Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանցավոր արկածախնդրության հետեւանքները

Սեպտեմբեր 20,2023 10:00

Եթե Ռուսաստանը չցանկանա, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, դա տեղի չի ունենա: Դա ճիշտ էր 2016 թվականի ապրիլին, ճիշտ էր 2020 թվականի սեպտեմբերին: Առավել եւս՝ ճիշտ է հիմա, երբ Արցախում, այսպես կոչված, ռուս «խաղաղապահ ուժեր» կան: Ինքնին այդ  բառը հուշում է, որ այդ զինված մարդիկ «խաղաղությունը պահելու», այսինքն՝ մարտական գործողություններ թույլ չտալու համար են: Եթե նրանք չեն կարող կանխել էսկալացիան, ուրեմն նրանք խաղաղապահ չեն, նրանք, լավագույն դեպքում, դիտորդներ են:

Այս անգամ՝ Ադրբեջանի հարձակման պայմաններում Ռուսաստանի մոտեցումը, որն, ըստ էության, արտոնում է թշնամու ցեղասպան գործողությունները, բավականին թափանցիկ է: Այդ դիրքորոշումը բարձրաձայնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա գրում է. «Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին եւ ՌԴ խաղաղապահներին միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Իսկ ի՞նչ անենք պաշտոնական Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով»:

Երբ ադրբեջանական գնդակոծություններից խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ են զոհվում, իսկ ռուս «խաղաղապահները» մատը մատին չեն խփում, նման հայտարարությունները, համաձայնեք, բավականին ցինիկ են հնչում: Ավելի վաղ Զախարովան թվարկել է Հայաստանի «ոչ բարեկամական» քայլերը՝ հայ-ամերիկյան զորավարժությունները, Հռոմի ստատուտի հնարավոր վավերացումը, Կիեւի հետ շփումները:

Նույն ժամանակահատվածում ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, որն Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ դարձել է ավելի շուտ բլոգեր, գրում է Փաշինյանի մասին (անունը չտալով). «Նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում: Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա: Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքների մի մասից: Հետո որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթները ձեռքին վազեց մեր թշնամու մոտ»: (Փակագծերի մեջ հարցնեմ՝ իսկ ո՞վ նպաստեց, որ Փաշինյանը, պարտվելուց հետո, մնա իր տեղում, ո՞վ էր փառաբանում նրա «արիությունը»):

Ռուսաստանի՝ էսկալացիան սադրող դիրքորոշման հետ, մի խոսքով, ամեն ինչ պարզ է: Դժգոհությունների ցուցակը նույնպես հայտնի է: Ի պատասխան այդ դժգոհությունների՝ հայաստանյան իշխանության կողմնակիցներն ասում են. «Լավ է անում Փաշինյանը, աչքն էլ հանում է, մենք ինքնիշխան երկիր ենք»: Ես հաճույքով կմիանայի այդ բացականչություններին, եթե այդ բոլոր քայլերի հետեւանքները մանրակրկիտ հաշվարկված լինեին՝ Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար այլընտրանքներ գտնելու առումով:

Օրինակ, Պրահայում Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ Շարլ Միշելի «քավորությամբ»: Շարլ Միշելը կարո՞ղ է կանխել Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա: Կամ՝ Հայաստանում զորավարժություններ անող ամերիկացի զինծառայողները կարո՞ղ են դիմակայել Ադրբեջանին, երբ այդ երկիրը հաջորդ անգամ հարձակվի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա (որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ դա տեղի կունենա): Ո՛չ, նման հաշվարկներ չեն արվել, քայլերն իրականացվում են էմոցիաների ազդեցության տակ, գուցե հիստերիկ նոպայի պայմաններում: Իսկ դա առնվազն հանցավոր արկածախնդրություն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930