Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում իրականացրել են իրենց առջեւ դրված խնդիրը, որի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը։
Նա նշել է՝ Ադրբեջանը մինչեւ վերջ կգնար, եթե Ղարաբաղում վայր չդնեին զենքերը։
Ալիեւն ասել է, որ ադրբեջանական կողմն էլ ունի զոհեր եւ վիրավորներ, սակայն թիվ չի նշել։
Ալիեւն ասել է՝ Ղարաբաղում հայկական ռազմական օբյեկտների մեծ մասը ոչնչացված է, եւ դրան հասել են՝ օգտագործելով գերճշգրիտ զինատեսակ։
Կարդացեք նաև
Ալիեւը նաեւ ասել է Հայաստանի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն․ «Հավատում եմ, որ այսօր եւ երեկ տեղի ունեցած իրադարձությունները դրական կազդեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի վրա։ Հայաստանի այսօրվա եւ երեկվա դիրքորոշումը խոստումնալից է»։
Նշենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X (նախկին Թվիթեր) միկոբլոկում գրել է՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ի ժամը 21։30-ի տվյալներով՝ զոհվել է առնվազն 200, վիրավորվել՝ ավելի քան 400 մարդ․ «Վիրավորների թիվը քաղաքացիական անձանց շրջանում 40-ից ավելի է, նրանցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատվել է 10 քաղաքացիական անձի մահվան փաստը, նրանցից 5-ը երեխաներ են»։