Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք աշխարհի համար Արեւմուտքի Արեւելքն ենք»

Սեպտեմբեր 21,2023 14:00

Հարցազրույց «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հիմնադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանի հետ

– Հարգարժան Արեւիկ, օրերս եք վերադարձել Բեռլինի միջազգային գրական փառատոնից։ Մեր դիտարկմամբ՝ շուրջ 20 տարվա պատմություն ունեցող այդ միջոցառմանը հազվադեպ են մասնակցում հայ գրողները։ Այս պահին ընդամենը մտաբերում ենք 2022թ. Արամ Պաչյանի մասնակցությունը՝ Եվրամիության գրական մրցանակի արժանացած իր «P/F» գրքով։

– Փառատոնին այս տարի մասնակցեցին Արմեն Հայաստանցին եւ Անուշ Քոչարյանը, ինչը հնարավոր դարձավ «Գյոթե» կենտրոնի «Սեւծովյան պատմություններ» ծրագրի  շնորհիվ։ Մասնակիցների թվում էին գրողներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից եւ Բուլղարիայից։ Փառատոնի նպատակն էր ծավալել երկխոսություն սեւծովյան տարածաշրջանի երկրների գրողների միջեւ, որոնք, թեեւ, թե պատմական, թե մշակութային շատ ընդհանրություններ ունեն, բայց շփվելու առիթներ հազվադեպ են ունենում։ Նշեմ, որ այս ձեւաչափով առաջին անգամ էր անցկացվում քննարկումներ։ Իսկ սովորաբար նման հանդիպումներն անցկացվում են հետխորհրդային կամ Արեւելյան Եվրոպայի երկրների մասնակցությամբ։


– Փաստորեն, մեր գրողներին  ներկայացրել է ձեր ղեկավարած «ԱՐԻ գրականության հիմնադրամը»։

– Այո, հիմնադրամը հանդիսանում է «Սեւծովյան պատմություններ» նախագծի հայաստանյան գործընկերը։ Նշեմ, որ այս ծրագրի շրջանակներում գրողները մեկշաբաթյա «Կեցության ծրագրեր» են անցկացրել Վրաստանում, Ռումինիայում… Ակնկալվում է 2024թ. հյուրընկալել նրանց Հայաստանում։

– Խնդրում ենք ներկայացնել փառատոնի շրջանակներում անցկացված քննարկումների թեմաները, ենթադրելով, որ դրանք չեն շրջանցում լարված քաղաքական, պատերազմական իրավիճակները։

– Հիմնական թեման էր «Արեւմուտքի Արեւելքը»։ Տեսեք՝ սեւծովյան տարածաշրջանի երկրները Եվրոպայի համար Արեւելք են։ Կոնկրետ քննարկվում էր հարցը, թե նրանք իրենց համարում են Արեւե՞լք, թե՞… Անգամ ծրագրի մասնակից Եվրամիության երկրները՝ Ռումինիան, Բուլղարիան, կարծես իրենց լիովին Եվրոպա չեն համարում, թեեւ զգում են Կենտրոնական Եվրոպայի հովանավորչական «ձեռքը»։ Սակայն այդ բոլոր երկրները թե պատմականորեն, թե ներկայիս քաղաքական կողմնորոշմամբ եւ ուղղվածությամբ եվրոպական են ու Եվրոպային շատ բան ունեն առաջարկելու։

– Իսկ հայերս…

– Գիտեք, որ մենք վաղուց հետաքրքիր ենք Եվրոպային, ավելին՝ աշխարհին… Այս ծրագրի շրջանակներում, օրինակ, գրողների շփման արդյունքում պարզ դարձավ, որ Անուշ Քոչարյանի պոեզիան հասկանալի է ու հարազատ թե վրացի պոետին, թե ուկրաինական արմատներով նիդեռլանդացի մի հեղինակի։ Բարձրաձայնվեց այն մասին, որ բոլոր երկրների գրողների ստեղծագործությունների առանցքում նույն խնդիրներն են շոշափվում։ Հետեւաբար պետք չէ մտածել, որ կարող է, ասենք, մենք հետաքրքիր ու հասկանալի չլինենք աշխարհին։

– Այսօր պատերազմի թեման արդիական է աշխարհում…

– Այո, օրինակ՝ Անուշը գրում է արցախյան պատերազմի մասին, նույն թեմայով են ուկրաինացիների, վրացիների ստեղծագործությունները, նույնն են նաեւ զգացողությունները, որոնք ազգություն չեն ճանաչում։

Եթե ուզում ենք մեր ձայնը լսելի լինի աշխարհին, նաեւ նման միջոցառումների շատ պետք է մասնակցենք։ Ի վերջո, գրողների ու ընթերցողների շրջանակներում կարծիք ու վերաբերմունք ձեւավորող մարդիկ են, մտավորականներ։

– Քննարկումների ընթացքում պատերազմների մասին, կոնկրետ՝ ղարաբաղյան, հավանաբար ծավալուն դիտարկումներ եղան:

– Իհարե, Անուշն իր խոսքում ներկայացրեց այսօր Ղարաբաղում տիրող իրավիճակը,  հակամարտությունն ընդհանրապես։ Բայց պետք է ասեմ, որ դոմինանտում էր ուկրաինական պատերազմի թեման։ Բարձրաձայնվեց, որ տարածաշրջանում պատերազմները  ձգվում են 30 տարուց ավելի։ Արմենն էլ նշեց, որ չնայած Գերմանիայում Գորբաչովը դիտարկվում է որպես հերոս, ով միավորեց Արեւելյան ու Արեւմտյան Գերմանիաները, վերջ դրեց Խորհրդային Միությանը, սակայն մեր տարածաշրջանում հենց այդ իրողություններից հետո սկսվեցին անվերջանալի կոնֆլիկտները, պատերազմները… Եվ սա է Արեւելքի ու Արեւմուտքի երկխոսության կարեւորությունը, որով փորձ է արվում վերացնել կամ հնարավորինս փոքրացնել ստեղծված անդունդը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ Բեռլինի միջազգային գրական փառատոնից

Հ. Գ. -Մեր դիտարկմամբ՝ վերջին շրջանում ընթերցողների ուշադրության կենտրոնում են Անուշ Քոչարյանի «Վայրի խոտեր» բանաստեղծությունների ժողովածուն եւ Արմեն Հայաստանցու «Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուն ու «Մայրենիք» վիպաշարը։

«Առավոտ» օրաթերթ
20.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930