Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը Արցախից հնչող հայտարարության մասին․ «Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն եւ կշարունակենք հետեւել զարգացումներին»

Սեպտեմբեր 20,2023 14:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեսաուղերձով հանդես եկավ։ Նա, անդրադառնալով Արցախի իշխանությունների՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կրակի դադարեցման մասին առաջարկին, ասաց․ «Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման մասին։ Սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին»։

Շարունակելով` Փաշինյանն ասաց․ «Մենք ծանոթացանք տեքստին, ու քանի որ տեքստի ձեւավորմանը Հայաստանի Հանրապետությունը որեւէ կերպ չի մասնակցել եւ քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետեւյալն է՝ տեքստում հիշատակվում է ՀՀ ԶՈՒ-ն եւ խոսվում է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրս բերման մասին։ Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք՝ 2021 թվականի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։ Բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը եւ ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումը ընդունում ենք ի գիտություն»։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդրին, ասաց՝ տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ եւ այլեւս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը․ «Ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, ապրելու արժանապատիվ եւ անվտանգ։ Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած, մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա։ Մենք հույս ունենք, որ նման քայլ անելով՝ ՌԴ խաղաղապահ զորախումբն ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված նախորդ շրջանում մենք ունեցել ենք որոշակի վերապահումներ։

Իմ արձագանքն այն է, որ ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, եւ իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է՝ եթե հնարավոր լիներ ՀՀ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ինքնիշխանությունը։

Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն եւ կշարունակենք հետեւել զարգացումներին։ Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ Լեռնային Ղարաբաղից, հետեւյալն է՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել է եւ մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, որովհետեւ առավել եւս այս պայմաններում կայունությունն ու ռազմական գործողությունների դադարը շատ կարեւոր է եւ մենք կշարունակենք հետեւել իրադարձություններին եւ եթե լրացուցիչ գնահատական եւ լրացուցիչ ասելիք ունենանք այս առումով՝ անպայման կկիսվենք ձեզ հետ։

Հիմա ամենակարեւոր հարցն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից եւ գործնական առումով մենք կհետեւենք իրադարձություններին։ Իհարկե, նաեւ որոշակի գուցե մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրավիճակի հետ կապված»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930