցախին մի քանի անգամ ավելի ծանր ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային եւ պաշտպանական համակարգի վրա, քան կարելի է պատկերացնել: Այն իրավիճակը, որն ստեղծվել է Արցախում, շատերը եւ ՀՀ իշխանությունները փորձում են բացառապես ներկայացնել որպես Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող խնդիր: «Բոլոր արված հայտարարությունները ցույց են տալիս, որ իշխանությունը նաեւ խնդիր ունի մարդկանց մոլորության մեջ գցելու եւ Արցախում ստեղծված իրավիճակի ծանր հետեւանքները եւ պրոյեկտումը ՀՀ-ի վրա խլացնելու համար: Արցախը միջնաբերդ է դեպի Հայաստանի Հանրապետություն, եւ բոլոր բարդագույն իրավիճակները, որ մենք տեսնում ենք, դրանք ավտոմատ փոխանցվելու են Հայաստանին»,- նշեց նա:

Պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանի տարածքի հարցում Ադրբեջանն առաջնորդվում է կեղծ քարտեզներով, կեղծ պատմական հղումներով եւ ՀՀ մեծ թվով բնակավայրեր ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք։ «Այսինքն` այն, որ Ալիեւը հայտարարում է, թե պատրաստ են ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա դեռ չի նշանակում, որ դա ենթադրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած 29․8 հազար քկմ-ն։ Ադրբեջանը հրապարակային նշել է, որ այն տարածքները, որոնք իրենք օկուպացրել են 44-օրյա պատերազմից հետո, դա իրենց լեգիտիմ տարածքն է՝ այն կեղծ քարտեզներով, որոնց մասին նրանք բազմիցս նշել են»,- նշեց Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930