Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը զոհված, երկու խոխան էլ մհենգ զոհվին…»

Սեպտեմբեր 21,2023 00:59

200-ից ավելի զոհ, 400-ից ավելի վիրավորներ, կորած երեխաներ, նրանց հուսահատ փնտրող հարազատներ, տնավեր եղած մարդիկ, որոնք իրենց ոչնչացվող գյուղերից փախել են անտառներ, որից հետո մի կերպ հասել Ստեփանակերտ, հողին հավասարեցված գյուղեր, լեփ-լեցուն հիվանդանոցներ, հայկական հետքն ամեն տեղից վերացնողների ձեռքն անցած Ամարասի վանք, որտեղ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցն էր հիմնել… արյուն, ցավ, վիշտ, տառապանք եւ… անհուսություն… Սա է Ստեփանակերտն այսօր՝ 2020 թվականի պատերազմից երեք տարի անց:

«Նկարագրելու չի՝ ինչ ա կատարվում, չեմ ուզում էլ մեղավորների մասին խոսել, ուղղակի փրկեք տղամարդկանց, կանանց ու երեխաներին, կենտրոնացրեք ուժերը եւ հանեք մեզ այստեղից, ՀՀ իշխանություններից պահանջեք միայն դա, ափսոս են մեր տղաները, ամենավերջին ուժերով պայքարում են կանանց ու երեխաներին պաշտպանելու համար, թուրքից սպասում ենք ամենասարսափելին, Ադրբեջանի կազմում հայերի անվտանգության մասին խոսելը չգիտեմ ինչ ա…մամայից դեռ լուր չունեմ, այդպես էլ չկարողացա կապվել, բայց հանգիստ եմ, քանի որ ահավոր ուժեղ ա»,- իր ՖԲ էջում գրել է Ստեփանակերտի բնակչուհին:

Մեկ այլ ստեփանակերտցի, որ երկար ժամանակ անհասանելի էր, երեկոյան կողմ հարցիս՝ անվտա՞նգ եք հիմա, պատասխանել է. «Անվտանգ ոչ մի բան չկա… ահավոր էր, հիմա մսաղացը ստոպ տրված ա, բայց լիքը զոհ, վիրավոր, գերի, բռնատեղահանված, ենթակառուցվածքների հերն անիծած, ոչ ջուր, ոչ լույս… կառավարության դվիժոկի շնորհիվ հեռախոսս լիցքավորել»:

Փոքրիկ Լուսեի մայրիկն էլ երեկվանից տեղեկություն չուներ պոստերում գտնվող հայրիկից, հորեղբորից, քեռիներից եւ եղբայրներից… Ավելի ուշ իմացավ քեռիների զոհվելու մասին, ծնողներից եւ եղբայրներից դեռ լուր չուներ: Իսկ փոքրիկ Լուսեն անհանգիստ էր, լաց էր լինում, մայրը գրում է. «Ինչի՞ չեք թողնում դուրս գանք Արցախից: Եթե սաղ վերցրել են, ի՞նչ եք անելու մեզ հետ: Երեխան երեկվանից սոված է, մի րոպե չի լռում, պայթյունի ձայներից դողում են երեխաները…»: Ողջ օրը ռմբապաստարանում անցկացրած մարդիկ ոչինչ չունեն՝ երեխաներին տալու: Էլինան գրում էր. «Ում այգում միրգ, բանջարեղեն կա, մի քանի հոգով գնանք քաղենք բերենք, երեխաները, ծերերը գոնե ուտեն, ով վառարան ունի, ալյուր, հաց թխենք, ով չի վախենում, եկեք իմ հետ անենք դա: Քույրիկներս կնայեն երեխուն, ես կանեմ, եկեք գնանք…»…

Աշոտ Գաբրիելյանն էլ ներկայացնում է ճամփեզրերին լսած կցկտուր զրույցներից պատառիկներ.

«1.-Հղե ընք իլալ մեր տոն, բայց չհսած Դրմբոն թորքերը ետն տվալ:

2.- Մեր գյուղապետարանեն դրոշները ճղալն:

3. -Մհենգ Նախճիվանիկա պոստը Ասկերան ա տեռալ:

4.- Ինքը զոհված, երկու խոխան էլ մհենգ զոհվին…»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930