«Պայմանները, որոնք դրվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման համար, փաստացի նշանակում է կապիտուլյացիա – դեմիլիտարիզացիա, այսինքն` զենքի հանձնում, Պաշտպանության բանակի լուծարում, ինչպես նաև Ադրբեջանին ինտեգրում: Սա ունի մի շարք բաղադրիչներ՝ սկսած կառավարման ադրբեջանական համակարգից մինչև ադրբեջանական անձնագրեր և կոմունալ ծառայություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Նաիրա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկը՝ կրակը դադարեցնելու մասին:
Հայտնի է նաեւ, որ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Եվլախում, տեղի է ունենալու Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Քննարկման օրակարգն է՝ «… Ձեռք է բերվել համաձայնություն ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման և լիակատար զինաթափման, ինչպես նաև շուտափույթ ուտիլիզացիայի նպատակով Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին։
Վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը, որ բարձրացված է ադրբեջանական կողմից, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպմանը, որ տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թ․ սեպտեմբերի 21-ին, ինչպես նաև հաջորդական հանդիպումներում»։
Կարդացեք նաև
«Ցավալի է, այս ամենը կանխատեսելի էր. 9 ամիս անմարդկային շրջափակումից հետո հերոս, բայց հյուծված ժողովուրդը ենթարկվեց նաև ռազմական ագրեսիայի՝ կրկին զոհեր, վիրավորներ, սարսափ: Անտանելի է, որ մենք այստեղ, Հայաստանում, չկարողացանք իրականությունը հասցնել մարդկանց գիտակցությանը, և ամենամղձավանջային կանխատեսումներն իրականացան:
Ի դեպ, կարծում եմ, որ պատահական չէ նաև ընտրված օրը՝ սեպտեմբերի 21-ը, սպասենք վաղվա հանդիպման ընթացքին: Ամեն բան կախված է նաև հանդիպման արդյունքներից, արդյոք հնարավոր կլինի՞ ժամանակ շահել և վերջապես սկսել գործել: Եվ իրոք սա վերջը չէ: Արցախին տիրելով, Ադրբեջանը չի հագենալու, նա ունի մեծ ծրագիր: Մեր փոխարեն ոչ ոք չի պաշտպանելու մեր տունը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա, Արցախը հերոսական դիմադրությունից հետո, չունենալով թիկունք, ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ համաձայնություն տվեց հանդիպելու Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ. «Սա սպասելի էր, քանի որ Արցախը մնացել է մեն-մենակ ամբողջ աշխարհի դեմ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը՝ Հայաստանի եւ Արցախի նոր իշխանությունների հետևողական դիվանագիտական աշխատանքի շնորհիվ թաղվեց, 2020 պատերազմի թե ընթացքը և թե հետագա փաստաթղթերի տրամաբանություն բերեց այս օրվան: Արցախը փրկելու և հայկական պահելու հնարավորություն այս իշխանությունների օրոք ուղղակի չկար, բոլոր հնարավոր քայլերի իրացման համար պետք էր կամ պաշտոնական իշխանություն, կամ համայն հայության համախմբում, ինչը, մեծ ցավով արձանագրենք, տեղի չունեցավ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ