«Ես էլ ձեզնից մեկն եմ, որն ուզում է՝ հենց հիմա, րոպե առաջ Նիկոլ Փաշինյանին վռնդենք իշխանության համակարգից»,-Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ արդյունքի հասնելու համար պետք է պահել կազմակերպվածություն և կարգապահություն․ «Մենք՝ բոլորս՝ ամեն մեկս, մեր թիմակիցները, գաղափարակիցները մտել ենք հիմա-ի տրամաբանության մեջ։ Մեր թշնամին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլ իրեն սատարող երկու պետությունները՝ առնվազն երկուսը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, հետևաբար մենք արդյունքի հասնելու համար ոչ թե պետք է ֆիդայական ջոկատներով, հախուռն գրոհներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք մեր թշնամուն։ Եթե մենք չկարողացանք պաշտպանել Արցախը, ՀՀ-ն, կապ չի կարող ունենալ, թե ով, ինչ կարգավիճակ ունի, ով ինչ կարիերա է անելու։ Հետևաբար ես ձեզնից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն։ Պետք է ճիշտ կազմակերպենք ու հասնենք արդյունքի, ու ես համոզված եմ, որ մենք Նիկոլին վռնդելու ենք»։
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ քաղաքական պայքարը ենթադրում է, որ պետք է առավելագույն զանգվածայնություն ապահովել․ «Խոսքը միայն այս հրապարակի մասին չէ։ Սա պետք է լինի համազգային փոփոխություն»։
Դիմելով ուսանողներին, Անդրանիկ Թևանյանն ասաց․ «Ուսանողներ, ստիպեք ձեր դասախոսներին նույնպես դասադուլ իրականացնել և կանգնել ՀՀ-ի ու Արցախի օգտին։ Բացի հատուկ նշանակության կառույցներից մենք պետք է գործադուլների շարք սկսենք, կարողանանք ամբողջ հանրությանը այս հրապարակի օգտին տանել։ Մենք բոլորս որևէ կասկած չունենք, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր օրը վտանգում է մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է, մենք դաշնակից ու բարեկամ ունենալ չենք կարող։ Մենք՝ ինքներս մեր տունը պիտի նորոգենք՝ վռնդելով Նիկոլին ու ձևավորելով նոր ազգային կառավարություն»։
Կարդացեք նաև
Հանրահավաքի մասնակիցների կողմից հնչում էին կոչեր, թե Արցախին օգնեք, Արցախից խոսի։ Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց՝ իրենց պայքարը աթոռակռիվ չէ, այլ գոյության հարց։
Խոսելով իրենց գործողությունների մասին՝ Անդրանիկ Թևանյանն ասաց․ «Մեր գործողությունները պետք է հանգեցնեն անցնցում զարգացումների, քանի որ հանրության ակտիվ զանգվածն այստեղ է, բայց մի մոռացեք, որ մեր հանրության մեծ մասը, որը նույնպես ուզում է փոփոխություններ, պատրաստ չէ ցնցումային զարգացումների, մենք էլ չենք ուզում, որ արյուն թափվի, մենք ուզում ենք միասնական լինել։ Հետևաբար առանց ցնցում իշխանափոխությունն այլընտրանք չունի»։
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ պատրաստ է հայտնվել զոհասեղանին, բայց ապահովել արդյունք։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ