Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ նրանք փորձել են ԼՂ-ից տարհանել կանանց և երեխաներին. ՄԻՊ

Սեպտեմբեր 20,2023 12:16

Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։

Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում կայանված մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապ օգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:

Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին։

Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։  Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Պաշտպանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930