Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը հասան իրենց երկար երազած հանգուցալուծմանը». Կարեն Վրթանեսյանը՝ կապիտուլյացիայի հայտարարության մասին

Սեպտեմբեր 20,2023 14:48

Շրջանառվում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի հայտարարության տեքստը, որում մասնավորապես ասվում է.

«1․Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել համաձայնություն 2023 թ․ սեպտեմբերի 20-ի ժ․ 13։00-ից կրակի ամբողջական դադարեցման մասին։

2․Ձեռք է բերվել համաձայնություն ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման և լիակատար զինաթափման, ինչպես նաև շուտափույթ ուտիլիզացիայի նպատակով Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին։

3․Վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը, որ բարձրացված են ադրբեջանական կողմից, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ կքննարկվեն տեղի հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպմանը, որ տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թ․ սեպտեմբերի 21-ին, ինչպես նաև հաջորդական հանդիպումներում»։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ՝ պնդելով, որ թեեւ հիշատակվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասին, բայց բազմիցս ասվել է, որ 2021-ի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի:

Կարեն Վրթանեսյան

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նույնպես նախ տարակուսեց՝ ինչո՞ւ է հիշատակվում ՀՀ զինված ուժերի մասին, հետո ասաց. «Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը այս փուլում հասան իրենց երազանքին, հասան երկար երազած հանգուցալուծմանը: Եվ սիմվոլիկ օր էլ ընտրել են՝ սեպտեմբերի 21»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930