Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ ասվում է.
«Խորապես ցնցված եմ այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում նոր և ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի կառավարության որոշումից: Ժամերի ընթացքում դա հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների: Ես խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակը։
Ամիսներ շարունակ մենք ականատես ենք եղել և կոչ ենք արել վերջ տալ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով տարածաշրջանում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակին։ Անհնար է պատկերացնել, որ հենց այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումների փոխադրման հետ կապված իրավիճակը կարծես բարելավվում էր և հույսի նշույլ էր երևում, Ադրբեջանն ընդունեց ուժի ցուցադրությունը սկսելու այս որոշումը։ Սա, անշուշտ, մեծ հարված է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին:
Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդակների, ինչպես նաև կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ