«Երեկ շուրջ 3 տասնյակից ավելի քաղաքական ուժ խորհրդակցություն են ունեցել, քննարկել են ճանապարհային քարտեզ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու: Պետք է ստեղծվի համակարգող մարմին, ազգային խորհուրդ, կոմիտե, նման մի ֆորմատ, որը համակարգի ամբողջ աշխատանքները»,- այսօր կառավարության շենքի առջեւ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հարցին՝ ընդդիմության առաջնորդը Անդրանիկ Թեւանյա՞նն է՝ Սաղաթելյանը պատասխանեց, որ չեն հավաքվել՝ ընդդիմության առաջնորդ որոշելու, այլ՝ ճանապարհային քարտեզ մշակելու:
Լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ասում էիք՝ կանխել եք Արցախի հանձնումը, այսօր մենք Արցախ չունենք, ի՞նչ էիք անում դուք 3 տարի շարունակ՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Եթե այն, ինչ արել ենք, արած չլինեինք, վաղուց տրված կլիներ, ուժերը չեն բավարարել, հիմա եկել հասել ենք այս օրվան: Մենք ինչ կարողացել ենք՝ արել ենք»:
Լրագրողների քննադատություններին, որ Աղավնոն ու Բերձորը որ չթողեիք հանձնեին, այսպես չէր լինի, ձեզանից շատերը հանգստանում էին՝ Իշխան Սաղաթելյանը արձագանքեց. «Դե ուրեմն գնացեք հանգստացողներին հարցրեք եւ ոչ թե ինձ»,- ասաց Սաղաթելյանն ու լրագրողներից հեռացավ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ