Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Ազատ անկման մեջ գտնվող մեր պետականության և ազգի համար խիստ կանխատեսելի են հաջորդ սպառնալիքները»

Սեպտեմբեր 20,2023 19:50

Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետը ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Հայաստանն ու հայությունը զրկվում են պետականությունը խորհրդանշող գրեթե բոլոր սիմվոլներից, իսկ առանց պետականության սիմվոլների, նպատակների ազգերը պետականություն չեն ունենում, այլ ունենում են, պայմանական ասած, «գինու փառատոններ»:

Աշխարհը լուռ հետևեց արցախցիների մեկօրյա ինքնազոհ գոյամարտին, որը հայոց զենքի պատվի, սակայն հուսահատ պայքարի ևս մեկ խորհրդանիշն է դառնալու: Աշխարհը հետևեց և կարող է դեռ հետևել արցախցիների հերոսական պայքարին, որը ինչ-որ առումով նման է «Վերջին սամուռայը» ֆիլմին և դրա պատմական հիմքը հանդիսացող դեպքերին: Ամիսներով շրջափակման մեջ գտնվող արցախցին գիտակից մահվան է գնում արհամարհական ժպիտով նայելով աշխարհի «արդարության և մարդասիրության» վրա:

Աշխարհը լուռ հետևում է 21-րդ դարի նոր Հայոց ցեղասպանությանը, ինչպես հետևել է 20-րդ դարի ցեղասպանությանը, սակայն մի բան է փաստ՝ սա է աշխարհի և մեծ քաղաքականության խաղի կանոնը, դաժան, անմարդկային, հակաաստվածային, սակայն, այնուամենայնիվ, կանոնը: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է, և միայն մենք ենք, որ լինելով պատմության ամենածույլ աշակերտը՝ այդպես էլ դասեր չենք քաղում և կրկին ապավինում կոչերին, արևմուտքին, Ռուսաստանին, Վիլսոնին, Սնուպ Դոգին և այլն:

Մեր պատմության այս փուլի վերջին էջը կարծես շրջվում է անտարբերների փառատոնային խինդի, «քաղաքականությամբ չզբաղվողների» տիեզերական երկչոտության դողէրոցք ու «նախկիններ, թալանչիներ, ասֆալտ, թոշակ» անգիտակից զառանցանքի ներքո:

Ազատ անկման մեջ գտնվող մեր պետականության և ազգի համար խիստ կանխատեսելի են հաջորդ սպառնալիքները, որոնք ստեղծել են պետականակործան իշխանությունները և նրանց մեղսակից, այսպես կոչված, դիվանագետները, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով ու «կադաստրի վկայականի» մանրամասներով ճանաչելուց հետո դիվանագիտությունը վերանում է, թշնամի և ոչ թշնամի պետությունները ձեռք են բերում հնարավորություն հղում անելով Հայաստանին՝ հիմնավորել իրենց անտարբերությունը, չեզոքությունը: Թշնամի Ադրբեջանը հաջորդ քայլով պահանջելու է, այսպես կոչված, անկլավները և միջազգային հանրությունը կրկին լռելու է և կրկին հղում է անելու Հայաստանին:

Ադրբեջանի շարունակական աճող և նաև կոնկրետ անձերի հետ կապված պահանջների շրջանակներում չեն բացառվում հուսահատ և հերոսական դիմադրության որոշ նոր օրինակներ, պարտիզանական պայքարի դրսևորումներ, կամ 1920 թ. Կարսը հանձնելուց հետո ինքնասպան եղած գյումրեցի գնդապետ Հովհաննես Մազմանյանի արարքի նման սպայական պատվից բխող քայլեր: Սակայն սրանք արդեն այս ամբողջ պատմությանը ևս մեկ ողբերգական գույն տվող դետալներ են, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու կամքը վերահաստատող փաստեր, արժանապատիվ պայքարն ու մահը նվաստացումներից և կտտանքներով տանջամահ արվելուց գերադասող հայի պահվածք:

Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և ըստ այդ տրամաբանության, պայքարը երբեք չի դադարում, հնարավոր չէ դադարեցնել: Ուստի, շարունակելու ենք մեր պայքարը հավատով առ Աստված և վճռականությամբ դեպի մեր հավերժական նպատակներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930