Առողջության մասին հերթական նյութն եմ փորձում պատրաստել, պրպտում եմ մտքերս՝ գուցե անդրադառնամ խուճապային գրոհներին կամ գրեմ առաջին օգնության կանոնների մասի՞ն։ Հետո հիշում եմ այն զարմանալի մարդկանց, որոնք, քաջ գիտենալով բժշկական այդ բոլոր կանոնները, այսպիսի պահերին ստիպված են լինում անխնա խախտել դրանք՝ իրենց ոգու զորությամբ ու ի հեճուկս բնության օրենքների՝ կյանքեր փրկելով․․․ Կյանքեր փրկելով ու շատ հաճախ իրենց կյանքերն այրելով․․․
Զանգում եմ ընկերուհուս՝ ձերոնցից լո՞ւր կա․․․ չկա, կապ չկա, այնքան բաղձալի օնլայնն ազդանշող կանաչ լույսը չկա․․ բայց անորոշության, ցավի, տագնապի ու վախի զգացումի հետ մեկտեղ կա վստահություն՝ Խաչատուրն ու Նաիրան հիվանդանոցում կլինեն, ինչպես միշտ՝ ինչպես Քառասունչորսօրյայի օրերին ու դրանից առաջ․․․ երբ օրերից մի օր թողեցին իրենց աշխատանքն ու տունը Հայաստանում ու որոշեցին տեղափոխվել Արցախ՝ էնտեղի մաքրամաքուր բնությունում զավակներին մեծացնելու և մարդկանց բուժելու համար․․․ Նրանք այս պահին դժվար թե իրենց ձեռքը հեռախոս վերցնեն՝ նամակ գրելու համար․․․ Ավելի կարևոր գործեր կան․․․
Ու մշուշը մի պահ կարծես ցրվում է, և հասկանում ես, որ քանի Խաչատուրն ու նրա կողքին պայքարող Ճերմակ բանակի բազմաթիվ մարտիկներն այս պահին վիրակապում են մի ամբողջ Արցախ, դու կոտրվելու իրավունք չունես․․․
Հասկանում ես, որ առողջության կարևորագույն կանոնը, որի մասին արժե գրել հիմա, պայքարելու կամքն է՝ ի հեճուկս հիվանդությունների ու արկերի․․․ Լցվե՛նք պայքարելու զորությամբ և փառք ու պատիվ տանք պայքարողներին՝ ճերմակ խալաթով, թե զենքն ու գրիչը ձեռքին։
Կարդացեք նաև
Խաչիկ ջան, պինդ կա՛ց․․․Պինդ կացե՛ք բոլորդ․․․
Մ․Ա․