«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը և Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ, ուր դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ և հորդորել դադարեցնել ամերիկյան օգնության տրամադրումը Ադրբեջանին:
Երկու բարձրաստիճան սենատորները իրենց նամակում իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին «անհապաղ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղում և հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի չեղարկի Ազատության Աջակցության ակտի 907-րդ բանաձևը»:
Սենատորներն ընդգծել են, որ «Ադրբեջանը զրկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ տեղաշարժվելու և առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի հասանելիության իրավունքից: Ալիևի վարչակարգի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ Ադրբեջանը, կարծես թե, մտադիր է Լեռնային Ղարաբաղում գտնվող էթնիկ հայերին հեռացնելու տարածաշրջանից ցանկացած միջոցներով»:
Սենատորները պետքարտուղարությանն են կոչ անում ամբողջությամբ կատարել և չհրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջներից և դադարեցնել ԱՄՆ-ի հետագա օգնությունը Ադրբեջանին՝ նշելով. «Հաշվի առնելով ադրբեջանական նոր ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը՝ մենք այլևս չենք հավատում, որ 907-րդ բանաձևի հրաժարման երկարաձգումը կարող է արդարացված լինել, և կոչ ենք անում ձեզ հրապարակայնորեն հայտարարել այդ մասին:
Կարդացեք նաև
Սենատորներն իրենց նամակում կոչ արեցին վարչակազմին խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները և ջանքեր գործադրել՝ վստահ լինելու համար, որ չկամն խոչընդոտներ մարդասիրական օգնությունը տարածաշրջան հասցնելու համար։
«Շնորհակալություն այս խնդրանքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և ակնկալում ենք ձեր արագ պատասխանը»,- եզրափակել են սենատորներն իրենց նամակում։