Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լիլիթ Մակունցի վերաբերյալ սուտ մատնության դրվագը դատարանում է, բայց նա չի հարցաքննվել». Գառնիկ Իսագուլյանի պաշտպան

Սեպտեմբեր 20,2023 13:00

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է սուտ մատնություն. «որը զուգորդվել է Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով»:

Խոսքը Գառնիկ Իսագուլյանի՝ «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում հնչեցվածի մասին է, այն 2021 թվականի սեպտեմբերի 20-ին հրապարակվել է «Youtube» ինտերնետային կայքէջում, «blog.168.am», «168.am» լրատվական կայքերում Իսագուլյանը հարցազրույցի ընթացքում հայտնել է, թե՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու մի շարք այլ անձինք ուսումնասիրվել եւ հավաքագրվել են թուրք-ազերական հատուկ ծառայությունների կողմից, նշել է, որ 2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու իրական հնարավորություն է եղել, սակայն ՀՀ վարչապետը պահանջել է, որպեսզի պատերազմը շարունակվի եւ ՀՀ զինված ուժերն ավելի շատ զոհեր ունենան, ինչի արդյունքում հասարակության մեջ վախի մթնոլորտ կտիրի եւ հնարավոր կլինի Շուշի քաղաքը հանձնել թշնամուն, իսկ «Ստեփան Սուրենի Մելքոնյանը, վախենալով իր զբաղեցրած պաշտոնը կորցնելուց, չի բացահայտել դավաճանական գործողությունները, թաքցրել կամ արխիվներից վերացրել է բոլոր այն փաստաթղթերը, որոնցով փաստվել է, որ մի շարք անձինք գումար են ներկրել Հայաստան հեղաշրջում կատարելու համար»:

2021 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԴ/1265/06/21 որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, ապա 2022 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԴ/1265/06/21 որոշմամբ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մեկ ամսով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 21-ը:

2022թ. մարտի 18-ին դատավոր Վ. Մարգարյանի որոշմամբ՝ կալանքը փոխարինվել է 10 միլիոն դրամի չափով գրավով:

Հիշեցնեմ, որ նույն դատավորը դեռ 2021 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ` մեկ այլ՝ թիվ ԵԴ/1126/01/21 քրեական գործն ընդունել է իր վարույթ, 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ՝ այդ քրեական գործով նշանակվել էր դատական քննություն:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2022 թվականի մարտի 7-ին ստացվել է թիվ ԵԴ/0301/01/22 քրեական գործը՝ «Սուտ մատնության»: 2022 թվականի մարտի 18-ի որոշմամբ՝ թիվ ԵԴ/0301/01/22 քրեական գործն ընդունվել է դատավոր Վ. Մարգարյանի վարույթ, իսկ 2022 թվականի մարտի 18-ի որոշմամբ՝ քրեական գործով նշանակվել է դատական քննություն:

Դատարանի որոշմամբ թիվ ԵԴ/0301/01/22 քրեական գործը միացվեց թիվ ԵԴ/1126/01/21 քրեական գործին եւ դրանք քննվում են մեկ վարույթում:

Երեկ այդ գործով դատարան էին հրավիրվել վկաներ՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ Գարեգին Չուքասզյանը: Դատարանը գրություն էր ստացել միայն Արգիշտի Քյարամյանից, ով պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ դատարանին խնդրել էր իր չներկայանալը համարել հարգելի, ինչը, բնականաբար, միանշանակ չընդունվեց պաշտպան Աննա Ծառուկյանի եւ Գառնիկ Իսագուլյանի կողմից:

«Առավոտի» հարցին, թե վկաների մասով դատարանում մեղադրանքը պաշտպանողներն ասացին, թե ութ վկա կա, որոնք կդատակոչվեն, կծանուցվեն հաջորդ նիստի մասին, արդյոք այդ վկաները նախաքննության ժամանակ եղե՞լ են, հարցաքննվել են, Աննա Ծառուկյանն ասաց. «Այս վկաները դատակոչված վկաներ են: Մենք միջնորդել ենք դատակոչել Լիլիթ Մակունցին, ում վերաբերյալ սուտ մատնության դրվագը դատարանում է, բայց նույնիսկ չի հարցաքննվել, միջնորդել ենք, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննեն, դատակոչեն (Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անցած տարվա հունվարի 7-ին վճռել է, որ Լիլիթ Մակունցի հայցն ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի՝ ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու եւ պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, բավարարել՝ մասնակի: Դատարանը մասնավորապես պարտավորացրել է Գառնիկ Իսագուլյանին համապատասխան լրատվության միջոցներով հրապարակայնորեն հերքել Մակունցի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 23-ի ասուլիսի ընթացքում ներկայացված, www.168.am լրատվական կայքով՝ «Այդ փողերը Վրաստանից Հայաստան են ներկրել Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ…» վերտառությամբ եւ 2020թ. նոյեմբերի 23-ին, ժամը 15:24-ին www.panorama.am կայքով՝ «Գառնիկ Իսագուլյան. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները…» -Ռ.Մ.):

Հարցիս, թե Գարեգին Չուքասզյանի մասին տեղեկացանք այս դատակոչի ցուցակը լսելիս, պաշտպան Աննա Ծառուկյանն ասաց. «Իսագուլյանը Գարեգին Չուքասզյանի անունը չի տվել ասուլիսի ժամանակ, նրանք են որոշել», նշելով նաեւ, որ Սամվել Բաբայանը հարցաքննվել է. «Կկանչենք լրացուցիչ վկաների նույնպես, որոնց անունները մարտավարական առումով չեմ ուզում այս պահին հրապարակել»:

Աննա Ծառուկյանը նախկինում բացարկ էր հայտնել դատարանին, գտնելով, որ սա իրականում քաղաքացիական՝ պատվի, արժանապատվության գործ է, որը քննվում է քրեական վարույթով: Գործը, որն էլեկտրոնային եղանակով չի մակագրվել, ինչը ըստ նրա. «Մենք գործ ունենք օրենքի հիմքով չգործող դատարանի հետ»:

«Առավոտի» հարցին, թե Իսագուլյանին մեղադրանքն առաջադրելիս նույն օրը Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ մնացած դրվագները քննելիս նա եղել է ՀՀ քննչական կոմիտեի պետը,   հարցաքննվե՞լ է, եւ երբ նա դատարան է հրավիրվում այլ կարգավիճակով, շահերի բախում չկա՞, պաշտպանն ասաց. «Միանշանակ կա շահերի բախում» եւ հղում կատարեց ՀՀ քրօրի 105 հոդվածի 4 մասին. «Օրենքով՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել որպես ապացույց, օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել «բացարկման ենթակա անձի մասնակցությամբ, եթե նա իմացել է կամ պետք է իմանար քրեական գործով վարույթն իր մասնակցությունը բացառող հանգամանքների առկայության մասին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930