Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախի կորստով հայկական պետությունը հայկական պահելու շանսերը կտրուկ նվազել են, բայց կարելի է ընթացքը հետ տալ»․ Արփի Թոփչյան

Սեպտեմբեր 20,2023 17:46

«Մեզ այսօր որպես ազգ ոչնչացրեցին, որովհետեւ մեզ ստիպեցին կանգնել ու նայել, թե ոնց են ցեղասպանում մեր ժողովրդի մի մասին, թե ոնց են սպանում մեր երեխաներին։ Այսօր մեր բանակի հետ արել են սարսափելի մի բան, մեր զինվորներն ու սպաներն իրենց պատեպատ են տալիս, որովհետեւ տարբերակ չունեն օգնության հասնելու մեր հայրենակիցներին։ Սրա բարոյահոգեբանական հետեւանքները, որպես ազգ, մեզ համար ծանր են լինելու։ Եվ ինչպես մենք մինչեւ այսօր չենք հաղթահարել ցեղասպանության հետեւանքները, մենք սրա հետեւանքներն էլ շատ երկար չենք հաղթահարելու»,- այս մասին այսօր «Ազատազէն»-ի հրավիրած հավաքի ժամանակ ասաց «Բերդ» ՀԿ անդամ Արփի Թոփչյանը։

Նա նշեց, որ վիճակը ծայրահեղ վատացել է, որովհետեւ Արցախի կորստով փաստացի բացվել է Սյունիքի ճանապարհը։ «Թշնամին ունի հստակ պլան՝ առնվազն մինչեւ տարվա վերջ վերցնել «Զանգեզուրի միջանցքը», վերահսկողություն սահմանել Հայաստանի բոլոր միջպետական ճանապարհների նկատմամբ, որին հետեւելու է հայոց բանակի թվաքանակի կրճատումը, ռազմամարզական կառույցների ցրումը, ադրբեջանցիների վերադարձը դեպի Հայաստան։ Այսինքն՝ Արցախի կորստով հայկական պետությունը հայկական պահելու շանսերը շատ կտրուկ նվազել են։ Բայց այդ ամենը կարելի է դանդաղեցնել, նաեւ ընթացքը հետ տալ՝ հասկանալով, որ մենք մտել ենք գոյութենական պատերազմի մեջ։ Ավելի շուտ, մեզ մտցրել են գոյութենական պատերազմի մեջ, եւ դա նոր չէ։ Առնվազն վերջին 150 տարվա ընթացքում որոշում է կայացվել, որ հայությունն այս տարածաշրջանում չպիտի լինի որոշող քաղաքական գործոն։ Դրա համար է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Մեզ զրկել են մեր ռեսուրսից՝ մարդկային, նյութական, մտավոր, մեզ վերցրել են սահմանների մեջ։ Մեզ այսօր ռեզերվացիայի մեջ են պահում, որովհետեւ 1920 թվականին համարում էին, որ մենք ոտքի չենք կանգնի, բայց Արցախյան առաջին պատերազմում ցույց տվեցինք, որ հնարավոր է ոտքի կանգնել։ Մենք պետք է գիտակցենք մի պարզ բան, այն բոլոր սպառնալիքները, որոնք կան, դրանք կարող է չեզոքացնել միայն հայկական պետությունը։ Բայց այսօր հայկական պետությունը կամ մարդիկ, ովքեր հայկական պետության անունից որոշումներ են կայացնում, նման որոշում չեն կայացնի։ Հետեւաբար, մենք այսօր թաղում ենք Երրորդ հանրապետությունը։ Այսօր պայթեց 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարով հայկական պետության տակ դրված ականը»,- ասաց նա։

Արփի Թոփչյանի խոսքով՝ հարցը հետեւյալն է՝ ի՞նչ ենք անում մենք։ Մենք համաձայնո՞ւմ ենք սրա հետ, թե՞ ասում ենք՝ մենք ենք այս երկրի տերը, հետեւաբար պատասխանատվություն ենք վերցնում երկրի համար։ «Եթե երկրի իշխանությունը չի հայտարարում արտակարգ դրություն, մենք ենք դիմում համայն հայությանը՝ ասելով, որ մենք առաջին շարքում ենք, պատասխանատվություն ենք վերցնում՝ անելու քայլեր, որոնք կբեկեն իրադարձությունների աղետալի ընթացքը։ Իրոք, այսօր շատ ծանր օր է, բայց այս ծանր օրը հնարավորություն է, որպեսզի մենք վերջապես սովորենք իրար հետ խոսել։ Մեզ հետաքրքիր չէ, թե ով ինչ է որոշում, անձերն ինչ են ստորագրում, մեզ հետաքրքիր է այն, որ մենք ուզում ենք հայկական պետություն, որը պաշտպանում է իր քաղաքացիներին»,- հավելեց նա։

Արփի Թոփչյանը կոչ արեց՝ հենց այսօր ձեւավորել շարժում, ըստ նրա՝ մենք ունենք բավարար ռեսուրս՝ թե Հայաստանում, թե երկրից դուրս, եւ պետք է մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը։ «Կամ մենք համակարգային ենք սկսում նայել հարցերին ու համակարգային փոփոխություններ ենք անում, կամ Արցախը տալով՝ թերթում ենք հայոց պատմության վերջին էջը»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930