Կառավարության շենքի առջեւ հանրահավաքին ներկա էին նաեւ Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի եւ ստեղծված իրավիճակից ելքերի մասին Aravot.am-ին ասացին:
Վազգեն Մանուկյան. «Արցախն են վերացնում: Հետո էլ Հայաստանը կվերացնեն: Այսպիսի սարսափելի բան, որ այսպիսի իշխանություն կգա ու Հայաստանն ու Արցախը այսպիսի վիճակի մեջ կգցի, հնարավոր չէր պատկերացնել: Եվ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, իր իրավունքների, անվտանգության տերը չդառնա, կործանված ենք մինչեւ վերջ:
Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է իր ծրագիրը եւ դրա համար կարող է տարբեր պատճառներ, պատրվակներ բերել, արդարացումներ գտնել: Բայց ինքը հետեւողականորեն կատարում է այն ծրագիրը, որն իր առջեւ դրված է: Այսինքն, դատարկել Արցախը արցախահայությունից: Իսկ Հայաստանի ծրագիրը հետեւողականորեն նահանջելն է: Կորցնելու ենք Արցախը, կորցնելու ենք Հայաստանը:»:
Խոսրով Հարությունյան. «Ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, թե այս ամենը ինչի հետեւանքն է: Սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ուղղակի հետեւանքն է: Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո աշխարհի ամենաազդեցիկ խաղացողները փաստում են, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, որովհետեւ բոլորն էլ շատ լավ հասկանում են ռազմական բիրտ ուժի կիրառմամբ կոնֆլիկտը չի կարելի համարել կարգավորված: Այսինքն, բոլորն էլ ենթադրում են, որ մի ինչ-որ պահից պետք է սկսել բանակցային գործընթաց Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Այս սպասելիքները զրոյացրել է Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով, մասնավորապես, որ տեսնում է Ղարաբաղը Ադրբեջանի ամբողջականության կազմում: Ըստ էության, մեր ժողովուրդը կանգնած է 2021 թվականի իր սխալ ընտրությունը շտկելու անհրաժեշտության շեմին: Այլեւս ուրիշ շանս չկա: Մենք դատապարտված ենք ուղղելու այն սխալը, որ արել ենք 2021-ի համապետական ընտրություններում: Ելքը սա է:
Փաշինյանը պետք է հրաժարվի պրահյան իր հայտարարությունից, հրաժարվի տարածքային ամբողջականություն ասելով հասկանալ Արցախը Ադրբեջանի կազմում, պետք է հայտարարի, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, հետեւաբար, բանակցային գործընթացը այլընտրանք չունի: Եվ սկսել բանակցային պրոցես: Նա որպես գործող իշխանություն պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար, որը հետեւանք է իր գործողությունների եւ անգործության: Իսկ եթե դա չի անում, ուրեմն պետք է անպայման հրաժարական տա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ