«Հենց հիմա շարունակում են սպանել մարդկանց․ ահասարսուռ կադրեր են գալիս։ Լայվ նայում ենք ցեղասպանությունը։ Նման բան լինել չի կարող։ Պահանջելու ենք ՀՀ կառավարությանը հայտարարել ռազմական դրություն, ողջ ազգի ներուժը միավորենք ու այնպես անենք, որ Արցախը մերը մնա, արցախցիները ողջ մնան, հայի անձնագրով մարդիկ ողջ մնան»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։
Նշենք, որ «Ազատազէն»-ը դիմում է ՀՀ քաղաքացիներին սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, հավաքվել Գ. Նժդեհի արձանի մոտ միասին քննարկելու հետագա անելիքները։
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է իրենց գործողությունների պլանը, նա պատասխանեց․ «Ամենակարևորը, չենք մոռանում, որ ռազմամարզական կառույց ենք․ 44-օրյա պատերազմից հետո երեք անգամ էլ տարբեր զորացրումներ են եղել, մեր անդամներով մասնակցել ենք։ Երբ մի տեղ թշնամին որոշում է այս կամ այն հողերից զրկել մեզ, մեր առաքելությունն է գնալ, պայքարել։ Հիմա այդ ամենի շանսը չկա․ ՀՀ-ն լուռ հետևում է, թե ոնց են Արցախը վերցնում, արցախցիներին սպանում ու հայի անձնագրով մարդկանց սպանում։ Այս երեքը հատուկ շեշտում եմ, քանի որ տարբեր խմբեր տարբեր կերպ են պատկերացնում հայի՝ պատասխանատու լինելը։ Բոլոր խմբերն էլ պետք է պատասխանատու լինեն․ հայ է սպանվում, մենք հանդուրժում ենք։ Մեր անդամներից մի աղջիկ իր ընկերուհու նամակը ուղարկեց, որը պատմում էր, որ երեխային գիրկը փախչելիս թուրք զինվորներ է տեսել ու ողջ մնացել։ Տենց պատմություն կա Գուրգեն Յանիկյանի մասով, թե ոնց է նրա մայրը Գուրգենին գրկած փախել այն ժամանակ, երբ եղբորը մորթում էին։ Ցեղասպանությունը պոզով-պոչով չի լինում, չնայած մեր զորքերը հերոսաբար կռվում ու պահում են մեկին ութսուն տարբերությամբ։ Բայց դա երկար շարունակվել չի կարող։ Բոլորին պարզ է։ Մենք դառնալու ենք հանդուրժող հայերի սպանության։ Հիմա էլ ձեզ հետ խոսելիս հանդուրժողներ ենք։
Դրանից հետո իմաստազրկվելու է մեր կյանքը, մեր գործունեությունը, ռազմամարզականներն ընդհանրապես ծիծաղելի բան են դառնալու։ Այդ ժամանակ գալու է այսպես կոչված «տանք պրծնենքականների» պատասխանի ժամանակը, որ շարունակությունն են մորթելու։ Մենք մի անգամ արդեն Արցախից դուրս ենք եկել Քարվաճառով՝ պահելով Թաղավարդը, Կարմիր շուկան, ու 20 հազար փրկելու հույսով։ Հիմա տեսեք՝ ինչ օրն ենք ընկել։ Այն ժամանակ չէինք պատկերացնի։ Եթե ես պատկերացնեի՝ այս օրն ենք ընկնելու, երդվում եմ, թե դուրս գայի էնտեղից։ Եվ հիմա, եթե հանդուրժենք, երեք տարի հետո նենց վատ օրն ենք ընկնելու, որ ամենավատը երազում չենք պատկերացնի։ Հենց այսօր պետք է դա փոխվի»։
Կարդացեք նաև
Իշխան Գևորգյանի համոզմամբ՝ ՀՀ կառավարությունը պետք է ռազմական դրություն մտցնի։ Հարցը միասնական, ամբողջ երկրով պետք է լուծել։
Մեր այն փաստմանը՝ ՀՀ կառավարությունը խաղաղության օրակարգ ունի, Իշխան Գևորգյանն արձագանքեց․ «Մեր կառավարությանը ընտրել ենք մենք՝ մեզնից ոմանք փողոցներ փակելով։ Մեր կառավարությունը մեր կամքը կատարելու համար է։ Եթե պարզվի, որ ողջ ազգն ուզում է, որ խաղաղության օրակարգը փոխենք արժանապատիվ խաղաղության օրակարգի, կլինի, եթե պարզվի՝ այդ ամենն ուզում ենք ես ու ընկերներս, ուրեմն մենք կմնանք փոքրամասնություն, կմտածենք այլ ճանապարհով ոնց ենք սրա տակից դուրս գալու։ Բայց չեն կարողանալու այս ամենը տեսնելով, լուռ վերապրելով՝ հետո ապրել։ Իրենց երեխաները իրենց չեն ներելու, կախվելու են, ինքնասպան են լինելու, թմրամոլ են դառնալու։ Աշխարհն այնպիսին է, որ նման բաներն անմարսելի են։ Բոլոր այն մարդիկ, որոնք գիտակցում են, որ երկիրը միայն ստորագրելով չի պահվում, որ դեմ ենք Արցախը տանք, կամ ցույցերով, այլ պատրաստ են, որ այս ցույցերի հետևանքով գնանք, նաև զենքով տեր լինենք, որ չսպանեն հայերին, կոչ եմ անում գան, միավորվենք, լուծենք։ Հետո ոչ մենք ենք մեզ ներելու, ոչ սերունդները, ոչ էլ մեր էրեխեքը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ