Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ես ցավում եմ Ղարաբաղի շրջանի շուրջ ռազմական էսկալացիայի և խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա դրա ազդեցության պատճառով:
Վերջին տարիների ընթացքում, ինչպես նշված է իմ 2021թ. հուշագրում, տեղի բնակչությունը տառապում է տարածաշրջանում զինված ռազմական գործողությունների մարդասիրական և մարդու իրավունքների հետ կապված հետևանքներից: Մասնավորապես, անցած դեկտեմբերից սկսած՝ նրանք ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով հիմնական պարագաների և ծառայությունների սուր պակաս։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով, որ նրանց անվտանգությունը հերթական անգամ վտանգված է, իսկ մարդու իրավունքները ոտնահարվում են՝ խորացնելով նրանց տառապանքը։
Ես ի գիտություն եմ ընդունում, որ հրադադար է հայտարարվել։ Շատ կարևոր է, որ տարածաշրջանում ավարտվեն զինված ռազմական գործողությունները՝ ապահովելու համար խաղաղ բնակչության անվտանգությունը։ Կարևոր է երաշխավորել կանոնավոր և անարգել մուտք մարդասիրական օգնություն ցուցաբերողների և նրանց համար, ովքեր ապահովում են տեղի տուժած բնակչության իրավունքների պաշտպանությունը:
Կարդացեք նաև
Հաշտեցման ճանապարհը պետք է շտապ վերականգնվի, և պետք է վերականգնվի երկխոսությունը՝ հիմնված տուժած բնակչության մարդու իրավունքների նկատմամբ լիարժեք հարգման վրա՝ կայուն խաղաղություն ապահովելու համար բոլոր մարդկանց համար:
Ես հաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու տարածաշրջան՝ օգնելու հաղթահարելու մարդու իրավունքների առկա մարտահրավերները»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ