Գիշերը ոստիկանությունը ցրել է Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ ցույցը: Հիշեցնենք, երեկ երեկոյան մի խումբ քաղաքացիներ ցույց էին անում նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ ՌԴ-ից պահանջելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները եւ ապահովել արցախցիների խաղաղ, անվտանգ ապրելու իրավունքը: Ավելի ուշ ցուցարարները շրջափակել էին դեսպանատուն՝ փակելով ելքերն ու մուտքերը:
«Գիշերը, երեւի ժամը 3-ի կողմերը, մի քանի հոգի ձերբակալել են՝ իբրեւ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու, ոստիկանության ներկայացուցիչների օրինական պահանջին չենթարկվելու համար»,- մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ցուցարարներից Կարեն Սարգսյանը՝ հավելելով, որ 4-5-ի դրությամբ դեսպանատան մոտ կամ մարդիկ չեն եղել, կամ դեսպանատունը եղել է բաց:
ՌԴ դեսպանատան մոտ այսօր ցույց կլինի՞, թե՝ ոչ, դեռ հայտնի չէ:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը լրատվամիջոցներին փոխանցել է, որ ՀՀ կառավարության շենքի եւ ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցերի 16 մասնակից է բերման ենթարկվել. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքների համար ՀՀ կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 11 անձ, իսկ ՌԴ դեսպանատան մոտից` 5 անձ»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասներ ոստիկանության պաշտոնյան չի հայտնել:
ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Ալեքսանդր Գուչկովն էլ ավելի վաղ ArmeniaSputnik-ին փոխանցել էր, որ ՌԴ դեսպանատան նորմալ գործունեությունը անհնարին է, այն ամբողջովին շրջապատված է. «Կապի մեջ ենք Հայաստանի իրավասու մարմինների հետ, նոտա ենք հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի միջոցներ ձեռնարկեն վերականգնելու դեսպանության բնականոն գործունեությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ