Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն ու Էրդողանը հայտարարել են, որ Հայաստանը պետություն ու բանակ չպետք է ունենա, Արցախն առաջին քայլն է»․ Լեւոն Հայրյան

Սեպտեմբեր 20,2023 18:04

«Սա դեռ վերջը չէ, մեր հակառակորդների նշանակետը Ստեփանակերտն ու Արցախը չեն, այլ Երեւանն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

«Մեր հակառակորդներն ուզում են վերացնել այն, ինչ մնացել է 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Էրդողանը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո Բաքվում հայտարարեց՝ «մենք Էնվերի գործը պիտի շարունակենք»։ Հայերը, համաշխարհային հանրությունը ոչ մի արձագանք չտվեցին։ Համաշխարհային հանրությունը կարծես կենդանի է ուսումնասիրում, հետեւում են, թե արդյոք հնարավո՞ր է մի ազգ այնքան հիմարանա, որ ինքն իրեն կործանի։ Եթե Ալիեւն ու Էրդողանը հայտարարել են, որ Հայաստանը պետություն ու բանակ չպետք է ունենա, Արցախն առաջին քայլն է։ Ռուս-թուրքական ալյանսն այս անգամ իրենց հարցերը ճիշտ են դրել, նրանք գիտեին, որ ամբողջ հայկական աշխարհում պայքարի հիմնական օջախն Արցախն է, սկսել են Արցախը ոչնչացնելուց։ Արցախից հետո Հայաստանը կուլ տալը մեկ վայրկյանի հարց է։ Հայաստանում ժողովուրդը չի էլ փորձում մտածել իր վիճակի փրկության մասին»,- ասաց նա։

Լեւոն Հայրյանի խոսքով՝ հայ ժողովուրդը կամ պետք է փորձի պայքարել, կամ էլ թուրքերի նշանակետը Երեւանն է լինելու։ «Ըստ թուրքերի ծրագրի՝ Երեւանում հայկական իշխանություն չպետք է լինի, իսկ եթե հայերը կուզեն ապրել, դա իրենց գործն է։ Հայկական բանակի ցրումը սկսվել է Ստեփանակերտից, այստեղ շարունակվելու է։ Ալիեւը բողոքում է, որ Հնդկաստանը Հայաստանին զենք է տալիս, Հայաստանին ասում է՝ դու չպետք է զինվես։ Իսկ Հայաստանից չեն պատասխանում, ասում են՝ մենք խաղաղության գործընթացի ջերմ ջատագովներն ենք»,- հավելեց նա։

Ըստ Հայրյանի՝ Հայաստանի այսօրվա իշխանություններն ամեն կերպ աջակցում են թշնամիներին։ «Նիկոլն ամեն քայլ անում է, հայտարարում է, որ մենք կադաստրի թուղթ չունենք, որ Արարատ լեռը պետք է հանենք մեր քարտեզից, շուտով սկսելու է հրաժարվել ցեղասպանության հարցից։ Այսինքն՝ նա սպասարկում է ուրիշ պետության շահերը։ Մեր ապագան շատ մշուշոտ է, ժողովուրդը պետք է «ոչ» ասի այս իշխանություններին, հեռացնի նրանց։ Բայց մարդիկ քայլ չեն անում, լրիվ կլանել են իշխող ուժի ապազգային գաղափարախոսությունը»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930