Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում և Հայաստանում, մեծ ցավ, անհանգստություն ու տագնապ է պատճառում մեզանից շատերին, իսկ շատ-շատերն էլ բախվում են հարազատի կորուստը սգալու մեծագույն տառապանքին։
«Փսիլայֆ» կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ մեր նախորդ հարցազրույցից առանձնացրել ենք այն դրույթները, որոնք վերաբերում են վշտի հաղթահարման փուլերին և յուրաքանչյուր փուլում հարազատ կորցրած մարդուն գրագետ հոգեբանական աջակցության ցուցաբերմանը։
Վշտի հաղթահարման փուլերը
Մահից հետո վշտի ապրման ձևը բնական գործընթաց է՝ հոգու ցավը հաղթահարելու և ապաքինման համար: Յուրաքանչյուր մարդ վիշտը կարող է ապրել յուրովի՝ տարբեր դրսևորումներով, լացով, ապատիկ ապրումներով, տխրությամբ, տառապանքով, պոռթկումներով, պետք է ընդունենք, որ դա նորմալ է: Վշտի հաղթահարումը տևում է մոտավորապես 1 տարի, երբեմն էլ երկու տարի, որը տարբեր փուլերով է ընթանում՝ տարբեր ժամանակահատվածներում լինելով ավելի դոմինանտ, և յուրաքանչյուր փուլին բնորոշ են որոշակի զգացումներ և դրսևորումներ: Յուրաքանչյուր փուլին, իհարկե, անհրաժեշտ են օգնության համապատասխան ձևեր:
Շոկի և մերժման ռեակցիայի փուլում, երբ հարազատը տեղեկանում է հարազատի մահվան մասին, ինքնապաշտպանական մեխանիզմներն անձին կտրում են իրականությունից, և զգացումները քարանում են, կարծես անձը վերացած է, քարացած նստած է կամ աննպատակ գործողություններ է անում, գնում-գալիս է, հարվածում ինչ-որ բանի: Այս փուլում օգնության հիմնական նպատակը կապ հաստատել իրականության հետ և կենտրոնացնել փաստի վրա:
Կարդացեք նաև
Հարազատին դիմել անունով և փորձել հարցեր տալ մահացածի մասին, օրինակ՝ երբ է խոսել վերջին անգամ, ինչ է լսել և այլն: Կարող ենք նաև ուշադրությունը կենտրոնացնել շրջապատում գտնվող այնպիսի առարկայի վրա, որը կապ ունի մահացածի հետ: Ամենակարևորն այս փուլում զգայական ապրումները հասկանալ և շեշտել, որ քո ցավը սարսափելի է, դու կորցրեցիր քո թանկ մարդուն և այլն, որը հնարավորություն կտա կորուսյալին ընդունել մահվան փաստը:
Այս փուլում կարելի է նաև ֆիզիկական կոնտակտով սթափեցնել, բռնել ձեռքը, ուսերը, գրկել և այլն:
Զայրույթի և վիրավորանքի փուլում, որն արտահայտվում է մեղավորներ փնտրելով մահվան մեջ, մեղադրել իշխանավորներին, ընկերներին, բժշկին, այն մարդկանց, որոնք այս կամ այն կերպով մահացողի հետ առնչվել են, երբեմն նույնիսկ մահացողին է դա ուղղվում, պետք է օգնել, որպեսզի խոսի այդ մասին, արտահայտի իր հույզերը և նաև նորմալիզացնել, այսինքն ցույց տալ, որ դա նորմալ զգացում է, որովհետև զայրույթը կարող է այնքան մեծ լինել, որ հարազատին թվա, թե խելագարության է հասնում: Բացի դրանից պետք է ասել, որ այդ զգացումը ունենալը նորմալ է, քանի որ զայրույթից հետո կարող է առաջանալ մեղքի զգացում: Որից հետո պետք է քննարկել և իրադարձություններն ու զայրույթը դարձնել կառուցողական: Զայրույթն առաջանում է հիմնականում անկարողության և անօգնականության զգացումից: Կարևոր է այս փուլում այդ զայրույթի զգացումը օգնել դուրս բերել՝ ավելի արդյունավետ ճանապարհներ գտնելով, օգնել ֆիզիկական ակտիվությամբ և գործերով զբաղվելով, որը նույնպես զայրույթը թուլացնելուն է ուղղվում:
Մեղքի զգացման փուլն առաջանում է, երբ հարազատ կորցրած մարդուն թվում է, թե հնարավոր է ամեն ինչ կառավարել, գերագնահատում է իր կարողություններն ու հնարավորությունները: Օրինակ՝ կարող է ասել, եթե ես այնտեղ լինեի, եթե մի քիչ շուտ զանգեի, եթե չթողնեի, որ գնար և այլն: Մեղքի զգացումներում առկա է նաև գերբնական մտածողության հակվածությունը, այսինքն իր մտքերին վերագրում է գերբնականություն, օրինակ՝ եթե ես դրա մասին չմտածեի, չէր լինի, կամ այդ երազը չտեսնեի, չէր լինի, այսինքն շարունակ մեղադրում է իրեն: Այս դեպքում շատ կարևոր է քննարկել այն հանգամանքները, որում տեղի է ունեցել մահը և իր հնարավորությունների նկատմամբ պատկերացումները չեզոքացնել: Օգնել գիտակցելու, որ ապագայում ամեն ինչ չէ, որ կանխատեսելի է:
Մեղքի զգացում կարող է լինել նաև, երբ սկսում է հիշել դրվագներ, որտեղ հանգուցյալի հետ լավ հարաբերություններ չեն եղել, նեղացրել է կամ վիրավորել: Այս դեպքերում կարող եք քննարկել իրավիճակի մանրամասնությունները և ցույց տալ, որ այդ տեղում, այդ ժամանակում քո զգացումներն այդ են թելադրել, և դա այդ ժամանակի ճիշտ լուծումն է եղել: Կարող եք նաև առաջարկել նամակ գրել հարազատին՝ զգացումն արտահայտելու նպատակով:
Տառապանքի և ցավի փուլը հարազատի բացակայության լիարժեք գիտակցումն է, որը շատ ցավոտ է: Այդ բացակայությունը ուղեկցվում է նաև անիմաստության, տխրության, դատարկության զգացումներով: Տառապանքը նրա փոխարեն է, երբ սիրելի հարազատը մի ժամանակ կորուսյալի կողքին էր: Տառապանքի փուլում լավ կլինի հիշեցնել անցյալում մահացողի հետ ունեցած հաճելի հիշողություններ, նաև վատ հիշողություններ: Կորուսյալը մահացածին իդեալականացնելու հակում ունի, կարևոր է օգնել, որ ինքն էլ իր մեջ տեսնի իր արժանիքները: Օրինակ ասում է, որ հիանալի ընկեր էր նա, կամ շատ լավ հումոր ուներ, ցույց տալ, որ կորուսյալն էլ, օրինակ, ունի այդպիսի հատկանիշներ կամ այլ արժանի հատկանիշներ: Կարելի է նաև ցույց տալ, թե տառապանքին ինչպես կվերաբերվեր մահացածը, ինչպես կուզենար տեսնել կորուսյալին: Կարելի է ցույց տալ նաև, որ ապրումներումդ տառապանքն այնքան մեծ է, որ խանգարում է հոգ տանել մյուսների մասին:
Ընդունման և վերակառուցման փուլում, որը համընկնում է մոտավորապես մահվան մեկ տարվա հետ, վերջնականապես ընդունվում է մահվան փաստը: Ընդունվում է, որ այլևս չկա հարազատը, հոգեկանում վերակառուցվում է նոր վերաբերմունք իր, աշխարհի և մարդկանց նկատմամբ: Կյանքը նոր իմաստով է սկսում շարունակվել, նոր նպատակներ են ձևավորվում: Բոլոր այս փուլերում տեղի ունեցող դրսևորումները հասկանալու և օգնելուն զուգահեռ շատ կարևոր է ամբողջ ընթացքում, երբ հարազատները հարազատի կողքին են, շատ ուշադիր լինեն և շատ նրբորեն վերաբերվեն, քանի որ ցանկացած անզգույշ խոսք կամ պահվածք կարող է շատ վիրավորել կորուստ ունեցող մարդուն:
Ընդհանուր առմամբ, հոգեբանորեն ինչպես աջակցել հարազատ կորցրած մարդուն
Պատերազմում զոհվածների հարազատներին նախ պետք է երախտիքի, շնորհակալության, գնահատանքի և խրախուսման խոսքեր ասել, իմաստավորել մահը։
- Պետք է կարողանալ ապրումակցում ձևավորել հարազատի նկատմամբ, այսինքն հասկանալ և ընդունել հարազատի զգացումները, լացը, տխրությունը, ցավը և այլն, հենարանի զգացում ապահովել և լսել անընդհատ:
- Արտահայտել մասնակցությունը, օրինակ՝ ես էլ եմ շատ վշտացած, երբ դա տեղի ունեցավ։
- Արտահայտել զգացումները հարազատի մոտ, որ ես քեզ հետ եմ և ապրում եմ այդ ցավը:
- Ամեն օր հարցնել՝ ինչպես է ինքն իրեն զգում։
- Առաջարկել օգնությունը, օրինակ՝ ինչով կարող եմ ես քեզ օգնել։
- Ուղղակի լինել սգացողի կողքին ֆիզիկապես և լսել նրան, բայց եթե չի ցանկանում խոսել, կարիք չկա ստիպել նրան:
- Լինել լավ լսող և ցանկացած զգացում նորմալ ընդունել։
- Հարկ չկա բոլոր գործերը վերցնել ձեզ վրա, եթե հարազատը ցանկանում է գործ կատարել, թողեք կատարի, շարժունակությունը շատ անհրաժեշտ է:
Ինչ չի կարելի ասել մահացածի հարազատին․
- Ժամանակը կբուժի։
- Մի լացիր, դա նրան դուր չի գա։
- Նորից երեխա կունենաս։
- Ավելի վատ բան կարող էր պատահել:
- Պետք է շարունակես քո կյանքը։
- Պիտի ավարտես տրաուրը:
- Դու դեռ երիտասարդ ես, նորից կամուսնանաս։
- Լավ է, որ դու մեկին ես կորցրել, մյուսները մի քանիսին են կորցրել։
- Դու ուժեղ ես, դուրս կգաս այս վիճակից:
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ