Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տղամարդկանց ստեղ թողնենք դուրս գա՞նք, չի լինի». Ալվինա Ներսեսյան

Սեպտեմբեր 20,2023 13:12

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչները հիմնականում ապաստանել են բնակելի շենքերի նկուղներում, իսկ տարբեր շրջաններից տեղահանված եւ Ստեփանակերտ տեղափոխված արցախցիները՝ պետական հիմնարկ-ձեռնարկությունների ապաստարաններում:

Շուշեցի Ալվինա Ներսեսյանը, որը 2021 թվականի պատերազմից եւ Շուշիի հանձնումից հետո, ամուսնու եւ երկու որդիների հետ բնակվում էր Ստեփանակերտում, քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ամբողջ շենքով տեղափոխված ենք նկուղ, ռմբակոծության ձայներն ընդհանրապես չեն կտրվում: Ոչ մի ձեւով չենք կարողանում կապ հաստատել ծանոթ-բարեկամների հետ, որովհետև ինտերնետային կապը վատ է, դե հեռախոսային կապի մասին էլ չենք խոսում: Հիմա էլ, որ խոսում եմ, կարող ես լսել… խփում են..»:

Կապն ընդհատվեց:

Ավելի ուշ, երբ կապը նորից վերականգնվեց, հետաքրքրվեցի՝ ուտելու բան ունե՞ք:

«Не особо»,-եղավ պատասխանը:

Մարդիկ վախեցա՞ծ են, խուճապ կա՞՝ հետաքրքրվեցի:

Տեւական լռությունից հետո զրուցակիցս կրկին արձագանքեց՝ ասելով, որ այո, վախեցած են, որովհետեւ հասկանում են՝ «սա վերջն է»: Բայց խուճապ, ասաց՝ չկա. «Սառած, սարսափած»:

Ադրբեջանից, Հայաստանից, տարբեր երկրներից բնակչության դուրս գալու համար հումանիտար միջանցք տրամադրելու մասին հայտարարություններ են անընդհատ հնչում. հարցրեցի՝ մարդիկ ինչպե՞ս են դրան վերաբերվում:

«Ո՞նց, ամեն տեղից կտրած են: Մենք չենք լսել: Ու մեր տղամարդկանց ստեղ թողնենք դուրս գանք՞, չի լինի»,- Ալվինայի հետ խոսակցությունը կրկին ընդհատվեց:

Ալվինայի հետ ընդհատված զրույցից որոշ ժամանակ անց, ստեփանակերտցի մեկ այլ ծանոթուհիս, Ալիսիան, տեղեկացրեց՝ «Մի տասը րոպե է կրակոցները դադարել են»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930