Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանակն է Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի․ Ճիշտ չէ Ալիեւին վստահելի կամ ռազմավարական գործընկեր անվանել․ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտում է իրականացնում»․ ԵԽ-ում քննարկել են ԼՂ-ի դեմ ռազմական ագրեսիան

Սեպտեմբեր 20,2023 22:20

Ստրասբուրգում այսօր կայացել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի կազմակերպած քննարկումը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

Արմենպրեսի փոխանցմամբ՝ նիստը նախագահող Դեյվիդ Մըքալիսթերը հայտարարել է՝ Եվրախորհրդարանը կոչ է անում դադարեցնել պատերազմական գործողություններն ու անցնել Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ ուղիղ բանակցություններին, որը կայունության եւ խաղաղության հասնելու միակ ճանապարհն է․«Եվրախորհրդարանը միշտ պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Երեկվա իրադարձություններն, ըստ էության, հիսաթափեցնող են, որովհետեւ կարող են խաթարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունները, ինչպես նաեւ ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ջանքերը, որոնք ուղղված են լարվածության թոթափմանը։ Հատկանշական է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսեց հումանիտար բեռով ավտոմեքենաների մուտք գործելուց մեկ օր անց: Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ իրականացված ռազմական գործողությունների հետեւանքներով, ուստի պահանջում ենք Ադրբեջանից անմիջապես դադարեցնել հետագա էսկալացիային ուղղված քայլերը»։

Լուկ Պիեռ Դեվինյա

Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկ Պիեռ Դեվինյան նշել է՝ դրությունը ԼՂ-ում իսկապես չափազանց բարդ է․«Անգամ ինն ամիս տեւող շրջափակման, էլեկտրաէներգիայի եւ վառելիքի բացակայության պայմաններում տեղի բնակիչները հրաժարվում են լքել հարազատ բնակավայրերը, նրանք օգնության կարիք ունեն։ Հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է․««Մենք գտնում ենք, որ տարածաշրջանում պետք է անմիջապես հաստատվի հրադադար։ Բաքուն պնդում է, որ ԼՂ բնակիչները պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, սակայն իննամսյա շրջափակումն անհամատեղելի ու անհամեմատելի է նման ցանկության հետ։ Կա նաեւ կողմերի միջեւ վստահության լիակատար բացակայություն։ Ադրբեջանական կողմը վերջերս ձերբակալեց մի քանի ղարաբաղցիների՝ նրանց մեղադրելով ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցելու մեջ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես հարյուր հազարավոր բնակիչներ պետք է տեղահանվեն։ Եթե նրանք գան Հայաստան, դա մեծ խնդիրներ կհարուցի այդ երկրի համար»։

Մարինա Կալյուրանդ

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն արձանագրել է՝  Եվրախորհրդարանի հայտարարությունները շատ տեղին են եւ պարունակում են իրավիճակի կոնկրետ գնահատական, սակայն բավարար չեն՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից որեւէ արդարացում չունեցող եւ նախապես ծրագրված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրա համոզմամբ՝ ժամանակն է գիտակցելու Ալիեւի ռեժիմի գործունեության հետեւանքները․«Հարցն այն է, թե ի զորու՞ ենք մենք սահմանել պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են ռազմական օպերացիայի եւ մարդկանց տառապանք պատճառելու համար։ Վաղուց ժամանակն է նաեւ վերանայել մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ճիշտ չէ նրան անվանել վստահելի կամ ռազմավարական գործընկեր։ Հրադադարի համաձայնագիրն անշուշտ կարեւոր փաստաթուղթ է, եւ ես համաձայն եմ վարչապետ Փաշինյանի խաղաղարար նպատակների հետ, ով բանակցային գործընթացը համարում է վճռորոշ, բայցևայնպես մենք ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար աղետին։ Միջազգային կառույցներն ու կազմակերպությունները պետք է անարգել մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ։ Այսօր Հայաստանն ավելի քան երբեւէ մեր աջակցության կարիքն ունի։ Այնտեղ պետք է վստահ լինեն, որ մենք կանգնած ենք իրենց կողքին և դրա ամենավառ ապացույցը կլինի Ադրբեջանի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկելը»։

Անդրեյ Կովաչեւ

ԵԽ պատգամավոր Անդրեյ Կովաչեւն  ասել է՝  տասնամյակներ շարունակ միջազգային հանրության եւ մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների համար առաջնային են եղել երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ուժի կիրառման բացառումը։ Վերջին երկուսն Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվել են 2020 թվականին եւ երեկ․«Մենք բազմաթիվ անգամ հանդես ենք եկել ԼՂ բնակչության եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության օգտին՝ ղարաբաղցիներին անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրելու պայմանով, որպեսզի նրանք նորմալ կյանքով ապրեն իրենց բնակավայրերում։ Սա բանակցային գործընթացի ամենահիմնարար կետն է, եւ ոչ թե Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան միջանցք տրամադրելը կամ սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսելը։ Ինչպե՞ս պետք է ԼՂ-ի բնակչությունն ապրի անվստահության եւ ռազմական գործողությունների ու այլ սպառնալիքների պայմաններում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին նախեւառաջ ապահովել հումանիտար բեռների անխոչընդոտ մատակարարումը ԼՂ, որի ժողովուրդը հայտնվել է կարիքի մեջ։ Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»։

Մայքլ Գալեր

Մայքլ Գալերը նշել է՝ Եվրախորհրդարանը պետք է սերտացնի հարաբերությունները ՀՀ կառավարության հետ, որն իշխանության է եկել լեգիտիմ եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում․«Մենք պետք է երաշխավորենք ու պնդենք, որ մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել ԼՂ-ում, ոչ մի դեպքում ճնշման միջոցով չարտաքսվեն այնտեղից։ Նրանք իրենց բնօրրանում ապրելու իրավունք ունեն եւ պետք է անարգել օգտվեն հումանիտար օգնությունից, իսկ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն ու վերականգնվի գազամատակարարումը։ Դա մեր առաջնային պահանջն է»։

Միրիամ Լեքսման

Սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը նշել է՝ Եվրոպական Միության խոսքերը հակասում են գործողություններին։ Նա նկատի ունենալով Ադրբեջանից գազ գնելը, նշել է, որ այն ոչ մի կերպ չի նվազեցրել Ռուսաստանի գազից կախվածությունը։ Նա   կոչ է արել ստուգել՝ արդյոք Ադրբեջանից ԵՄ հասնող գազը ռուսական չէ։

Լեքսմանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ եւ ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանի հետ բոլոր երկկողմ հարաբերությունները, մինչեւ Ադրբեջանը չսկսի հարգել մարդու իրավունքները եւ միջազգային արժեքներն ու օրենքները։

Ժելյանա Զովկո

Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն ասել է՝ ԵՄ-ն պետք է կենտրոնանա այն բանի վրա, որ ԼՂ-ում մնացող մարդկանց կյանքերը պաշտպանվեն, իսկ Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից։ Նա նշել է՝ կանխարգելիչ դիվանագիտությունը «լիովին ձախողվել է» ինչպես եվրոպացիների, այնպես էլ միջազգային հանրության կողմից, որն ամիսներ շարունակ սպասում էր, որ այս ամենը տեղի կունենա․«Մենք չպետք է փոխզիջումների գնանք ավտորիտար որեւէ վարչակարգի հետ։ Նախ եւ առաջ, պետք է պատժամիջոցների ենթարկվեն բոլոր նրանք, եւ ձերբակալման հրամաններ տրվեն բոլոր նրանց համար, ովքեր իրագործում են էթնիկ զտում, որովհետեւ մենք չենք կարող կրկնել մի բան, որը տեղի է ունեցել Բալկաններում շատ տարիներ առաջ»։

Ֆրանսուա Ալֆոնսի

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին հայտարարել է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացնում արդեն 3 տարի․«Սա այնքան ակնհայտ էր: Չգիտեմ, թե ինչով կարող ենք բացատրել, որ Արեւմուտքի, ԵՄ-ի կողմից ավելի շատ արձագանք չի եղել: Եվ հիմա դա արագանում է»։

Ալֆոնսին խոսել է Բաքվի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների բացակայության մասին․«Հիմա այն, ինչ պետք է անել, մոտեցումը, մարտավարությունը փոխելն է, մոտեցումը պետք է փոխեն եվրոպական դիվանագիտական ծառայությունները, ԵՄ-ն: Պատգամավորը շեշտել է՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւս պետք է ինքնաքննադատությամբ զբաղվի ու հարմար բառեր գտնի՝ պախարակելու Ալիեւին եւ Ադրբեջանի ողջ ռեժիմին:

Իզաբել Սենտուշ

Եվրախորհրդարանի պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սենտուշը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական լայնածավալ հարձակման մեջ մեղադրել է ԵՄ պաշտոնյաներին, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ․«Մենք չենք կարող մոռանալ, որ այս ամենը մեծապես հետեւանք է մեր գործած լուրջ սխալների, երբ եվրահանձնակատարը եւ անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն այցելեցին Ադրբեջան՝ համաձայնագրեր ստորագրելու Ադրբեջանի հետ՝ ասելով, որ այդ երկիրը հուսալի գործընկեր է, եւ վստահելով նրանց։ Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել տարիների ընթացքում, 2020-ին եւ հիմա՝ այս նոր իրավիճակով, որը մենք ինքներս ենք ստեղծել։

Սենտուշի բնութագրմամբ՝ Բաքվի լայնածավալ հարձակումը վրեժխնդրություն է։

Նա մի քանի առաջարկ է արել՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ԼՂ բնակչությունը ստիպված չլինի հեռանալ․«Մենք չենք կարող մեղսակից լինել ԼՂ-ում  էթնիկ զտումների այս փորձին, մենք պետք է կանգնենք ժողովրդի կողքին։ Մենք կարող ենք մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ գտնվող մարդկանց Լաչինի միջանցքով, ինչն առայժմ չենք կարողացել անել։ Եվ մենք պետք է ուժեղացնենք տեղում մեր քաղաքացիական առաքելությունը»։ Նա նաեւ կասկածի տակ է դրել ՌԴ խաղաղապահների դերը։

Սենտուշը հարց ուղղեց Եվրախորհրդարանին՝ «ի՞նչ իրական շոշափելի քայլեր են կատարվում՝ ի պատասխան այս իրադարձությունների։ Գրեթե 24 ժամ է անցել, գործելու ժամանակն է»։

Լուկաս Ֆուրլաս

Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասն ասել է․«Եթե ես հայ լինեի եւ հետեւեի այս քննարկմանը, ամենեւին ուրախ չէի լինի: Շատ խոսքեր եւ շատ քիչ գործողություններ: Հարցը շատ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա:Երբ հումանիտար օգնությունը չէր կարողանում Լաչինի միջանցքով անցնել ու տեղ հասնել, իրենք՝ ԵՄ-ն, ի՞նչ արեցին: Իմ հարցը շատ պարզ է. հիմա, այս պահին, երբ Ադրբեջանը կոտորում է ժողովրդին, որպես ԵՄ, մենք ի՞նչ ենք պատրաստվում անել,  պատրաստվում ենք դատապարտել բառերով, պատրաստել բանաձեւ ու դատապարտել գործողությունները, թե՞ ինչ-որ բան ենք անելու, ինչպես արեցինք Ռուսաստանի դեպքում՝ Ուկրաինայի հետ կապված: Ամեն ինչ պարզ է, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեր նկատմամբ»։

Լարս Պատրիկ Բերգ

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը հայտարարել է՝«Ադրբեջանի համար, իսկապես, հետեւանքների ժամանակն է, եւ դատապարտումը բավարար չէ: Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ի հակադրություն Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքի՝ Ադրբեջանն ակնհայտորեն վստահելի գործընկեր չէ: Անշուշտ ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի: Ադրբեջանական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում փորձում էր սովամահ անել էթնիկ հայերին, իսկ այժմ նրանք գնդակոծում են խաղաղ բնակչությանը՝ որպես իրենց էթնիկ զտումների քաղաքականության մաս: Բավական է»։

Նատալի Լուազո

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն ասել է՝մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից, հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերը  լիակատար ձախողում է,«Մենք այդպես էլ երբեք ագրեսորին իր անունով չկոչեցինք․․․ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ցանկանում է հայ ժողովրդի լիակատար հպատակեցումը եւ ստորացումը։ Ադրբեջանը ռազմական գերակայության է հասել Թուրքիայի եւ Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը։ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Հայաստան տեղահանելու ջանքերը էթնիկ զտում են․«ԵՄ-ն անընդունակ է եղել կանխել հարձակումը, որի իրագործումը կանխատեսելի էր: Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից․․․ Եվրոպական դիվանագիտությունը հետեւողականորեն անտեսել է նախազգուշական նշանները։ ԵՄ-ի պասիվությունն Ադրբեջանի համար «կանաչ լույս» է հանդիսացել։ Այս ամենով ԵՄ-ն ցույց է տալիս, որ իրենց վրա հույս դնել չի կարելի»։

Շարլի Վեյմերշ 

Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերշն ասել է՝ Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, եւ դա բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում նրանք ադրբեջանցիների կողմից ենթարկվել են սովի, նրանց եկեղեցիները եւ մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են, քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել․«Բնականաբար, նրանք վախենում են իրենց կյանքի համար․․․ Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է։ ԵՄ-ն որեւէ գործողություն չի ձեռնարկում Արցախում էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ»։

Գիորգո Գիորգիու

ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն հայտարարել է՝ ԼՂ-ում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել․«Ամեն ինչ սկսվել է որպես ցեղասպանություն 1915 թ․-ին թուրքերի կողմից, եւ շարունակվում է այսօր որպես ցեղասպանություն եւ էթնիկ զտում պարոն Ալիեւի կողմից, որը պարոն Էրդողանի մտերիմ գործընկերն է։ Ցավոք, նա նաեւ Եվրոպական միության մտերիմ գործընկերն է։ Վերջերս տիկին ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ պարոն Ալիեւը եւ Ադրբեջանը հուսալի գործընկեր են, քանի որ մենք կուրացած ենք, քանի որ մենք ցանկանում ենք բնական գազ գնել Ադրբեջանից եւ հեռանալ Ռուսաստանից։ Լեռնային Ղարաբաղում հայերը հարձակման ենթարկվեցին այն ժամանակ, երբ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև համատեղ զորավարժություններ էին ընթանում»։

 

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930