Լրահոս
Օրվա լրահոսը

«Կազմեք շտաբներ, հատուկ կառույցներ, որ կարողանաք փախստականներին տեղավորել, գոնե հասկանո՞ւմ եք, որ 120000 հայերը տեղահանվելու են Արցախից»․ Վահրամ Սահակյան

Սեպտեմբեր 20,2023 14:25

«Եվ հանրությունը, եւ քաղաքական գործիչները պետք է հասկանան եւ շատերն արդեն հասկացել են, որ պաթետիկ կոչերի, Արցախ, Արցախ գոռալու եւ հակադավաճանական լոզունգներ արտաբերելու փոխարեն՝ ժամանակն է զբաղվել գործով: Իսկ գործը ո՞րն է: Ցանկացած մարդ, օրինակ` ես, հասկացել էի դեռ այս տարվա մարտի սկզբներից, որ Ալիեւը այդ գործողությունը կատարելու է, նա պետք է վերցնի Արցախը, քանի որ Արցախն անցյալ տարվանից Հայաստանի Հանրապետության կողմից հայտարարվել է Ադրբեջանի տարածք…

Ես ասել եմ , որ եթե Ալիեւը ոտնձգություններ կատարի Արցախի հանդեպ, նա ոտնձգություններ չի կատարում Արցախի նկատմամբ, նա իր՝ Ադրբեջանի տարածքում, Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքում ներկայացնում է, որ սահմանադրական կարգն է վերականգնում: Իհարկե, դա շատ վատ է, բայց ինքը ինչ կուզի՝ կանի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց բեմադրիչ Վահրամ Սահակյանը:

«Ես երկար ժամանակ ասում էի՝ շրջափակում բառը մի օգտագործեք, դա Արցախի շրջափակում չէ, այդ պաթետիկան վերջացրեք՝ Արցախը շրջափակված է, մարդիկ տառապում են, հայու ոգի եւ այլն…Մեր ժողովրդի պարտության առաջին նախապայմանը հենց պոռոտախոսությունն է: Երեւանում նստած, դու ինչ իրավունք ունես գրել՝ Արցախը կդիմանա, օգնություն չի վերցնի, սոված կմնա, բայց կհաղթի: Լինի ֆեյսբուքյան օգտատեր կամ տաքսու վարորդ…

Ինչ վերաբերվում է ցույցերին, առաջին օրվանից բոլորին մասնակցել եմ, հիմա չեմ մասնակցում, որովհետեւ այնտեղ չեմ կարողանում դիմանալ, վատ եմ զգում, երբ տարբեր տեսակի մարդիկ իրենց նետում են ամբիոն ( նկատի չունեմ բոլոր ընդդիմադիրներին) ու ասում են՝ մեր Արցախը, մեր եսիմ ինչը, սա դավաճան է, պետք է հեռացնենք եւ այլն…

Ես՝ Վահրամ Սահակյանս, ասում եմ մի բան՝ եթե այսքան ժամանակ չեք հասկացել, թե ինչ պիտի աներ Ադրբեջանը, ինչ պիտի աներ Ալիեւը Էրդողանի հետ միասին ու հիմա զարմացած եք, դե հիմա ձեզ հավաքեք, կազմեք շտաբներ, հատուկ կառույցներ, որ կարողանաք փախստականներին տեղավորել, գոնե հասկանո՞ւմ եք, որ 120000 հայերը տեղահանվելու են Արցախից:

Դուք տեսել եք որեւէ քաղաքական գործիչ, որ ասի՝ մենք պարտվել ենք, մեր ստորացել ենք, մենք նսեմացել ենք, չեն ասում, միայն ասում են՝ մենք կհաղթենք, հետ ենք բերելու հողերը, Սարդարապատ եւ այլն, դա նշանակում է թշնամի, դա նշանակում է, ոչ միայն չգնահատել իրավիճակը, թե ինչ է կատարվել, կատարվում եւ կատարվելու քո երկրում, այլեւ լինել նույն պոռոտախոսը, նույն հողը հետ բերողը, ոչ մի թիզականը, որոնց պատճառով էլ եղավ այս ամենը»,-նշեց Վահրամ Սահակյանը։

Նրա խոսքով. «Պատմության ընթացքում այն հայը, որը մտածել է դիվանագիտությամբ, խելքով կհասնի հաջողությունների, նրան անվանել են դավաճան, մինչդեռ՝ ով իսկական դավաճան է եղել, հետո են հասկացել, որ դավաճան է: Չնայած այսպիսի դավաճանություն, որ հիմա է, ոչ մի երկրի ու Հայաստանի պատմության մեջ չի եղել եւ չի լինի »:

Վահրամ Սահակյանը նաեւ նշեց, որ հենց այս օրերի համար փոխել է իր ներկայացումը՝ «Հենց այսօրվա հայը» տրագիկոմեդիան, շեշտեց, որ այն չեղարկված չէ, եւ կայանալու է հոկտեմբերի 5-ին. «Բոլորին հրավիրում եմ, քանի որ բան ունեմ ասելու»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930