Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիքնազ Որսկանյանն ընտրվեց Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն

Սեպտեմբեր 20,2023 16:18

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Հերիքնազ Վանիկի Որսկանյանը։

Հերիքնազ Որսկանյանը ծնվել է 1970 թ-ին։ 1994 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտացմամբ։ 1994-1997 թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 2006 թ-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Հերիքնազ Որսկանյանը 1993 թ-ից աշխատել է Վաղարշապատի թիվ 9 և թիվ 7 դպրոցներում։ 2015-2022 թթ-ին եղել է Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալն ուսումնական աշխատանքների գծով։ 1998 թ-ից նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 2013 թ-ից ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է, նաև գիտքարտուղարը։ 2015 թ-ից զբաղեցրել է ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը։ 2023 թ-ից ինստիտուտի Հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Հերիքնազ Որսկանյանի գիտական հետաքրքրությունների ոլորտներն են հայ հին և միջնադարյան գրականությունը և հայ նոր գրականությունը։ Նա հեղինակ է 1 մենագրության՝ «Ներսես Շնորհալու պոեմները», 33 հոդվածի։ Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների:

2015 թ-ին Հերիքնազ Որսկանյանը ստացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը, իսկ 2018 թ-ին պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Վաստակագրով։

Հերիքնազ Որսկանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 2023-2026 թթ-ի զարգացման ծրագիրը։ Նա նշեց, որ ինստիտուտի զարգացման ռազմավարական ուղղություններն են ազգային ինքնության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետազոտությունների խթանումը, հայ գրականության միջազգային ճանաչելիության բարձրացումը, միջազգային համագործակցության ամրապնդումը, միջգիտակարգային ուսումնասիրությունների, երիտասարդ գիտնականների պատրաստվածության զարգացումը, ինստիտուտի հետազոտությունների թվայնացման և հանրայնացման մակարդակի բարձրացումը:

«Մենք նպատակ ունենք իրականացնել Արցախի թեմային նվիրված հետազոտություններ, հրատարակել «Հայ գրականության պատմության», հայ դասականների երկերի ակադեմիական հատորներ, գրողների կյանքի և ստեղծագործության տարեգրություններ, ապահովել համագործակցություն գիտական կենտրոնների և թանգարանների հետ», – ասաց Հերիքնազ Որսկանյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930