Լրահոս
Օրվա լրահոսը

Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե չմիջամտելը չի հանգեցնելու պատերազմի և որ ինչ որ փուլում մենք այդ պատերազմին չենք բախվելու. փորձագետ

Սեպտեմբեր 20,2023 18:12

Փաստացի մենք ականատես ենք դառնում Արցախյան հիմնախնդրի լուծման ադրբեջանական օրակարգի իրացմանը, պարզապես՝ ուժի գործադրման ուղիղ սպառնալիքի տակ: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հայտարարեց տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով Արցախի վրա Ադրբեջանի հարձակմանը։

Նա հիշեցրեց, որ ամառվա ընթացքում խոսակցություններ կային Արցախ-Ադրբեջան բանակցություններ կազմակերպելու, շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրելու ու առհասարակ՝ արցախյան հիմնախնդիրը լուծելու վերաբերյալ:

«Ադրբեջանական կողմը ուներ հստակ օրակարգ, որն առաջին հերթին վերաինտեգրման ծրագիրն էր. նախ՝ արցախյան բանակի լուծարում, ապա՝ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների լուծարում և Ադրբեջանի սահմանադրության և օրենքների աստիճանաբար ընդունում, Արցախի ամբողջական կառավարման անցում ադրբեջանական իրավասության ներքո: Զուգահեռաբար ականատես ենք լինում այդ գործընթացներին, հումանիտար աղետի հանգուցալուծման հետ կապված ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք ևս ըստ էության լեգիտիմացան. մենք տեսանք Աղդամի ճանապարհի օգտագործումը թեկուզ ընդամենը մի քանի օր: Ակնհայտ էր, որ կար ծրագիր և այն քայլերը, որ Ադրբեջանի կողմից իրականացվում էին՝ իմիտացիոն բնույթ էին կրում և նպատակը ուժի կիրառման միջոցով Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման ադրբեջանական օրակարգի պարտադրումն էր: Երբ դիտարկում ենք ձեռք բերված պայմանավորվածությունները և շրջանառված փաստաթուղթը՝ մեծ հաշվով դա հենց ադրբեջանական օրակարգի պարտադրումն է, պարզապես այնտեղ միջանկյալ կետը երևի Եվլախում բանակցություններն են, որոնք եթե չասենք Արցախի լիարժեք կապիտուլյացիան է, գոնե՝ Արցախի ինքնիշխանության պատառիկների փուլ առ փուլ, աստիճանական զիջումն»,-մեկնաբանեց փորձագետը։

Անդրադառնալով հայտարարության այն դրույթին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման հատվածից ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման, Արցախի ՊԲ ամբողջական կազմալուծման վերաբերյալ, քաղաքագետը նշեց. «Դա շատ հայտնի քարոզչական հնարք է, որ տևական ժամանակ է՝ հատկապես ադրբեջանական կողմը օգտագործում է, նույնիսկ՝ 44 օրյա պատերազմից հետո է շրջանառվում է ՀՀ ԶՈւ եզրույթը: Դրա նպատակն է ցույց տալ, որ հիմնախնդիրը բնավ էլ Արցախի և Ադրբեջանի մեջ չէ, անգամ՝ պատերազմից հետո հակամարտության կողմ շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունը, որն ունի ռազմական ներկայություն, որը պարբերաբար սադրում է իրավիճակը Արցախ-Ադրբեջան գծում և ազդեցություն է ունենում Արցախի ներքին գործընթացների վրա, ազդում է Արցախի դիրքավորման վրա: Սա անհրաժեշտ էր մի քանի նպատակով, նախ՝ Հայաստանին որպես ճնշման լծակ օգտագործելու, երկրորդը՝ հնարավոր առճակատման պարագայում Հայաստանին ևս դրա մեջ ներքաշելու նպատակով և երրորդը՝ գուցե նաև հոգեբանական, բայց այս խնդրի լուծումը որպես ադրբեջանական կողմի որպես հաղթանակ ներկայացնելու»:

Պե՞տք է արդյոք Հայաստանի կողմից ռազմական միջամտություն լիներ հարցին՝ քաղաքագետը դժվարացավ միանշանակ պատասխանել, քանի որ իր բնորոշմամբ, այն շատ զգացական հարց է և որպես քաղաքացի, այլ ոչ որպես քաղաքագետ, ինքը կարծում է, որ պատմական հայրենիքի մի հատվածի փրկության համար պետք է Հայաստանը միջամտի: «Բայց երբ խնդիրը քննարկում ենք փորձագիտական մակարդակում, շատ ավելի լայն դիտանկյունից, միանշանակ է, որ Հայաստանի միջամտությունը հանգեցնելու էր ավելի լայն տարածաշրջանային պատերազմի: Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե չմիջամտելը չի հանգեցնելու պատերազմի և որ ինչ որ փուլում մենք այդ պատերազմին չենք բախվելու, քանի որ զուգահեռաբար մենք տեսնում ենք Թուրքիայից և Ադրբեջանից շատ ակտիվացած քարոզարշավի՝ Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացման վերաբերյալ, դա էլ հո ՀՀ տարածքո՞ւմ է, չենք կարող խուսափել պատերազմից»,-նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930