«Որ փոքր էի, գիրք էի կարդում, զարմանում էի՝ ոնց 1915-ին ցեղասպանություն եղավ ու զարմանում էի՝ ոնց հայերը չկարողացան դիմադրել։ Պապս ասում էր՝ Վազգեն, որովհետև մենք անկախ պետություն չունեինք։ Ես ինձ նվիրեցի անկախ պետության համար, ու մենք ունեցանք անկախ պետություն։ Վերջին անգամ այստեղ եղել եմ 1993-ին՝ որպես ՊՆ նախարար․ ընդունում էի հաղթած զորքերի շքերթը»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։
Նա փաստեց՝ հիմա մենք ունենք պետություն, բանակ, բայց անկախ Հայաստանի աչքի առաջ տեղահանություն ու կոտորած է տեղի ունենում մեր հայրենակիցների հետ Արցախում․ «Ո՞վ կհավատար դրան։ Էրդողանն ասում է, որ մենք դեռ պայմանավորվածություն ունենք Նիկոլ Փաշինյանի հետ՝ Սյունիքի, անկլավների վերաբերյալ։ Ի՞նչ է նշանակում պայմանավորվածություն, եթե երկու անձ պայմանավորվում են, դա նշանակում է, որ ես քեզ սա եմ տալիս, դու ինձ՝ սա։ Մենք որևէ բան ստացե՞լ ենք Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Ուրեմն ո՞վ է ստացել, ստացել է Նիկոլը։ Փաստորեն ՀՀ-ի ամենակոռումպացված թղթակիցը դրոշ բարձրացրեց կոռուպցիայի դեմ պայքարելու և դարձավ ՀՀ ղեկավար ու պայմանավորվածությունները մի կողմից սա է, մյուս կողմից՝ ինքն ուրեմն ինչ-որ բան ստացել է։ Չլինի Նիկոլը չեն լինի պայմանավորվածությունները»։
Վազգեն Մանուկյանը վստահեցրեց՝ այս փորձությունից ուժեղացած ենք դուրս գալու, Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնելու։ Նա հորդորեց ժողովրդին չնվնվալ ու պայքարել։ Ասաց, որ այժմ ստեղծվում է կոմիտե, գնում են բանակցություններ տարբեր ուժերի հետ․ «Բայց պայմանը սա է՝ հենց մտան կոմիտեի մեջ, իրենց կուսակցությունը նշանակություն չունի, պիտի լինեն անձեր, որ ամբողջ քաղաքական դաշտը ենթարկվի այդ կոմիտեին այս հարցում՝ իշխանություն փոխելու հարցում»։ Վազգեն Մանուկյանն ասաց, որ վաղը՝ ժամը 18։00-ին, երբ հավաքվեն Հանրապետության հրապարակում, կասի կոմիտեի կազմը և թե ինչ գործունեությամբ է այն զբաղվելու։
Կարդացեք նաև
Նաև հորդորեց ժողովրդին լինել էմոցիոնալ, սիրել մեր երկիրը, ատել թշնամիներին և սառը մտածել։ Նաև կոչ արեց ինքնուրույն գործել։ Ըստ Վազգեն Մանուկյանի՝ հիմա պայքարը մտնում է նոր փուլ, քանի որ հանրությունը հասկանում է, որ կործանվում է Արցախը․ նույնը լինելու է Հայաստանում։ Վազգեն Մանուկյանը նաև կոչ արեց Սյունիքի ժողովրդին զինվել․ «Կազմեք ջոկատներ, մեր բանակը ուժեղ է, բայց գտնվում է մի մարդու ձեռքին, որը ոնց ուզում, օգտագործում է։ Մենք էլ այստեղ փորձենք իշխանություն փոխելով՝ պահել մեր երկիրը։ Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնելու»։
Մանուկ Սուքիասյանն էլ տեղեկացրեց՝ սեպտեմբերի 21-ին ՝ առավոտյանը ժամը 07։00-ին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Եռաբլուրում՝ զոհված տղաների հիշատակին։ Այնուհետև ժամը 18։00-ին կրկին կհավաքվեն Հանրապետության հրապարակում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ