2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների շրջանում հրապարակայնորեն հնչեցված՝ անկարգություններ իրականացնելու հրապարակային կոչերից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին՝ սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:
Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով։
Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։
Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե