Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզնից պահանջում են գլուխ ջարդել, ես այդ գործողությանը պատրաստ չեմ, կարևորը՝ արդյունքն է, ոչ թե գլուխ ջարդելը, որովհետև գլուխ կարող է ջարդվել ու արդյունք չլինել. Թևանյան

Սեպտեմբեր 21,2023 11:29

«Քաղաքացիները պետք է մնան Հանրապետության հրապարակում և պարտադիր լարվածության կենտրոն ստեղծեն։ Դրան զուգահեռ՝ պետք է կազմակերպչա-կառուցվածքային գործընթացներ գնան, առանց դրա չի լինի։ Այնպես որ մենք՝ որպես պատասխանատվություն կրողներ, շատ ավելի մեծ շահագրգռվածություն ունենք, քան դուք, թեև մեր ցանկությունները նույնն են, ես դա հասկանում եմ։ Բայց եթե մեզ ասում են՝ եկեք գնանք բախման՝ ոստիկանների հետ, ես դրա կողմնակիցը չեմ: Ես ձեզ անկեղծ ասեմ, ուզում եմ առանց ցնցումների լինի, դրա համար պետք է, որ մեծ զանգվածայնություն, իսկ այդ զանգվածայնության ապահովումը կազմակերպչա-կառուցվածքային լուծումներ է պահանջում, որը մեկ օրվա, մեկ ժամվա գործ չի. Դա գործընթաց է, որը հանգեցնելու է արդյունքի: Ես պատասխանատու եմ արդյունքի համար, ես ցանկություն ունեմ արդյունքի համար: Մեր գաղափարակիցները, այն թիմը, որ աշխատում է՝ արդյունք ենք ուզում, որևէ մեկը կասկած չունի, որ մենք էլ ենք ուզում փոփոխություն, հակառակ պարագայում իմաստ չէր ունենա այս ամենը»: Այս մասին, երեկ ուշ երեկոյան Հանրապետության հրապարակում բողոքի ցույցի մասնակիցների ու լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ գործողություն են պահանջում, Թևանյանն արձագանքեց. «Հասկանալի է, ես բոլորին լսել եմ և բոլորի տրամաբանությունը վերաբերվում է բախման գնալուն: Ես դրան դեմ եմ»: «Հիմա, դուք գնու՞մ եք, ի՞նչ եք անում, եթե, Աստված մի արասցե, հիմա այստեղ բախում եղավ, դուք պատասխանատվություն կրու՞մ եք»,-լրագրողի հարցն ընդհատեց Թևանյանը,- «Ես այստեղ եմ, պատասխանատվության առումով, երեկ ես դա չեմ հրահրել , բայց երբ որ բախում եղել է, ես առաջին գիծ եմ մտել ու շատ-շատերին չեմ տեսել, երբ ասում են՝ մնալ , ես մնացել եմ ամբողջ գիշեր…»:

Լրագրողի և Անդրանիկ Թևանյանի միջև երկխոսություն սկսվեց. «…Բայց հիմա մարդիկ անորոշության մեջ են»,-շեշտեց լրագրողը, «Անորոշության մեջ չեն, մենք էլ մեսիջը տվեցինք …», «…Բայց ժողովուրդը համաձայն չէ …»,-վրա բերեց լրագրողը։ «… Համաձայն չեն, դա իրենք իրավունքն է, նրանք մեր ենթակաները չեն, սա մեր հիմնարկը չի։ Նրանք մեր քաղաքացիներն են, պարզապես մենք պատասխանատվություն ենք վերցրել: Հիմա ավելի մանրամասն. երեկվա հանրահավաքը տեղի է ունեցել Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ֆոնին, սա ինքնաբուխ հավաք է եղել: Մենք կարող էինք գաղտագողի պահել, մտնել ծակերը կամ համակարգիչների հետևը և փոթորիկ բարձրացնել մեկ բաժակ ջրում: Մենք եկել ենք առաջին գիծ, ասել ենք՝ մենք ժողովրդի հետ ու ժողովրդի կողքին ենք »,-ասաց Թևանյանը և լրագրողների ուղեկցությամբ մոտեցավ ցույցի ակտիվ մասնակիցներին, որոնք գործողություններ էին պահանջում:

«Այս ինքնաբուխ հավաքում, մենք ժողովրդի հետ ենք եղել, մենք առաջին գծում ենք եղել, մենք ուրիշների պես չենք փախել: Մեզ գիտե՞ք ինչում են մեղադրում. Ասում են, ինչո՞ւ չեք գնդակահարում սրանց, պարզ ասեմ, ամբողջ հյութը, որ քամում ես՝ սա է: Ես էլ ասում եմ. ես գնդակահարողը չեմ, ես այլ ճանապարհ եմ տեսնում։ Հիմա մարդիկ, եթե տեսնեն գնդակահարողների ճանապարհ՝ դա էլ է ճանապարհ, թող գնան-տեսնեն: Մարդիկ անորոշության մեջ չեն, չեն հիասթափվել, չէ որ էսօր կրկին եկել են: Մեզնից պահանջում են՝ գլուխ ջարդել, ես էդ գործողության պատրաստ չեմ: Ես կարծում եմ, կարևորը արդյունքն է, ոչ թե գլուխ ջարդելը, որովհետև գլուխ կարող է ջարդվել ու արդյունք չլինել, որովհետև մենք պատասխանատվություն ենք կրում, ես անձնական պատասխանատվություն եմ կրում: Եթե որևէ խնդիր լինի ու լուծում չլինի, այդ դեպքում ասելու են՝ բա՛, ինչի՞ մարդկանց տարաք… և այլն:

Սա այն դեպքը չէ, որ մարդկանց տանես կրակի բերան, հետո ծլկես, այնպես ինչպես պատմում էր, թե ինչպես մարտի 1-ին ծլկեց, 10 զոհ տվեց, հետո փախավ, հետո սկսեց հաճախորդություն անել: Ես էդ տեսակը չեմ, որ մարդկանց տանեմ՝ սպանեմ ու փախնեմ դեպքի վայրից, ես առաջին գիծ եմ կանգնում, ի տարբերություն՝ Նիկոլի ու մյուսների: Իսկ նրանք, ովքեր պատի ծակերից ինչ որ բան են ասում ՝ դա իրենց գործն է, ես նույնիսկ իրենցից չեմ նեղանում։ Ես ուրիշի համար չեմ մտել, ես ինքս՝ ինձ համար, մեր ժողովրդի համար, մեր երեխաների համար եմ մտել, որպեսզի այստեղ ապրենք:

Ես գիտեմ, որ վաղը Սյունիքի հարց է լինելու, Երևանի հարց է լինելու, դրա համար ենք մտել այս պայքարի մեջ, այստեղ որևէ դափնի չկա, որ ասեմ՝ ես իմ վրա եմ քաշել, ընդհակառակը՝ բեռն եմ քաշել, որպեսզի դուք էլ այսպիսի հարցեր տաք, որն առաջին հայացքից կարող է տհաճ լինի, բայց ես նորմալ եմ գնահատում: Մեր ժողովրդի ցասումն էլ եմ նորմալ գնահատում, մարդիկ եկել են, գուցե հարազատներ են կորցրել, մենք էլ՝ ընկերներ ենք կորցրել։ Ասում են, հենց հիմա ի՞նչ պետք է անենք, որ իրենց խոսեցնես, կասեն՝ ավտոմատ տվեք, սրանց գյուլլենք , իրենց հիմնական ուղեձը դա է: Ես էլ ասում եմ քաղաքական պրոցեսը՝ ավտոմատով-գյուլլելով, ես չեմ պատկերացնում։ Դա էլ է պրոցես, դա էլ իրավունք կարող է ունենալ, բայց դա ես չեմ: Ես գտնում եմ, որ անցնցում պրոցես պետք է տանենք, առանց ցնցումների ու դա հնարավոր է՝ հանրային լայն մասնակցության պայմաններում և ինչքան շուտ՝ այնքան՝ լավ»,-մեկնաբանեց Անդրանիկ Թևանյանը:

Ցույցի մասնակիցներից մեկի հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ այս պայմաններում Փաշինյանը կարող է ինչ որ ավելորդ պայմանագիր կնքի՝ «Մայր Հայաստանի» ղեկավարը վրա բերեց. «Իհարկե, ունեմ, ուստի մենք ինչքան շուտ մոբիլիզացվենք ու կազմակերպվենք, այնքան շուտ էս ամեն ինչը կփոխվի: Ձեր առաջարկը, ինչքան հասկանում եմ, նորից վերաբերվում է գնալ ինչ որ բախման»։ «Մոտավորապես»,-ասաց ցուցարարը։ « Ըհը, ես ասում եմ, արդյոք այդ բախումը արդյունք տալո՞ւ է: Երեկ բախում էր, ես մտա առաջին գիծ, հետո …» ։ Մեկ այլ տարեց ցուցարար ընդհատեց․ «Իրենք են դասավորել բախումը… »:

Մեկ այլ ցուցարար էլ ասաց, որ իրենք՝ ուսանողներով, բոլոր բուհերից, 1000 հոգի հավաքվել են՝ կարծելով, որ ինչ որ բան են փոխելու, սակայն հրապարակում կանգնած հակառակում են համոզվել: Թևանյանը կրկին ասաց, որ ինքը բախման չի տանելու, ուսանողուհին վրա բերեց, որ պարզապես հրապարակի պասիվ ներկայությամբ որևէ բան չի փոխվում, մարդիկ գործողություն են ուզում:

Ցուցարարներն ամեն կողմից Անդրանիկ Թևանյանին ասում էին, որ այդ ճանապարհով Փաշինյանը հրաժարական չի տալու, որ անհրաժեշտ է կոնկրետ գործողություն իրականացնել հենց այսօր, քանի որ Արցախում վիճակն օրհասական է: Թևանյանն անվերջ կրկնում էր, որ իրենց ճանապարհային քարտեզով անհրաժեշտ է բավարար թվով մարդկանց ներկայություն ապահովել, մոբիլիզացիա անել, որոնց հետ ցուցարարները համաձայն չէին, նրանց փաստարկներով, մարդիկ չեն հավաքվում, քանի որ որևէ հստակ գործողություն չեն տեսնում։ Նրանք հիշեցրեցին նախորդ տարվա գրեթե եռամսյա ցույցերը, որոնց արդյունքում մարդկանց ցրեցին՝ առանց որևէ գործողության:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930