Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղը սպառված է ու սպառված է նաեւ «Քաղաքական պայմանագիրը»

Սեպտեմբեր 21,2023 13:00

2018 թվականին Հայաստանի ժողովուրդը իրականացրեց չափազանց քաղաքակիրթ խաղաղ ու ժողովրդավարական հեղափոխություն եւ այդ հեղափոխության հիմնական մղիչ ուժը երիտասարդությունն էր: Հանկարծ ասպարեզ իջան լուսարձակների տիրացող բավական ճարպիկ քաղաքական գործիչներ ու նրանց շրջապատը իրենց հռչակեց այս բոլորի ախոյանը:

Հռչակվեցին Փրկիչներ-Մեսիաներ-Հերոսներ, որոնք «իրականացրել էին այս բոլորը, ամեն ինչ շնորհիվ իրենց էր» ու սկսեցին երգել «Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ» ու նրանք սկսեցին «trademark» – ապրանքանիշներ գրանցել ու մենաշնորհել ոչ հայկական «Դուխով» բառով, որն ինչքանով տեղյակ եմ, հայերեն բառ չի: «Թավշյա» այս խանդավառության մեջ, երբ բոլորը մեկ նպատակ ունեին, հեղափոխությունը առեւանգվեց ու բոլոր նրանք, ովքեր կհանդգնեին հարցեր տալ, բավարար էր, որ հռչակվեին «նախկիններ» ու այս հեղափոխությունը, ուր «նախկինները» անվերադարձ պիտի հեռանային, ամենից հիշված ու օգտագործված բառը «նախկիններն» էր:

Մեզ այն ժամանակ նաեւ «տիտղոս» էլ շնորհվեց՝ «Հայաստանի Հպարտ Քաղաքացիներ», բայց հարկավոր էր այդ բարի վարքը պահել ու «ռեւանշիստական» քայլեր չանել՝ քննադատելով կամ հարցեր տալով «փրկիչ հեղափոխական նորերին» ու պահել «դուխը», միշտ հիշելով, թե նման արարքներով միայն «նախկինների վերադարձը կարող է արագացվել»:

Սակայն ըստ երեւույթին «Հպարտ քաղաքացիներից» ցուցաբերեցին «Ոչ հպարտ վարմունք» ու կիրակի չեն կատարել իրենց հոգեւոր պարտականությունը քվեարկելու ի նպաստ «սպիտակ» լույսի: Հետաքրքիր է, այդ ինչպես եղավ, որ նույն քաղաքացին 2018-ին 800 հազար ձայն տվեց «Քաղաքացիական պայմանագրին» ու 680 հազար՝ 2020թ.-ին առանց կաշառքի: Դա այդ նույն հպարտ քաղաքացին էր:

Ոչ, հարգելիներս, չարաչար սխալվում եք: Հայաստանի քաղաքացին միշտ էլ նույն Հպարտն է ու իրավունք չունեք նման վիրավորանքներ հասցեագրել, եթե քաղաքացին շարունակ ձեզ վստահեց, դուք նրա հույսերը չիրականացրիք, վերջապես համբերության բաժակը լցվեց: Ձեր քաղաքական ուժի ղեկավարությունը թերագնահատեց ժողովրդի գիտակցությունը, կարծեց, թե այս ձեւով կարող է հարցերը «հալեցնել», ինչպես սփյուռքի մեջ կասեն՝ «նախկին-ներկա խաղալով»: Բայց խաղը սպառած է ու նաեւ՝ սպառված է «Քաղաքական Պայմանագիրը»: Երբ ժողովրդի համբերության բաժակը սպառվում է, բնությունը առեղծվածային կերպով ներշնչում է գտնել ճանապարհ ու իրավիճակը փոխելու ելքեր: Հայաստանի հավերժ հպարտ՝ իրազեկ ու գիտակից քաղաքացիները գտան իրենց իսկական անկեղծ հեղափոխության խաղաղ ուղին եւ ճանապարհը:

Մենք մեր հեղափոխությունը վերադարձրեցինք իր իսկական տերերին՝ ժողովրդին եւ ասացինք՝ ժողովրդի հեղափոխության մենատերերը հենց մենք՝ ժողովուրդն ենք:

Եվ Հայաստանի ժողովուրդը ոչ տհաս է, ոչ էլ միամիտ:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930