Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական բանակը պետք է հասնի Պռոշյան փողոց, որ հասկանանք՝ պատերազմը մե՞զ է սպառնում նաև». Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 20,2023 10:49
Zolyan

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ Հայաստանի ղեկավարության անընդմեջ զիջումները հասցրին այս վիճակին, որ Ադրբեջանն այսօր ինչ ուզում` անում է Արցախում, անունը դնելով «հակաահաբեկչական գործողություն»: «Ի սկզբանե Արցախի կարգավիճակի, Հադրութի հարց էր քննարկվում, բայց գործող ղեկավարությունն այնքան եւ պարբերաբար զիջեց՝ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրում, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն եւ այլն, որ Ալիեւին իրավունք տվեց ցանկացած գործողություն կատարել Արցախում: Չէ՞ որ դա իր տարածքն է` ըստ այս իշխանությունների»։ Տարօրինակ էր, որ Փաշինյանը վերջին շաբաթներին միտումնավոր փչացնում էր հարաբերությունները դաշնակիցների հետ, որպեսզի դրանից օգտվեն մեր թշնամիները, բոլոր քայլերն այն ուղղությամբ էին, որ Փաշինյանը հակառուսական եւ հակաիրանական դաշինքի մեջ է մտնում, Էրդողանին դարձնում Արցախի խնդրի կարգավորման միջնորդ․ քաղաքագետը չի պնդում, որ Փաշինյանն այդպիսով «կանաչ լույս» էր վառում թշնամիների առջեւ, բայց գործողություններից կարելի է կարծիք կազմել, որ չի ակնկալում դաշնակիցների օգնությունը: Արցախում ռուս խաղաղապահների այսօրվա պահվածքը, թերեւս, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է․ «Հայաստանում ԱՄՆ զինուժի ներկայությունը՝ թեկուզ սիմվոլիկ, կարող էր եւ զգայուն խնդիր դարձավ դաշնակիցների համար, Ուկրաինա այցը… այնինչ ես տեղեկություններ ունեի, որ ռուսները լուրջ ծրագրեր ունեն՝ տարածաշրջանում երկարատեւ մնալու, Արցախում տներ էին կառուցում։ Բացի այդ, երբ ՀՀ ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ռուսներն այնտեղ առանձնապես անելիք չեն կարող ունենալ։ Եթե ՀՀ-ն իր զորքը դուրս է բերել Արցախից եւ Ադրբեջանից որեւէ երաշխիք չի պահանջել, որ չեն դիմի ռազմական ուժի, ՌԴ խաղաղապահներն ի՞նչ կարող են անել»։

Զոլյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը կարելի է նաեւ ռուսական ծրագրի տապալում համարել․ «Որովհետեւ ռուսական ծրագրով պետք է որոշվեր ԼՂ կարգավիճակը՝ որպես նույն այդ զորքի մնալու պատրվակ կամ պատճառաբանություն»։ Եվ քանի որ Փաշինյանը երեկվա լայվում էլ ուղերձ հղեց, որ ձեռքերը լվանում է Արցախից, եւ իրենից պետք չէ օգնություն ակնկալել, ուստի, Զոլյանի խոսքով, միամիտ է նման իրավիճակում այլ տերությունների աջակցությունն ակնկալելը։ Հետեւաբար, Արցախում էթնիկ զտումն այլեւս անխուսափելի է։ «Պահանջել որեւէ մեկից՝ նման պարագայում մնալ Արցախում, խելամիտ չէ, սա էթնիկ զտման սկիզբն է»,- ասում է քաղաքագետը։ Զոլյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ ով իրեն համոզեց առանց երաշխիքների Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․ «Կա՛մ պետք է ասի, որ ինքը մեծագույն հիմար է ու առանց երաշխիքների է ճանաչել՝ ո՛չ միջազգային դիտորդների տեղակայման, ո՛չ այլ պայմաններ է դրել, կա՛մ իրեն համոզել են: Թող ասի` ով է համոզել»։

Զոլյանը տարակուսած է Փաշինյանի հայտարարությունից, թե ՀՀ-ին փորձում են ներքաշել պատերազմի մեջ. «Ադրբեջանական բանակը պետք է հասնի Պռոշյան փողոց, որ հասկանանք՝ պատերազմը մե՞զ է սպառնում նաեւ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930