Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշիի քանդակների պուրակը, ինչպես ցանկացած հայկական հետք, հավասարեցվել է հողին

Սեպտեմբեր 21,2023 13:30

«Որպես հայուհի, մի երգ փոխվեց իմ շուրթերին. տեսնեմ Անին ու նոր մեռնեմը դարձավ՝ տեսնեմ Շուշին ու նոր…»,- ասում է քանդակագործ ՄԱՅԱ ԱՎԱԳՅԱՆԸ

ՀՀ իշխանության եւ մշակութային որեւէ կառույցի կողմից մինչ օրս չի եղել մշակութային արժեքների դեմ ցեղասպանության փաստով հայց միջազգային համապատասխան ատյաններ։ Ետգրավյալ տարածքներում հայ ստեղծագործ ու շինարար միտքը թողել է մշակութային արժեքներ, շինություններ, որոնք Ադրբեջանի կողմից հետեւողականորեն վերացվում են ու փոշիացվում: Ձեռքը բռնող չլինելու միակ փաստարկն էլ այն է, թե չճանաչված պետություն Արցախում է կառուցվել այդ ամենը, ստիպելով Արեւմտյան Հայաստանի թանգարան բաց երկնքի տակ հայոց դեռ բացվող ու բացահայտվող պատմության վկայություններին նայել եւ հակադարձել, որ պատմաբանությանն ու դիվանագիտությանը զուգահեռ իրավաբանությունը նույնպես գիտություն է եւ արժեր ապավինել նրա հզոր մուրճին, դրսեւորելով մեր պատմությանն ու ստեղծածին տեր լինելու կամք։

– Սիրելի Մայա, անցնենք անցյալի՝ ուսանողական տարիների էջերով, ինչպե՞ս ընտրեցիք քանդակագործի մասնագիտությունը, ինչն էր, որ տարավ ձեզ դեպի քարերի աշխարհը, նպաստե՞ց Աշտարակի՝ ձեր ծննդավայրի կոլորիտը, ընտրության հարցում:

– Ամեն ինչ սկսվեց մանկության, պատանեկության տարիներից, երբ հաճախում էի Աշտարակի Գեղարվեստի դպրոց, որտեղ մինչ օրս՝ ավելի քան 15 տարի աշխատում եմ։ Այդ տարիներից էլ հենց իմ մեջ ձեւավորվեց սերը քանդակի, կավի ու ծավալի նկատմամբ ու Թերլեմեզյան դիմելիս, հակառակ հարազատներիս պնդումների, «Դիզայնի բաժին» դիմելու փոխարեն ընտրեցի «Քանդակագործություն» բաժինը։ Ուսումս շարունակեցի Գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ սովորել եմ քանդակագործ Լեւոն Վարդանյանի կուրսում։ Զուգահեռ հաճախում էի նաեւ վերջինիս արվեստանոց, որտեղ խորապես «ճանաչեցի» քարը եւ ձեռք բերեցի քարով աշխատելու հմտությունը։

– Մինչեւ Շուշիի սիմպոզիումը ի՞նչ նմանատիպ միջոցառումների եք մասնակցել, որտե՞ղ կարելի էր տեսնել ձեր աշխատանքները։ Հիմնականում ո՞ր ոճի մեջ եք աշխատում:

– Մասնակցել եմ ուսանողական, ինչպես նաեւ ՀՆՄ-ի կողմից կազմակերպված տարբեր ցուցահանդեսների, որոնցից կառանձնացնեմ արցախյան շարժման առաջամարտիկ Մովսես Գորգիսյանին նվիրված ցուցահանդեսը, այնուհետ ՀՀ ԿԳՄՍՆ կազմակերպած՝ «Պատասխան՝ 100 տարի անց» երիտասարդական մրցույթ- ցուցահանդեսը, որտեղ արժանացել եմ երրորդ մրցանակի (աշխատանքս իր տեղը գտավ Ազգային պատկերասրահի ֆոնդում)։ Ստեղծագործելիս չեմ սահմանափակվում հստակ որեւէ ոճով, ամեն ինչ շատ ինքնաբուխ է. սիրում եմ իմպրովիզներ անել։

– Շուշիի սիմպոզիումը, որպես այդպիսին, ի՞նչ էր ձեր ստեղծագործական կյանքում, ի՞նչ գործեր ունեք, ի՞նչ թեմատիկա էիք ընտրել, ի՞նչ քարով: Աշխատանքային պրոցեսի բարդություններից եւ հոգեւոր հաճույքից խոսենք նաեւ, որքանո՞վ է հեշտ աղջկա, կնոջ համար հաղթահարել այդ պատասխանատու գործը, ոչ միայն հետ չմնալ մյուսներից, այլեւ՝ գերազանցել:

– Շուշիի սիմպոզիումից առաջ մասնակցել էի Գյումրիի սիմպոզիումին, փորձառություն ունեի չափերով մեծ քարի վրա աշխատելու։ Շուշիի սիմպոզիումին մասնակցել եմ երկու անգամ: Առաջին տարվա աշխատանքիս թեման Մայր Արցախն էր, երկրորդը՝ Երաժշտությունը, դրա տիեզերական ուժը։ Երկու քանդակն էլ Շուշիի կարծր քարից են (սպիտակ մարմար), դրանց վրա աշխատել եմ մեծ ոգեշնչումով։ Կնոջ համար այս աշխատանքն, ինչ խոսք, ֆիզիկական առումով փոքր-ինչ ավելի բարդ է, բայց արվեստի հանդեպ սերն ու ստեղծագործական ընթացքի անփոխարինելի զգացողությունները օգնում են հաղթահարել ցանկացած դժվարություն։

– Ասացիք, որ երկու գործ եք թողել Շուշիի քանդակների պուրակում: Տեղյա՞կ եք ճակատագրից, ո՞ւր են, ի՞նչ եղան:

– Իսկ ի՞նչ եղավ Շուշին: Քանդակների պուրակը, ինչպես ցանկացած հայկական հետք, հավասարեցվել է հողին։

– Այդ քանդակները նվեր էին քաղաքին, կրոնական իմաստ կրո՞ւմ էին իրենց մեջ, ազգայի՞ն, թե՞ համամարդկային արժեքների արտահայտող էին:

– Շուշիի Կերպարվեստի թանգարանին կից ստեղծվել էր Քանդակների պուրակ, որը տարեցտարի համալրվում էր արվեստի նոր, մնայուն գործերով, որոնք, ավա՜ղ, էլ չկան։

– Հեղինակային իրավունքի կոպտագույն խախտում, ոտնահարում արվեստագետի հանդեպ կամ վանդալիզմի զոհ դարձած քանդակների պարագայում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, դիմե՞լ եք համապատասխան կառույցի ձեր հեղինակային իրավունքների պաշտպանության համար։

– 44- օրյա պատերազմի ցավն ու դառնությունը մինչ օրս ոչ մի կերպ չի մեղմվում, այո, ձեր նշած վանդալիզմն ու հեղինակային իրավունքի ոտնահարումներն անշրջելի փաստ են, սակայն մենք ունենք մարդկային կորուստներ, կորսված հայրենիք, ու մեր մտահոգությունները տակավին դրանց շուրջ էին եւ են…

– Որպես արվեստագետ եւ որպես հայուհի ուզում եմ լսել ձեր գնահատականը կատարվածի եւ տիրող իրավիճակի մասին:

– Որպես հայուհի մի երգ փոխվեց իմ շուրթերին. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»-ը դարձավ՝ «Տեսնեմ Շուշին ու նոր…»:

– Մայա, ձեր այսօրվա գործունեությունը՝ քարի հետ զրույցը շարունակվո՞ւմ է, ո՞րն է եղել հաջորդ գործդ:

– Իհարկե, շարունակվում է: Նախորդ տարին, հատկապես, հագեցած էր, ներկայացրեցի Հայաստանը՝ Գերմանիայում եւ Կիպրոսում՝ մասնակցելով միջազգային սիմպոզիումների։ Մասնագիտությանս հետ մեկտեղ այժմ զբաղվում եմ բեմանկարչությամբ, գեղարվեստական ձեւավորման աշխատանքներ եմ կատարում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաեւ այլ թատրոններում։

– Հայրենի քաղաքում քանդակներ ունենալու միտք, գաղափար կա՞, եթե այո, ապա իրագործման ինչպիսի ուղիներ են պետք, որից կշահի հայրենի քաղաքը, որտեղ մշակութային կյանքը, ես կասեի, թմբիրի մեջ է, չկա աշխուժություն, լուրջ մշակութային գործունեություն, չնայած եւ առաջ, եւ հիմա կան բազմաթիվ ստեղծագործողներ, կան հայտնի արվեստագետներ, ովքեր ապրում եւ ստեղծագործում են Աշտարակում:

– Ցանկությունս մեծ է: Անշուշտ, կուզենայի ներկայացված լինել իմ հայրենի քաղաքում, ինչի համար, սակայն, պետական աջակցություն է պետք։ Արվեստագետներս պատրաստակամ ենք՝ ի բարօրություն մեր քաղաքի աշխատել, շենացնել ու գեղեցկացնել այն: Համապատասխան ծրագրեր են պետք, քանի որ մեր աշխատանքն ավելի քան ծախսատար ու ժամանակատար է:

– Էմոցիոնալ ցնցման ենթարկված ազգի մասնիկները՝ լինի զինվոր, զինվորի ընտանիք, պարտադիր պիտի անցնեն ռեաբիլիտացիոն շրջան, սթրեսային ապրումներից ազատվելու, այն հաղթահարելու համար, այլապես հետեւանքները միշտ ցավալի են լինում: Իհարկե, չկա վիճակագրություն, թե որքանով մեր պետությունը հոգաց այդ ամենի մասին, բայց ուզում եմ զուգահեռներ տանել, արվեստագետ, որի ստեղծագործությունը ոչնչացվել է, արվեստագետ, ով անպայմանորեն տարել եւ տանում է այդ ցավն իր հետ, ի՞նչ է արվում արվեստի մարդուն այդ ամենի միջով անվտանգ հանելու շուրջ, չթողնելու ամենը, «արվեստն ինքը փրկող ուժ ունի» ասվածի՝ «ինքնաբուժման» վրա: Նոր գործեր, նոր քանդակի առաջարկ եղե՞լ է կամ այդ քանդակները նորից ստեղծելու միտք արդեն հայրենի քաղաքի համար:

-Միանշանակ, արվեստն ունի փրկող ուժ, երբ մշակութային միջոցառումները հաճախակի են, երբ մարդիկ ապրում-ոգեշնչվում են արվեստի միջավայրում, վաղվա օրն ավելի հուսալի է դառնում։ Վերջին շրջանի պատվերներիցս մեկը՝ «Սեւքարեցի Սաքոյի» դիմաքանդակը ստեղծելիս ճանաչողական այց ունեցա «Զորավար Անդրանիկի ֆիդայական շարժման» թանգարանում։ Առերեսվելով մեր պատմության հերոսական էջերին՝ նորից ու նորից համոզվեցի, որ մենք հերոսներ ծնող ազգ ենք։

– Ասում են, ցանկությունը գործի կեսն է, ինչպե՞ս հասնել արթնացման կամ վերածննդի, արժեքների վերարժեւորման, գնահատման, արժանի ներկայացման իրականության ապագային։

–Ցավոք, արժեքների համակարգում հիմա «ոգու սով» է, բայց պատմությունը կրկնվելու սովորություն ունի եւ հուսով եմ՝ շուտով հորիզոնում կհայտնվի Վերածննդի մի նոր ոսկե դարաշրջան։

– Որպես արվեստագետ, ուշադրություն, գնահատված լինելու զգացողություն ու խթան նոր գործերի, ստեղծագործական պրպտումների, այդ ամենի կարիքը անշուշտ զգացել եք, ինչպե՞ս է, որ դեռ Հայաստանում եք եւ համեմատելով արտերկրում աշխատելու առաջարկները, հնարավորությունները, ի՞նչն է ծանր կշռել հայոց քարին կպած մնալու համար։

– Ավաղ, մեր երկրում ուշադրությունն ու գնահատանքն արվեստագետի նկատմամբ մեծ չէ։ Սակայն դա պատճառ չէ չստեղծագործելու համար, թեպետ կարող էր խթան հանդիսանալ։ Արտերկրում աշխատանքը կարեւորում եմ փորձի փոխանակման, ինչպես նաեւ նոր ծանոթությունների ձեռքբերման տեսանկյունից։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930