«Ամերիկայի ձայն»․ ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Դեմոկրատ սենատոր Ջաք Րիդ. «Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի այդ ռազմական գործողությունները: ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է օգնեն բարելավել հումանիտար իրավիճակը տարածաշրջանում և նպաստեն խաղաղ կարգավորմանը»։
Ներկայացուցիչների տան անդամ, դեմոկրատ Դոն Բեյեր. «Ադրբեջանական հարձակումները Ստեփանակերտում և շփման գծի երկայնքով խաղաղ բնակչության նկատմամբ ահավոր են: Ադրբեջանի՝ սրվող հռետորաբանությունը և Լաչինի միջանցքի ադրբեջանական արգելափակումը հումանիտար այս ճգնաժամն ավելի սարսափելի են դարձնում: ԱՄՆ-ը պետք է ներգրավվի բոլոր մակարդակներում՝ դադարեցնելու ռազմական գործողությունները»:
Սենատոր, հանրապետական Բիլ Քյասըդի. «Ադրբեջանը պետք է դադարեցնի այս հարձակումը»:
Կարդացեք նաև
Սենատոր, դեմոկրատ Դեբի Ստաբենոու. «Նախ, Ադրբեջանը շրջափակում է Լեռնային Ղարաբաղը՝ սովի մատնելով հայերին և մի քանի ամսով սահմանափակելով նրանց ազատ տեղաշարժը։ Այժմ Ադրբեջանը հարձակում է սկսել խաղաղ բնակչության նկատմամբ։ Խստագույնս դատապարտում եմ դա և կանգնած եմ Միչիգանի հայ համայնքի կողքին»։
Ներկայացուցիչների տան անդամ, դեմոկրատ Բիլ Քիթինգ. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառումն անընդունելի է և խաթարում է խաղաղ բանակցությունները, որոնց նպատակն էր կարգավորել հարաբերությունները՝ միաժամանակ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղում մարդկանց իրավունքներն ու ազատությունները։ Պետք է վերջ տրվի ռազմական գործողություններին, [անցում արվի իրավիճակի] լիցքաթափմանը և դիվանագիտական լուծմանը»: