Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված արցախցիներն այսօր դիմեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ պահանջելով կանգնեցնել Արցախի դեմ ադրբեջանական հարձակումը։
Դեսպանատան աշխատակիցներն ընդունեցին արցախցիների ներկայացուցիչներին։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը հանդիպումից հետո «Առավոտին» ասաց, որ ԱՄՆ-ն մեկ զանգով կարող է կանգնեցնել Արցախի ցեղասպանությունը։ «Երկրորդ, ԱՄՆ-ն ուղղակի պարտավոր է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վաղվա նիստում պարտադրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի Արցախի դեմ գործողությունները ճանաչվեն որպես ցեղասպանություն, եւ դրանից բխող բոլոր քայլերը ձեռնարկվեն։ Ասացին, որ մեզ պատասխան կտանք, սպասում ենք։ Իմ ընտանիքի 5 անդամներն այսօր Ստեփանակերտի նկուղներում են, եւ ես շատ քիչ ինֆորմացիա ունեմ նրանց մասին, որովհետեւ կապը խաթարված է, լույս չկա»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Մեր պահանջն ու ակնկալիքն այն է, որ ԱՄՆ-ն պետք է ուշքի գա, հասկանա, որ այս ժողովուրդը դեմոկրատական արժեքներ դավանելու համար տանջվում է երկու բռնապետական պետությունների ձեռքին։ Եվ պետք է հասկանան, որ մենք իրենք մեղսակից կհամարենք, դա իրենց պարզ ասել ենք։ Նաեւ հայտարարել ենք, որ դեսպանատան աշխատանքը խաթարելու ենք, մեր Սփյուռքին էլ կոչ ենք անելու հայտարարել, որ Ամերիկան ցեղասպանության հանցակից է՝ ռուսների ու թուրքերի հետ միասին։ Ասացի՝ Պուտինը ոնց Հաագայի դատարանում դատվել է ուկրաինացի երեխաներ գողանալու համար, արցախցի երեխաներին էլ են գողանալու, տանեն Ռուսաստանի խորքը։ Եթե դուք պետք է համաձայնեք, որ Արցախը տարհանվի, դուք ինքնաթիռներ տարեք, գոնե ժողովրդին տեղափոխեք Հայաստան, որ չգնան գերության»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ