Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չկա Արցախի հարց, սա Հայաստանի դեմ պատերազմ է, եւ քանի դեռ պատերազմը շարունակվում է, մենք կարող ենք նաեւ հաղթել»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Սեպտեմբեր 20,2023 17:36

«Կա մի իրականություն, որ Հայաստանի դեմ պատերազմը նոր չի սկսվել, եւ պատերազմը շարունակվում է»,- այս մասին այսօր «Ազատազէն»-ի հրավիրած հավաքի ժամանակ ասաց քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ չի եղել առանձին Արցախի պատերազմ կամ Արցախի հարց։ «Կա Հայաստանի դեմ պատերազմի հարց եւ Հայաստանի հարց, եւ դա շարունակվում է։ Եվ Հայաստանի դեմ վարվող պատերազմի վերջնական նպատակը Հայաստանի անկախությունն է։ Սա անկախության պատերազմ է, որը շարունակվում է։ Եվ քանի դեռ պատերազմը շարունակվում է, մենք չենք կարող խոսել դրա վերջնական ելքի մասին։ Մենք չենք պարտվել, ոչ հաղթանակ կա, ոչ պարտություն։ Քանի դեռ պատերազմը շարունակվում է, ուրեմն կարող ենք նաեւ հաղթել։ Ճիշտ է, այսօր ծանր օր էր, ծանր լուրեր ստացանք, բայց դա չի նշանակում, որ ավարտվել է»,- հայտարարեց նա։

Հրանտ Տեր-Աբրահամյանը կոչ արեց անընդհատ չկրկնել, թե Արցախում ցեղասպանություն է իրականացվում։ «Սա կռիվ է, ցեղասպանություն չէ։ Պետք է լինի պայքար ու կռիվ, ոչ թե ցեղասպանություն, այս ոճից պետք է մի քիչ դուրս գանք ու կենտրոնանանք պայքարի ու կռվի գաղափարի վրա, սա պետք է լինի մեր հոգեբանությունն այսօր։ Այս կռիվը հայ ժողովուրդը կարող է վարել ու հաղթել՝ միայն հենվելով սեփական ուժերի վրա։ Գարեգին Նժդեհի ամենակարեւոր թեզը՝ միայն պետք է հենվենք մեր սեփական ուժերի վրա, ոչ մի արտաքին ուժ մեր փոխարեն մեզ այսօր չի պաշտպանելու։ Այսօր շատերը մտածում են՝ Ղարաբաղը վերջացավ, եթե Սյունիքի հարցը բարձրանա, պարսիկները կգան, ամերիկացիները կգան։ Չի լինելու այդպիսի բան, եթե դու ինքդ քո հողը չես պաշտպանում, ոչ միայն ոչ ոք չի գա քեզ պաշտպանելու, այլ չպետք է գա, դա սխալ է։ Մենք պետք է հենվենք սեփական ուժերի վրա եւ շարունակենք մեր պայքարը։ Դրա համար պետք է համաժողովրդական շարժում սկսենք, մենք պետք է այսօրվանից դնենք համաժողովրդական շարժման ձեւավորման հիմքերը։ Մի բան պարզ է, եթե կռիվը նորից մտնի տաք փուլ եւ հասնի բուն Հայաստանի տարածք, այդ կռիվն այսօրվա կառավարությունը չի կարող վարել։ Եվ ոչ ոք այլեւս այս իշխանության հրամանատարության տակ այդ կռիվը չի վարելու։ Դրա համար պետք է ձեւավորել համաժողովրդական շարժում, որը պետք է իր վրա վերցնի երկրում իրավիճակի պատասխանատվությունը եւ ձեւավորի նոր իշխանություն»,- ասաց նա։

Տեր-Աբրահամյանը նշեց, որ այսօրվանից պետք է այդ աշխատանքը սկսել, այդ համահայկական շարժումը պետք է լինի գաղափարական, արժեքային, ոչ կուսակցական եւ պետք է ունենա իր ծրագիրը։ Եթե այս օրակարգով առաջ շարժվենք, նրա խոսքով, հնարավոր է ինչ-որ բան փոխել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930