Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ո՞ւմ եք պաշտպանում, հայ ժողովրդի՞ն, թե մեկ մարդու, որը հանձնել է Հայաստանն ու Արցախը»․ բողոքի ցույց կառավարության առջեւ

Սեպտեմբեր 20,2023 15:54

ՀՀ կառավարության շենքի առաջ այս պահին տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում։ Ոստիկանական ուժերը համալրվում են։ Նրանք շղթա են կազմել ՀՀ կառավարության շենքի առաջ։

Մյուս կողմից քաղաքացիներ են՝ նրանց շարքերում մեծ թվով արցախցիներ են։ Նրանք, դիմելով ոստիկանական ուժերին, կոչ են անում վայր դնել իրենց ուսադիրները։ Մի քաղաքացի ասաց․ «Կարմիր բերետավորներ, դուք ո՞ւմ եք պաշտպանում, հայ ժողովրդի՞ն, թե մեկ մարդու, որը հանձնել է Հայաստանն ու Արցախը»։ Մեկ այլ քաղաքացի ասաց․ «Իրավագիտություն երևի չգիտեք, հա՞, փաստաթղթի տակ որ ստորագրությունը դրվեց, Հայաստանին միջազգային ատյաններով քարշ են տալու, էլ ի՞նչ ոստիկան, ի՞նչ ժողովուրդ»։ Մի կին էլ լացով նշեց․ «Իմ եղբայրը դիրքերում է, ես կապ չունեմ իր հետ, իր երեք մանկահասակ երեխաները չգիտեմ՝ ողջ են, թե՝ ոչ»։

Մի ուրիշն էլ, ցույց տալով ոստիկաններին ասաց․ «Տես, քանի Նիկոլ ունենք, էսքան Նիկոլից ազատվել կլինի՞»։

ՀՀ քաղաքացի Հայկ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Կոչով և խնդրանքով ուզում եմ դիմել ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին և ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին։ Այսօր Արցախը և ՀՀ-ն կանգնած են վտանգի առաջ։ Անկախ ձեր անձնական հավակնություններից, կուսակցական պատկանելությունից, միասին համախմբվեք, ժողովրդին ոտքի հանեք ու հասկացեք՝ ուր են տանում մեր երկու պետությունները»։

Նա ասաց, որ կկանգնի ցանկացած մարդու կողքին, որը կգա այստեղ, կանի ամեն ինչ, որ փրկի Արցախը։

Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն էլ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց․ «Անբարոյականությունը կլինի ամենամեղմ բառը, որ մարդ մանկավարժ լինելով՝ իրեն թույլ կտա գնահատել այդ մոտեցումը։ Մեր պայքարը դրա դեմ է։ Մեր բողոքը նաև նրա համար է, որ ոչ միայն այս իշխանությունների դեմ է, այլ որ ազգային ուժերը կարողանան կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնել»։

Ըստ Մենուա Սողոմոնյանի՝ պարզ է, որ խարիզմատիկ լիդեր չկա, դրա համար, որպեսզի այս ծանրագույն իրավիճակում որոշակի համախմբում, մոբիլիզացիա լինի, հասարակական դիմադրությունը չկորչի, այլ վերականգնվի, անհրաժեշտ է այդ կոլեկտիվ պատասխանատվությունը․ «Մենք այստեղ ենք ոչ միայն այս դավաճանների քայլերը արձանագրելու, գնահատական տալու, բողոքելու համար, այլ գեներացնելու այն արդար հանրային պահանջը, որպեսզի ստացվի կոնսոլիդացիան, այդ կոլեկտիվ պատասխանատվությունը։ Եթե հանրությունը տեսնի այդ կոլեկտիվին, հիասթափությունից ոգևորություն մի քայլ է»։

Ըստ նրա՝ պետք է պայքարը շարունակել․ «Ցավալի է, թևաթափ եղած ենք, բայց չի կարելի վերջին հույսը կորցնել, չի կարելի ասել, որ չպետք է պայքարել։ Պայքարը պետք է շարունակել։ Եթե չենք պայքարում, ապա լինում է Սարդարապատ՝ Երևանից մի քիչ հեռավորության վրա։ Մեծ պատերազմի մի մեծ ճակատամարտը մենք պարտվել ենք, եթե այդ պարտությունը ընդունում ենք ի գիտություն, ու չենք պատրաստվում հաջորդ մեծ ճակատամարտերին, որոնք անպայման լինելու են, հետևաբար այդ մեծ ճակատամարտերը լինում են, ու դրանց էլ պատրաստ չենք լինում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930