Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք տենչայինք ամեն գնով քաղաքապետի աթոռին, մենք կգնայինք կոալիցիոն հուշագրի ստորագրմանը»․ Իզաբելլա Աբգարյան

Սեպտեմբեր 20,2023 09:00

«Մենք դիմում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին և ասում, որ այս հանգրվանում շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունը թույլ չտա, որ ընտրվի իշխանության ներկայացուցիչը՝ այսինքն՝ Ավինյանը։ Սա է առաջին օրակարգը, որը պետք է բոլորին այս փուլում միավորի։ Կարծում եմ՝ այստեղ է հարցը։ Ոչ թե կոալիցիաների մասին պետք է խոսք լինի, այլ ամեն գնով ապահովել, որպեսզի չընտրվի Տիգրան Ավինյանը, սա է այս փուլում ամենակարևորը»,- Aravot.am-ի փաստմանը՝ մյուս ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա չկազմելու համար քննադատվում է «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և հարցին՝ ի՞նչ սկզբունքներից ելնելով եք եկել այն որոշմանը, որը հայտարարեց Հայկ Մարությանը, այսպես պատասխանեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի ավագանու անդամի թեկնածու Իզաբելլա Աբգարյանը։

Հիշեցնենք՝ նրանից հետո, երբ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 3 քաղաքական ուժերին՝ «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններին եւ «Մայր Հայաստան» դաշինքին դիմեց երկու առաջարկով՝ կամ գալ եւ առանց վերապահումների քվեարկել իր թեկնածության օգտին, կամ էլ գնալ նոր արտահերթ ընտրությունների, նրա հասցեին մի շարք քննադատություններ հնչեցին։

Ըստ Իզաբելլա Աբգարյանի՝ մենք հիմա եկել ենք մի հանգրվանի, երբ՝ ըստ էության ընդդիմությունը՝ բոլոր ընդդիմադիր ուժերը, ամբողջ քարոզարշավի ժամանակ քննադատում էին իշխանությանը․ «Դրա համար մենք շեշտել ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք դիրքավորվել են դաշտում՝ որպես ընդդիմություն։ Գիտենք՝ Հանրապետությունը նույնպես քննադատում էր իշխանության կառավարչական հմտությունները և ծրագիր չկատարելը։ Ինչ վերաբերում է կոալիցիաներին․ ինքս բազմաթիվ անգամ այս քարոզարշավի ժամանակ իմ հարցազրույցներում նշել եմ, որ մենք տեսնում ենք ժողովրդի հիասթափություն քաղաքական դաշտից և ցանկության բացակայություն մասնակցել քաղաքական գործընթացներին, ինչը ես նաև պայմանավորում եմ հենց այն հանգամանքով, որ տարիների ընթացքում ժողովուրդը տեսել է անհասկանալի, իրար հակասող ուժերի կոալիցիաներ։ Ինքս երկու անգամ իմ ուժից հիասթափվել եմ, երբ իմ քաղաքական ուժը կոալիցիա է կազմել մի քաղաքական ուժի հետ, որի դեմ ինքս ժամանակին պայքարել եմ։ Այսինքն՝ մենք ընտրողներին տրված խոստումը, այն, ինչ մենք մարդկանց ենք բակում խոստանում, պարտավոր ենք առաջին հերթին մեր ընտրողի առաջ հավատարիմ լինել մեր տված խոստումին և մեր հռչակած սկզբունքներին։

Ես ցավում եմ, որ քաղաքական դաշտում քաղաքական ուժերը բացեիբաց ասում են՝ հանուն նպատակի կարելի է զոհաբերել սկզբունքները և փաստացի խաբել քո ընտրողին՝ թեկուզ մեկ ընտրողին։ Ես կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժ առաջին հերթին պետք է պարկեշտություն դրսևորի իրեն քվե տված մարդկանց առջև և հավատարիմ լինի այն բառին ու տառին, որը նա խոստացել է իր ընտրողին։ Այլ կերպ ասած՝ եթե մենք գնանք երկրորդ փուլ, կունենանք էլ ավելի վատ վիճակ, քանի որ մարդիկ, որոնք մեզ ձայն էին տվել՝ որպես ՔՊ-ին այլընտրանք, որպես հեղափոխությանը մասնակցած ուժ, և հեղափոխության սկզբունքները չկատարելու համար մեղադրող ուժ, մեզ պարզապես չեն հասկանա, և այդ մարդիկ նույնպես կարող է վաղը չգնան ընտրության։ Երբ մենք մտանք քաղաքական դաշտ, այս ընտրություններին մենք բացի այն, որ քննադատում էինք իշխող ուժի՝ քաղաքը ապականելը, մենք նաև ասում էինք, որ մեր գլխավոր նպատակներից է նախկին-ներկա ստեղծված սառույցը ճեղքել և մարդկանց նոր շունչ, նոր ուժ տալ, նոր ելքեր ցույց տալ, այլ տեսակ ցույց տալ։ Ես կարծում եմ՝ դա շատ կարևոր է»։

Հիշեցրինք՝ շատերը մեծ են համարում այն ռիսկը, որ Հայկ Մարությանի այս քայլից հետո նոր ընտրություններ չեն էլ լինի․ հնարավոր է ընդդիմադիր ուժերից, այդ թվում «Ազգային առաջընթացից» դեպի ՔՊ լինի անցում՝ թեկուզ այդ մեկ ձայնը ու հետաքրքրվեցինք՝ այդ ռիսկը գնահատե՞լ եք, Իզաբելլա Աբգարյանն ասաց․ «Իհարկե, գնահատել ենք։ Մենք մեր 14 հոգու վրա ամբողջովին վստահ ենք, և սեպտեմբերի 18–ին ժողովի ժամանակ մենք հենց այդ հարցը դրել ենք, զգուշացրել, որ կարող է կաշառքի փորձ լինի, սպառնալիք, շանտաժ։ Մենք բոլորս տվել ենք այդ հավաստիացումը, որ մեզնից որևէ մեկը ոչ մի դեպքում չի անցնի այն կողմ, նույնիսկ, եթե կյանքի սպառնալիք էլ լինի։ Մենք վստահ ենք մեր 14 -ի վրա։

Բայց եկեք այլ բան հասկանանք։ Այն մտավախությունը, որ ունեն, թե կարող է Տիգրան Ավինյանը ընտրվել, լավ, ասենք ընտվեց, քվորում ապահովելու համար պետք է 33 ձայն։ Առանց քվորումի որևէ քաղաքապետ՝ լինի Մարությանը, Ավինյանը, չի կարողանալու որոշումներ կայացնել։ Օրինակ՝ դեկտեմբերին մենք ունենք բյուջեի ընդունում։ Եթե բյուջեն չընդունվեց, քաղաքապետն արդեն վստահության խնդիր է ունենալու, և էլի նոր ընտրությունների, նոր քաղաքապետ ընտրելու հարց է առաջանալու։ Եթե տեղյակ լինեն, թե ավագանին ինչպես է գործում, կհասկանան, որ այսպես թե այնպես, նույնիսկ, եթե Ավինյանին ընտրեն, չեն կարողանալու առանց քվորումի նիստ անել։ Եվ իշխող ուժը դա շատ լավ հասկանում է։ Նրանց միակ տարբերակը նա է, որ կարողանան ոչ թե մեկ, այլ մի քանի հոգու այս դաշտից տանել, քանի որ նիստի օրը կարող է հենց իրենց անդամներից մեկը հիվանդ լինել, կամ խցանման մեջ լինել, և քվորում չլինի։ Սա է խնդիրը, որ պետք է հասկանան մասնակից ուժերը, որ այսպես թե այնպես ՔՊ-ն այսօր այլևս իշխանություն չունի Երևանում»։

Մեր հակադարձմանը՝ բայց կարող է վերականգնել այդ իշխանությունը, թեև ձեր 14-ի վրա վստահ եք, իսկ մյուս ուժե՞րը, Իզաբելլա Աբգարյանն արձագանքեց․ «Մյուս ուժերը պետք է անեն նույնը, ինչ մենք ենք արել։ Պետք է հավաք կազմակերպեն և ստանան այդ հավաստիացումները, այդ դեպքում ՔՊ-ն որևէ շանս չի ունենա։ Ի վերջո, մեկ ձայնով կարող են ընտրել Ավինյանին, բայց չեն կարողանալու քվորումներ ապահովել։ Սա մեծ հաշվով որպես ավագանու անդամ եմ ասում․ այսպես թե այնպես այս հիսուն-հիսուն կիսվածությունը միանշանակ Երևանի կառավարման ճգնաժամի է բերելու»։

Մեր դիտարկմանը՝ մեկ այլ սցենար էլ է առաջարկվում ՝ կատարել Երևանի քաղաքապետի բաց քվեարկություն՝ հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի, մաս 3-ին, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց․ «Եթե օրենքը դա թույլ է տալիս, չկա երկընտրանք»։

Իզաբելլա Աբգարյանը հստակեցրեց՝ եթե երեք ուժերը՝ «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» և «Մայր Հայաստան», չմասնակցեն Երևանի ավագանու նիստին, քվորում չի լինի, և նիստը չի կայանա։ Նշենք, որ Երևանի ավագանու նիստը նշանակված է հոկտեմբերի 10-ին։

Հարցին՝ իսկ այդ ուժերի հետ այս պահին կա՞ն փակ քննարկումներ, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց․ «Մենք փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել հանրության առաջ»։

Ավագանու անդամի թեկնածուին նաև հիշեցրինք՝ Հայկ Մարությանին և նրա թիմին երեկվանից նաև մեղադրում են նաև Երևանի քաղաքապետի աթոռին ձգտելու, աթոռ ուզելու մեջ՝ նշելով, որ փաստորեն Հայկ Մարությանը ոչ թե երևանցիներին հուզող հարցերի մասին է մտածում, այլ զուտ քաղաքապետի աթոռի, Իզաբելլա Աբգարյանն այսպես արձագանքեց․ «Հակատրամաբանական է այդ մեղադրանքը, որովհետև, եթե մենք անտեսեինք մեզ քվե տված մարդկանց կարծիքը և տենչայինք ամեն գնով քաղաքապետի աթոռին, մենք կգնային կոալիցիոն հուշագրի ստորագրմանը, կբավարարեինք բոլորի պահանջները և կունենայինք մեր աթոռը։ Այսինքն՝ այս մեղադրանքը զուրկ է տրամաբանությունից։ Բացի այդ, ինչպես ես արդեն նշել եմ՝ քաղաքապետի աթոռն այս իրավիճակում, որ ստեղծվել է, աննախանձելի աթոռ է ցանկացած քաղաքապետի համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ․ Գ․ Հարցազրույցն արվել էր մինչեւ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Գիտեք ինչ, երբ Արցախում կենաց-մահու մարտեր են ընթանում, ձեր երազած աթոռը ձեզ մնա, ձեր հավեսը չունենք, հայ տեսակն այս պահին ճղճիմ հարցերով զբաղվելու բարոյական իրավունք չունի։ Ուզում եք կոալիցիա կազմեք, թուղթ ստորագրեք, որ ուժ դառնաք և գոնե Երևանում այս ապազգային քպ-ին իշխանությունից հեռացնեք, արագ արեք դա։ Եթե դա չանեք, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ անեք, դա կդառնա “Կարգին հաղորդման” սերիալ, բայց ոչ հայրենասիրություն։ Հայկո, լավ մտածիր, երկրի ծանր վիճակը հաշվի առ ու գնա համախմբման ճանապարհով։ Օրհասական պահերին հայերիս ամբիցիաները մեր ազգի գլխին միշտ փորձանք են բերել։ Հայկո, եղիր ամբիցիայից առաջին հրաժարվողը – դրանից կշահի ազգը և կշահես դու։ Ինչպես ժողովուրդն է ասում, “փեշիդ քարը թափի” և դու պատմության մեջ իրավմամբ կֆիքսվես ոչ թե որպես “կարգին”- ի Հայկո, այլ իսկական կարգին Հայկո։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930